Բուժումը կախված է նրանից, թե արդյոք դուք ունեք առաջնային կամ երկրորդային բերանի խոռոչի այրոցի համախտանիշ:
Առաջնային բերանի խոռոչի այրոցի համախտանիշ
Առաջնային բերանի խոռոչի այրոցի համախտանիշի համար հայտնի դեղամիջոց չկա: Եվ բուժման որևէ հաստատ միջոց չկա: Բացակայում են ամենաարդյունավետ մեթոդների վերաբերյալ հիմնավոր հետազոտությունները: Բուժումը կախված է նրանից, թե ինչ ախտանիշներ ունեք և պարզապես ուղղված է դրանց վերահսկմանը: Հնարավոր է, որ ձեզ հարկավոր է մի քանի բուժում փորձել՝ նախքան դրանցից մեկը կամ լավագույն համակցություն գտնելը, որն օգնում է նվազեցնել ձեր բերանի խոռոչի հետ կապված տհաճ գանգատները: Եվ կարող է ժամանակ պահանջվել՝ մինչև բուժումները օգնեն կառավարելու հիվանդության ախտանիշները:
Բուժման տարբերակները կարող են ներառել հետևյալը՝
- թուքը փոխարինող արտադրանքներ
- բերանի խոռոչի հատուկ ողողումներ կամ Լիդոկաին, որն առաջացնում է թմրածություն և օգնում է ցավի մեղմացմանը
- Կապսաիցին՝ ցավազրկող, որը ստացվում է կծու (չիլի) պղպեղից
- Ալֆա-լիպոյաթթու՝ հակաօքսիդանտ, որը կարող է օգնել նյարդային ցավի թեթևացմանը
- մի դեղամիջոց, որն օգտագործվում է ցնցումները վերահսկելու համար և կոչվում է Կլոնազեպամ (Կլոնոպին)
- որոշ հակադեպրեսանտներ
- դեղամիջոցներ, որոնք պաշարում են նյարդային ցավը
- կոգնիտիվ-վարքաբանական թերապիա՝ անհանգստության և դեպրեսիայի դեմ պայքարելու, սթրեսը նվազեցնելու և շարունակական ցավը հաղթահարելու գործնական հմտությունների զարգացման համար:
Երկրորդային բերանի խոռոչի այրոցի համախտանիշ
Երկրորդային բերանի խոռոչի այրոցի համախտանիշի դեպքում բուժումը կախված է այն հիմնական խնդրից, որը կարող է առաջացնել ձեր գանգատներն ու ախտանիշները:
Օրինակ, բերանի խոռոչի վարակի բուժումը կամ վիտամինների ցածր մակարդակի համար հավելումներ ընդունելը կարող է թեթևացնել ձեր խնդիրը: Այդ իսկ պատճառով կարևոր է փորձել գտնել պատճառը: Երբ հիմնական պատճառները բուժվեն, ձեր ախտանիշները պետք է մեղմանան:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024