Աղիքային վարակները կարող են ցանկացած ժամանակ ախտահարել յուրաքանչյուր մարդու։
Աղիքային վարակը երբեմն անվանում են ստամոքս-աղիքային վարակ կամ գաստրոէնտերիտ: Դրանք կարող են առաջացնել մեծ անհանգստություն և տարբեր գանգատներ ու ախտանիշներ։ Երբեմն աղիքային վարակները կարող են հանգեցնել ծանր առողջական հետևանքների: Աղիքային վարակները սովորաբար տարածված են այն երկրներում կամ տարածաշրջաններում, որտեղ պատշաճ մակարդակով չեն պահպանվում ընդհանուր հակահամաճարակային և սանիտարահիգիենիկ կանոնները և չեն իրականացվում համարժեք կանխարգելման միջոցառումներ:
Եթե ունեք աղիքային վարակ, նշանակում է, որ ախտածին` հիվանդություն հարուցող միկրոօրգանիզմները (մանրէներ կամ միկրոբներ) կարողացել են թափանցել ձեր ստամոքս-աղիքային խողովակ, որը հանդիսանում է մարսողական համակարգի մի մասը:
Մարդիկ սովորաբար վարակվում են հետևյալ ուղիներով՝
- ուտելով կամ խմելով աղտոտված (վարակի հարուցիչը պարունակող) մթերք կամ ջուր (հաճախ անվանում են սննդային թունավորում)
- անմիջապես շփվելով վարակված մարդկանց կամ աղտոտված (վարակի հարուցիչը պարունակող) առարկաների կամ իրերի հետ՝ սեղանի սպասք, ծորակներ, խաղալիքներ, մանկական տակաշորեր, կղանքային արտաթորանքներ և այլն:
Հիվանդության ախտորոշման մեջ կենտրոնական նշանակություն ունեն առանձնահատուկ ախտանիշները և կղանքի բակտերիոլոգիական հետազոտությունը: Բուժումը հիմնված է առկա գանգատների ու հիվանդության ընթացքի, ինչպես նաև հավանական կամ հայտնաբերված հարուցիչի տեսակի վրա:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-06-2018
Վերջին վերանայում՝ 28-04-2024