Չկա որևէ եզակի հետազոտություն, որը կարող է պարզել, թե արդյոք ունեք բերանի խոռոչի այրոցի համախտանիշ:
Դրա փոխարեն, ձեր բժիշկը կփորձի բացառել այլ առողջական խնդիրները՝ նախքան այս համախտանիշն ախտորոշելը:
Ձեր բժիշկը կամ ատամնաբույժը, հավանաբար, կանեն հետևյալը՝
- ձեր ախտանիշների վերաբերյալ մանրակրկիտ հարց ու փորձ
- ձեր հիվանդության պատմության և դեղերի քննարկում
- ձեր բերանի խոռոչի զննում
- ձեր սովորույթների մանրամասնում:
Բացի այդ, ձեր բժիշկը կամ ատամնաբույժը, հավանաբար, կնշանակեն որոշակի հետազոտություններ՝ փնտրելով այլ առողջական խնդիրների նշաններ:
- Արյան թեստեր. այս թեստերը կարող են ստուգել ձեր արյան բջիջների տարբեր տեսակների քանակը, արյան շաքարի մակարդակը, վահանաձև գեղձի գործառույթը, սննդանյութային գործոնները և իմունային համակարգի աշխատանքը: Թեստի արդյունքները կարող են հուշումներ տալ բերանի խոռոչի դիսկոմֆորտի աղբյուրի մասին:
- Բերանի քսուքի ցանքս կամ բիոպսիաներ. բամբակե ձողով քսուքն օգտագործվում է բերանային ցանքսի համար նմուշ ստանալու համար: Սա կարող է ցույց տալ, թե արդյոք ձեր բերանի խոռոչում սնկիկային, բակտերիալ կամ վիրուսային վարակ կա: Բիոպսիայի համար հյուսվածքային փոքրիկ նմուշները վերցվում են ձեր բերանից և ուղարկվում լաբորատորիա՝ բջիջները մանրադիտակի տակ դիտելու համար:
- Ալերգիայի թեստեր. ձեր բժիշկը կարող է առաջարկել ալերգիայի թեստ՝ ստուգելու, թե արդյոք դուք կարող եք ալերգիկ լինել որոշ սննդամթերքների, հավելումների կամ նույնիսկ ատամնաբուժական նյութերի կամ բերանի խոռոչի խնամքի միջոցների նկատմամբ:
- Թքարտադրության չափումներ. բերանի խոռոչի այրոցի համախտանիշի դեպքում ձեր բերանը կարող է չորանալ: Թքային թեստերը կարող են պարզել, թե արդյոք ունեք թքի հոսքի նվազում:
- Ստամոքսային ռեֆլյուքսի թեստեր. այս հետազոտությունները կարող են պարզել, թե արդյոք ստամոքսի թթուն ձեր ստամոքսից հետ է հոսում դեպի ձեր բերանի խոռոչ:
- Պատկերային հետազոտություններ. ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ), համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ) կամ մեկ այլ պատկերային հետազոտություն՝ ստուգելու այլ առողջական խնդիրների առկայությունը:
- Դեղորայքի փոփոխություն. եթե դուք որևէ դեղամիջոց եք ընդունում, որը կարող է բերանի խոռոչում տհաճություն առաջացնել, ձեր բժիշկը կարող է փոխել դեղաչափը կամ անցնել այլ դեղամիջոցի: Մեկ այլ տարբերակում, հնարավորության դեպքում բժիշկը կարող է խորհուրդ տալ կարճ ժամանակով դադարեցնել այդ դեղը, որ տեսնեք՝ արդյոք ձեր գանգատները վերանում են: Մի՛ փորձեք սա ինքնուրույն, քանի որ որոշ դեղամիջոցների դադարեցումը կարող է վտանգավոր լինել:
- Հոգեկան առողջության հարցաշար. ձեզնից կարող է պահանջվել պատասխանել մի շարք հարցերի, որոնք կարող են օգնել որոշելու, թե արդյոք ունեք դեպրեսիայի, անհանգստության կամ հոգեկան առողջության այլ խանգարումներ, որոնք կարող են կապված լինել բերանի խոռոչի այրոցի համախտանիշի հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024