Աղիքային վարակներ. պատճառներ
15-06-2018
2 րոպե

Աղիքային վարակները կարող են հարուցվել տարբեր տեսակի միկրոօրգանիզմներով կամ միկրոբներով։
Հարուցիչների մի մասը բնորոշ է որևէ կոնկրետ աշխարհագրական շրջանին, մյուսները կարող են հանդիպել աշխարհի գրեթե բոլոր շրջաններում։
Հարուցիչները հիվանդի կամ վարակակրի օրգանիզմից դուրս են գալիս կղանքի կամ երբեմն փսխման զանգվածների հետ և արտազատված հարուցիչներն անսարք կոյուղու, կեղտոտ ձեռքերի, ճանճերի միջոցով կամ այլ ճանապարհներով կարող են հայտնվել ջրի մեջ, սննդամթերքների, կենցաղային և այլ առարկաների վրա, որոնց միջոցով էլ տեղի է ունենում վարակումը։ Աղիքային վարակներով վարակումը տեղի է ունենում մարսողական ճանապարհով, այսինքն՝ բերանով:
Վիրուսներով հարուցված աղիքային վարակներից են՝
- ռոտավիրուս, որը ավելի հաճախ հանդիպում է մանկահասակ երեխաների մոտ և հեշտությամբ տարածվում է հարուցիչները պարունակող փսխման զանգվածների կամ կղանքի միջոցով
- նորովիրուս, որը խիստ վարակիչ է և կարող է հեշտությամբ տարածվել այնպիսի վայրերում, ինչպիսիք են մսուր-մանկապարտեզները, խնամքի կենտրոնները և էքսկուրսիոն նավերը։
Բակտերիաներով հարուցված աղիքային վարակներից են՝
- կամպիլոբակտեր, որը հաճախ կապված է վարակված թռչնամիս օգտագործելու հետ և ավելի հաճախ հանդիպում է երեխաների, մեծ տարիքով մարդկանց, ճանապարհորդների և վատ սնուցվող մարդկանց շրջանում
- սալմոնելա, որը սովորաբար տարածվում է վարակված մսով, թռչնամսով կամ ձվերով
- շիգելա (դիզենտերիա), որը հաճախ հանդիպում է զարգացող երկրներ այցելած տուրիստների ու ճանապարհորդների շրջանում։
Մակաբույծներով (պարազիտներով) հարուցված աղիքային վարակներից են՝
- լյամբլիա, որը տարածվում է վարակված մարդկանց և կենդանիների կղանքով և ավելի հաճախ հանդիպում է մանկահասակ երեխաների, տուրիստների ու ճանապարհորդների շրջանում
- կրիպտոսպորիդիոզ, որը տարածվում է վարակված սննդամթերքներով կամ ջրով
- ամեոբիոզ, որը ավելի հաճախ հանդիպում է երիտասարդների շրջանում և սովորաբար տարածվում է վարակված ջրով կամ սննդամթերքներով։
Աղիքային վարակների ախտանիշների, օրինակ՝ փորլուծության հաճախակի ի հայտ գալը կարող է վկայել այլ հիվանդության, օրինակ՝ դիվերտիկուլիտի, Կրոնի հիվանդության, գրգռված աղու համախտանիշի կամ խոցային կոլիտի առկայության մասին։ Նման դեպքերում դուք պետք է այցելեք ձեր բժշկին։
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021