Skip to content
Աղիքային վարակներ. ախտանիշներ
15-06-2018
2 րոպե

Աղիքային վարակների ախտանիշները կախված են հարուցիչի տեսակից և դրա առաջացրած հիվանդությունից։
Այնուամենայնիվ, հարուցիչի տեսակից անկախ աղիքային վարակները բնորոշվում են որոշ ընդհանրական ախտանիշների զարգացմամբ, որոնցից են՝
- փորլուծություն
- սրտխառնոցի զգացում
- փսխում
- կծկանքային բնույթի որովայնի ցավեր
- ջերմության բարձրացում (կամ տենդ)
- գլխացավ։
Աղիքային որոշ վարակների ժամանակ (օրինակ՝ դիզենտերիա) փորլուծությունը կարող է ուղեկցվել կղանքում կամ ջրային արտաթորանքներում արյան և լորձի հայտնվելով։
Ե՞րբ դիմել բժշկին
Դուք պետք այցելեք ձեր բժշկին, եթե՝
- գանգատներն արտահայտված և անհանգստացնող են
- ունեք բարձր ջերմություն (տենդ)
- կղանքում առկա է արյուն կամ լորձ
- լուծը շարունակվում է ավելի քան 2-3 օր
- զարգացել են ջրազրկման նշաններ, օրինակ՝ ծարավի մշտական զգացում և մեզի ծավալի պակասում։
Նորածինների մոտ աղիքային վարակի նշաններ զարգանալիս անհապաղ դիմեք ձեր բժշկին, եթե՝
- 24 ժամվա ընթացքում լուծը կրկնվել է 6 անգամ կամ ավելի հաճախ
- 24 ժամվա ընթացքում փսխումը կրկնվել է 3 անգամ կամ ավելի հաճախ
- առկա են ինքնազգացողության վատացման նշաններ՝ թույլ են արձագանքում, բարձր ջերմում են կամ քիչ են միզում
- փսխումները շարունակվում են ավելի քան 1 օր։
Մանկահասակ և ավելի մեծ տարիքով երեխաների դեպքում դիմեք ձեր բժշկին, եթե՝
- միաժամանակ առկա են փորլուծություն և փսխում
- արտաթորանքները կիսաջրիկ են և ավելի քան 2-3 օր պարունակում են արյուն
- ունեն սուր կամ կայուն ստամոքսի շրջանի ցավեր։
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021