Սրտազարկի դանդաղումը կարող է առաջանալ որոշ դեղամիջոցների պատճառով, հատկապես, եթե դրանք ընդունվում են բարձր դեղաչափերով, ուստի կարևոր է բոլոր դեղամիջոցներն ընդունել ըստ ցուցումների:
Բրադիկարդիան սովորաբար կանխարգելելի չէ, սակայն բժիշկները խորհուրդ են տալիս մոտեցումներ, որոնք օգնում են սրտային հիվանդության զարգացման ռիսկի կրճատմանը: Կատարեք ձեր սրտի համար առողջարար հետևյալ քայլերը:
- Զբաղվեք կանոնավար վարժանքներով. ձեր բժիշկը կարող է ձեզ խորհուրդներ տալ այն մասին, թե որքան և որ տեսակի վարժանքն է լավագույնը ձեզ համար:
- Կերեք առողջ սնունդ. ընտրեք առողջարար, ցածր յուղայնությամբ, աղի և շաքարի ցածր պարունակությամբ սննդակարգ, որը հարուստ է մրգերով, բանջարեղենով և ամբողջահատիկ ձավարեղենով:
- Պահպանեք առողջ քաշը. ավելորդ քաշը մեծացնում է սրտային հիվանդությունների առաջացման ռիսկը։
- Վերահսկեք արյան ճնշումը և խոլեստերինը. կատարեք փոփոխություններ ձեր ապրելակերպի մեջ և ընդունեք դեղամիջոցներն այնպես, ինչպես նշանակված է բարձր արյան ճնշումը, շաքարային դիաբետը և բարձր խոլեստերինը վերահսկելու համար:
- Մի՛ ծխեք. եթե ծխելը թողնելու հարցում ունեք օգնության կարիք, զրուցեք ձեր բժշկի հետ արդյունավետ մոտեցումների կամ ծրագրերի մասին:
- Եթե խմում եք, դա արեք չափավոր. եթե ընտրում եք ալկոհոլ օգտագործել, դա արեք չափավոր: Առողջ չափահասների համար սա նշանակում է օրական մինչև մեկ ստանդարտ չափաբաժին (drink)՝ կանանց համար և օրական մինչև երկու չափաբաժին՝ տղամարդկանց համար: Եթե չեք կարող վերահսկել ձեր ալկոհոլի օգտագործումը, զրուցեք ձեր բժշկի հետ խմելուց հրաժարվելու և ալկոհոլի վնասակար օգտագործման հետ կապված այլ վարքագծերը կառավարելու ծրագրի մասին:
- Կառավարեք սթրեսը. ուժեղ հույզերը կարող են ազդել սրտի աշխատանքի վրա: Սթրեսից ազատվելու որոշ ուղիներ են կանոնավոր վարժանքները, աջակցող խմբին միանալը և ռելաքսացիայի (թուլացման) մեթոդների փորձարկումը, ինչպիսին է յոգան:
- Անցեք նախատեսված ստուգումները. անցեք կանոնավոր բուժզննումներ և զեկուցեք ձեր բժշկին գանգատների կամ ախտանիշների մասին:
Վերահսկեք և բուժեք առկա սրտային հիվանդությունները
Եթե արդեն ունեք սրտային հիվանդություն, կան քայլեր, որոնք կարող եք ձեռնարկել՝ նվազեցնելու բրադիկարդիայի կամ սրտի ռիթմի այլ խանգարումների զարգացման ռիսկը:
- Հետևեք բուժման ծրագրին. համոզվեք, որ հասկանում եք ձեր բուժման ծրագիրը: Ընդունեք բոլոր դեղերն այնպես, ինչպես նշանակված է:
- Անմիջապես տեղեկացրեք փոփոխությունների մասին. եթե ձեր ախտանիշները փոխվեն կամ վատթարանան կամ նոր ախտանշաններ հայտնվեն, անմիջապես տեղեկացրեք ձեր բժշկին:
Հոդվածը հրապարակվել է՝ 01-02-2023
Վերջին վերանայում՝ 05-05-2024