Բերանի խոռոչի այրոցի համախատանիշի պատճառը կարող է լինել առաջնային կամ երկրորդային:
Առաջնային բերանի խոռոչի այրոցի համախատանիշ
Երբ պատճառը հնարավոր չէ գտնել, վիճակը կոչվում է առաջնային կամ իդիոպաթիկ բերանի խոռոչի այրոցի համախատանիշ: Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ առաջնային բերանի խոռոչի այրոցի համախատանիշը կապված է նյարդերով պայմանավորված խնդիրների հետ, որոնք ապահովում են համի և ցավի զգացողությունները:
Երկրորդային բերանի խոռոչի այրոցի համախատանիշ
Երբեմն բերանի խոռոչի այրոցի համախատանիշը պայմանավորված է հիմքում ընկած որևէ առողջական վիճակով: Այս դեպքերում դա կոչվում է երկրորդային բերանի խոռոչի այրոցի համախատանիշ:
Հիմնական խնդիրները, որոնք կարող են կապված լինել երկրորդային բերանի խոռոչի այրոցի համախատանիշի հետ, ներառում են հետևյալը:
- Բերանի չորություն, որը կարող է պայմանավորված լինել որոշ դեղամիջոցներով, առողջական խնդիրներով, թուք արտադրող գեղձերի հետ կապված խնդիրներով կամ քաղցկեղի բուժման կողմնակի ազդեցություններով:
- Բերանի խոռոչի այլ հիվանդություններ, ինչպիսիք են բերանի խոռոչի սնկիկային վարակը, որը կոչվում է բերանի խոռորի կաթնախտ (կանդիդոզ), բորբոքային հիվանդություն, որը կոչվում է բերանի խոռոչի կարմիր տափակ որքին կամ աշխարհագրական լեզու կոչվող վիճակ, որը լեզվին տալիս է քարտեզի տեսք:
- Բավարար քանակությամբ սննդանյութեր չստանալը, ինչպիսիք են երկաթի, ցինկի, ֆոլաթթվօ (վիտամին B9), թիամինի (վիտամին B1), ռիբոֆլավինի (վիտամին B2), պիրիդոքսինի (վիտամին B6) և կոբալամինի (վիտամին B12) պակասը:
- Ալերգիա կամ ռեակցիա սննդի, սննդային արոմատիզատորների, սննդային այլ հավելումների, բուրմունքների կամ ներկերի, ատամնաբուժական նյութերի կամ բերանի խոռոչի խնամքի միջոցների նկատմամբ:
- Ստամոքսային թթվի ռեֆլյուքս, որը ձեր բերան է բարձրանում ստամոքսից և նաև կոչվում է գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն (ԳԷՌՀ):
- Որոշ դեղամիջոցներ, հատկապես բարձր արյան ճնշման դեղամիջոցներ:
- Բերանային սովորություններ, ինչպիսիք են լեզուն ատամներին սեղմելը, լեզվի ծայրը կծելը և ատամները կրճտացնելը կամ սեղմելը (բրուքսիզմ):
- Ներզատական (էնդոկրին) խանգարումներ, ինչպիսիք են շաքարային դիաբետը կամ վահանաձև գեղձի անբավարար ակտիվությունը, որը հայտնի է որպես հիպոթիրեոզ:
- Շատ գրգռված բերանի խոռոչ, որը կարող է առաջանալ լեզուն չափից շատ կամ շատ կոշտ խոզանակով, հղկող ատամի մածուկներ օգտագործելու, բերանի լվացման միջոցների չափից դուրս օգտագործման կամ խիստ թթվային մթերքների կամ խմիչքների օգտագործման հետևանքով: Պրոթեզները, որոնք լնդերին լավ չեն հարմարվում, կարող են առաջացնել գրգռվածություն, որը կարող է վատթարացնել ախտանիշները:
- Հոգեբանական խնդիրներ, ինչպիսիք են անհանգստությունը, դեպրեսիան կամ սթրեսը:
Ռիսկի գործոններ
Բերանի խոռոչի այրոցի համախատանիշը տարածված չէ: Այնուամենայնիվ, ձեր ռիսկը կարող է ավելի մեծ լինել, եթե դուք՝
- կին եք
- շուրջդաշտանադադարի կամ հետդաշտանադադարի շրջանում եք
- 50 տարեկանից մեծ եք
- ծխող եք:
Բերանի խոռոչի այրոցի համախատանիշը սովորաբար սկսվում է հանկարծակի, առանց հայտնի պատճառի: Այնուամենայնիվ, որոշ գործոններ կարող են մեծացնել այս վիճակի զարգացման ռիսկը, այդ թվում՝
- վերջերս հիվանդություն
- որոշ երկարաժամկետ բժշկական վիճակներ, ինչպիսիք են ֆիբրոմիալգիան, Պարկինսոնի հիվանդությունը, աուտոիմուն խանգարումները և նեյրոպաթիան
- նախկին ատամնաբուժական աշխատանք
- սննդի նկատմամբ ալերգիկ ռեակցիաներ
- որոշ դեղամիջոցներ
- կյանքի տրավմատիկ իրադարձություններ
- սթրես
- անհանգստություն և տագնապ
- դեպրեսիա:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024