Բրադիկարդիան ախտորոշելու համար բժիշկը սովորաբար կատարում է ֆիզիկական քննություն (բուժզննում) և ստետոսկոպի միջոցով լսում ձեր սիրտը:
Նա կարող է ձեզ հարցեր տալ, որոնք վերաբերվում են ձեր ախտանիշներին և հիվանդության պատմությանը:
Ձեր բժիշկըկարող է խորհուրդ տալ հետազոտություններ՝ ստուգելու ձեր սրտի հաճախականությունը և տեսնելու, թե արդյոք ունեք սրտային խնդիր, որը կարող է առաջացնել բրադիկարդիա: Արյան թեստերը կարող են կատարվել՝ ստուգելու այլ վիճակները, որոնք կարող են առաջացնել դանդաղ սրտազարկ, ինչպիսիք են վարակը, վահանաձև գեղձի անբավարարությունը (հիպոթիրեոզ) կամ էլեկտրոլիտների անհավասարակշռությունը:
Հետազոտություններ
Էլեկտրասրտագրությունը (ԷՍԳ) հիմնական հետազոտությունն է, որն օգտագործվում է բրադիկարդիայի ախտորոշման համար: ԷՍԳ-ն չափում է սրտի էլեկտրական ակտիվությունը: Կպչուն շերտերը (էլեկտրոդներ) տեղադրվում են կրծքավանդակի, երբեմն՝ ձեռքերի և ոտքերի վրա։ Լարերը միացնում են էլեկտրոդները համակարգչին, որը ցույց է տալիս արդյունքները: ԷՍԳ-ն կարող է ցույց տալ, թե արդյոք սիրտը շատ դանդաղ է բաբախում, շատ արագ, թե ոչ:
Քանի որ ԷՍԳ-ն չի կարող հայտնաբերել բրադիկարդիա, քանի դեռ սրտազարկի դանդաղումը չի առաջանում հետազոտության ընթացքում, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ շարժական ԷՍԳ սարք: Դյուրակիր ԷՍԳ սարքերը ներառում են հետևյալը:
- Հոլտեր մոնիտոր. գրպանում պահվող, գոտուն կամ թևնոցին ամրացվող այս փոքր սարքը 24 ժամ անընդմեջ կամ ավելի երկար գրանցում է սրտի գործունեությունը:
- Դեպքի գրանցող սարք. այս սարքը նման է Հոլտեր մոնիտորին, սակայն գրանցումներ կատարում է միայն որոշակի ժամանակներում՝ ամեն անգամ մի քանի րոպե: Սարքը կարող եք կրել ավելի երկար, քան Հոլտեր մոնիտորը, սովորաբար՝ 30 օր: Դուք սեղմում եք գրանցման կոճակը, երբ զգում եք ախտանիշներ: Որոշ սարքեր ավտոմատ կերպով սկսում են ԷՍԳ գրանցումը, երբ հայտնաբերում են սրտի անկանոն ռիթմ:
ԷՍԳ նաև կարող է կատարվել այլ հետազոտությունների հետ միասին՝ ավելի լավ հասկանալու, թե ինչպես է բրադիկարդիան ազդում ձեր վրա: Այս հետազոտությունները ներառում են հետևյալը:
- Թեք սեղանի թեստ. այս թեստը կարող է օգնել ձեր բժշկին ավելի լավ հասկանալու, թե ինչպես է ձեր բրադիկարդիան ուշագնացության պատճառ դառնում: Դուք հարթ պառկում եք հատուկ սեղանի վրա, որը կտրուկ թեքվում է այնպես, կարծես կանգնել եք: Թեք սեղանի թեստն անցկացվում է՝ տեսնելու, թե արդյոք դիրքի փոփոխությունը հանգեցնում է ուշագնացության:
- Սթրես թեստ. ԷՍԳ կարող է իրականացվել՝ ստուգելու ձեր սրտի գործունեությունը անշարժ հեծանիվի ոտնակները պտտելիս կամ վազքուղու վրա քայլելիս, որոնք լրացուցիչ ծանրաբեռնում են ձեր սրտի աշխատանքը: Եթե դժվարանում եք այս թեստն անցել, բժիշկը կարող է տալ սիրտը խթանող դեղամիջոց, որը սրտի աշխատանքը կուժեղացնի այնպես, ինչպես ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ:
Քնի հետազոտությունը կարող է խորհուրդ տրվել, եթե ձեր բժիշկը կարծում է, որ քնի ընթացքում շնչառության կրկնվող ընդմիջումները կարող են առաջացնել բրադիկարդիա:
Հոդվածը հրապարակվել է՝ 01-02-2023
Վերջին վերանայում՝ 05-05-2024