Բրադիկարդիա

Բախիկարդիան նշանակում է, որ ձեր սիրտը կծկվում է սովորականից ավելի հազվադեպ՝ ավելի պակաս քան 60 կծկում 1 րոպեում։
Բրադիկարդիան սրտի ռիթմի խանգարման՝ առիթմիայի տեսակներից մեկն է։ Այն կարող է հայտնաբերվել հանգիստ վիճակում անոթազարկը շոշափելով։
Ի՞նչ է բրադիկարդիան
Բրադիկարդիան նորմայից ավելի հազվադեպացած սրտի ռիթիմն է։ Նորմայում չափահասների հանգստի անոթազարկը 1 րոպեում 60-100 է։ 60 զարկից ներքև անոթազարկը համարվում է բրադիկարդիա։
Սակայն, նորմայում սրտազարկը կարող է հազվադեպացած լինել նաև գերմկանեղ մարդկանց մոտ։ Օրինակ, մարզիկների հանգստի սրտազարկը կարող է հասնել րոպեում մինչև 40-ի։
Բրադիկարդիայի ախտանիշները
Բրադիկարդիայով մարդիկ կարող են չիմանալ, որ իրենց մոտ կա սրտի ռիթմի խանգարում, բայց նշեն հետևյալ գանգատները՝
- գլխապտույտ կամ «աչքերի առաջ սևանալու» զգացում
- օդի պակասի զգացում
- ընդհանուր թուլություն կամ հոգնածության զգացում
- կրծքավանդակի շրջանի ցավեր կամ սրտխփոց։
Եթե ձեզ մոտ բրադիկարդիան ուղեկցվում է վերոնշյալ գանգատներից մեկնումեկով, անհապաղ դիմեք ձեր բժշկին կամ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն։
Որո՞նք են բրադիկարդիայի պատճառները
Ինչպես նշվեց վերևում, բրադիկարդիան կարող է լինել չափազանց մկանեղ մարզիկների մոտ։ Սակայն, ավելի հաճախ բրադիկարդիան ունի այլ պատճառներ, որոնցից են՝
- անկանոն անոթազարկ կամ առիթմիա
- հիպոթիրեոզ (վահանաձև գեղձի թերակտիվություն)
- սրտանոթային հիվանդություններ
- արյան էլեկտրոլիտների (իոններ) հավասարակշռության խախտումներ
- դեղեր, օրինակ՝ հակագերճնշումային հաբեր։
Բրադիկարդիայի ախտորոշումը
Եթե ձեր անոթազարկը 60-ից ցածր է և դուք մկանեղ մարմնակառուցվածքով մարզիկ չեք, ապա պետք է կապ հաստատեք ձեր բժշկի հետ։ Շատ կարևոր է, որ բժիշկը ձեզ զննի կոնկրետ այն ժամանակ, երբ ձեզ մոտ առկա է բրադիկարդիա։ Սա թույլ կտա, որ նա հասկանա բրադիկարդիայի տեսակը և ձեզ հետ զրույցի միջոցով առանձնացնի տվյալ վիճակի հետ կապված ձեր գանգատները։
Բրադիկարդիայի ախտորոշումը ոչ թե միայն բրադիկարդիայի առկայությունը հաստատելն է, այլև դրա առաջացման հնարավոր պատճառները հայտնաբերելը։ Ձեզ զննելուց և որոշ հարցեր տալուց հետո բժիշկը կնշանակի էլեկտրասրտագրություն (ԷՍԳ), որից հետո գուցե այլ հետազոտությունների կարիք ևս առաջանա։
Բրադիկարդիայի բուժումը
Բրադիկարդիայի բուժումը կախված է դրա առաջացման պատճառից։ Օրինակ, եթե ձեզ մոտ առկա է հիպոթիրեոզ, վահանաձև գեղձի գործունեության կարգավորումը կարող է նորմալացնել սրտի ռիթմը։ Եթե բրադիկարդիայի պատճառը գերզարգացած մկաններն են, ապա որևէ բուժում չի նշանակվում։ Որոշ դեպքերում, երբ ախտորոշվել է սրտային լուրջ հիվանդություն, ծանր բրադիկարդիայի բուժումը կարող է ներառել արհեստական ռիթմավարի («փեյսմեյքեր») տեղադրումը։
Բրադիկարդիայի կանխարգելումը
Միշտ չէ, որ բրադիկարդիան կարելի է կանխարգելել։ Սակայն դուք կարող եք նպաստել վտանգավող բրադիկարդիայի կանխարգելմանը, եթե նվազեցնեք սրտային հիվանդությունների նկատմամբ ձեր ռիսկը։ Դուք կարող եք՝
- ձեր առօրյան դարձնել ֆիզիկապես ակտիվ
- պահպանել մարմնի առողջ կշիռը
- կարգավորել սննդակարգը
- նվազեցնել սթրեսը
- եթե ծխող եք, ձերբազատվել ծխախոտից։
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021