Դանդաղ սրտազարկը կարող է առաջանալ մի շարք պատճառներով:
Դրանց օրինակներից են՝
- սրտի հյուսվածքի վնասում՝ կապված ծերացման հետ
- սրտի հյուսվածքի վնասում սրտային հիվանդության կամ սրտամկանի ինֆարկտի պատճառով
- սրտային հիվանդություն, որն առկա է ծնվելիս (սրտի բնածին արատ)
- սրտամկանի բորբոքում (միոկարդիտ)
- սրտի վիրահատության բարդություն
- թերակտիվ վահանաձև գեղձ (հիպոթիրեոզ)
- արյան մեջ քիմիական նյութերի անհավասարակշռություն, ինչպիսիք են կալիումը կամ կալցիումը
- քնի ընթացքում շնչառության կրկնվող դադարներ (քնի օբստրուկտիվ ապնոէ)
- բորբոքային հիվանդություն, ինչպիսիք են ռևմատիզմը կամ գայլախտը (լուպուս)
- որոշ դեղամիջոցներ, այդ թվում՝ քնաբերներ, օփիոիդներ և սրտի ռիթմի խանգարումների, բարձր արյան ճնշման և որոշ հոգեկան խանգարումների բուժման համար օգտագործվող դեղամիջոցներ:
Բրադիկարդիայի պատճառները ավելի լավ հասկանալու համար կարող է օգտակար լինել իմանալ, թե ինչպես է սովորաբար բաբախում սիրտը:
Նորմալ սիրտն ունի չորս խոռոչ՝ երկու վերին խոռոչ ((նախասրիրտ, ատրիա) և երկու ստորին խոռոչում (փորոք, վենտրիկուլա): Սրտի վերին աջ խոռոչում (աջ նախասիրտ) գտնվում է բջիջների խումբ, որը կոչվում է սինուսային հանգույց: Սինուսային հանգույցը սրտի բնական ռիթմավարն է: Այն արտադրում է ազդանշան, որը մեկնարկում է սրտի յուրաքանչյուր կծկումը:
Բրադիկարդիան առաջանում է, երբ այդ ազդանշանները դանդաղում կամ արգելափակվում են:
Սինուսային հանգույցի խնդիրներ
Բրադիկարդիան հաճախ սկսվում է սրտի այն հատվածում, որը կոչվում է սինուսային հանգույց: Որոշ մարդկանց մոտ սինուսային հանգույցների հետ կապված խնդիրներն առաջացնում են իրար հաջորդող դանդաղ և արագ սրտի ռիթմի (բրադիկարդիա-տախիկարդիա համախտանիշ):
Սրտի պաշարում (ատրիովենտրիկուլյար բլոկադա)
Բրադիկարդիա նաև կարող է առաջանալ, եթե սրտի էլեկտրական ազդանշանները ճիշտ չեն շարժվում վերին խոռոչներից (նախասրտեր) դեպի ստորին խոռոչներից (փորոքներ): Եթե դա տեղի ունենա, նման վիճակը կոչվում է սրտի պաշարում կամ նախասիրտ-փորոքային պաշարում (ատրիովենտրիկուլյար բլոկադա):
Սրտի պաշարումները բաժանվում են երեք հիմնական խմբերի:
- Առաջին աստիճանի սրտի պաշարում. ամենաթեթև ձևի դեպքում նախասրտերից բոլոր էլեկտրական ազդանշանները հասնում են փորոքներ, սակայն ազդանշանը դանդաղում է: Առաջին աստիճանի սրտի պաշարումը հազվադեպ է առաջացնում ախտանիշներ և սովորաբար բուժման կարիք չունի, եթե էլեկտրական ազդանշանի հետ կապված այլ խնդիր չկա:
- Երկրորդ աստիճանի սրտի պաշարում. ոչ բոլոր էլեկտրական ազդանշաններն են հասնում փորոքներին: Որոշ սրտազարկեր բաց են թողնվում, որի հետևանքով սրտի ռիթմը դանդաղ է և երբեմն անկանոն:
- Երրորդ աստիճանի (լրիվ) սրտի պաշարում. նախասրտերից եկող էլեկտրական ազդանշաններից ոչ մեկը չի հասնում փորոքներին: Երբ դա տեղի ունենա, փորոքները սովորաբար բաբախում են ինքնուրույն (փոխարինող ռիթմ), բայց շատ դանդաղ արագությամբ:
Ռիսկի գործոններ
Բրադիկարդիան հաճախ կապված է սրտի հյուսվածքի վնասման հետ՝ պատճառված սրտի որոշ տեսակի հիվանդություններից: Այն ամենը, ինչը մեծացնում է սրտի հետ կապված խնդիրների ռիսկը, կարող է մեծացնել բրադիկարդիայի ռիսկը: Սրտային հիվանդության ռիսկի գործոնները ներառում են՝
- ավելի մեծ տարիք
- բարձր արյան ճնշում
- ծխելը
- ալկոհոլի շատ օգտագործում
- ապօրինի թմրամիջոցների օգտագործում
- սթրես և անհանգստություն:
Առողջ ապրելակերպի փոփոխությունները կամ դեղորայքային բուժումը կարող են օգնել սրտային հիվանդության ռիսկի նվազեցմանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 01-02-2023
Վերջին վերանայում՝ 05-05-2024