Արյան կալցիումի թեստ
15-02-2021
3 րոպե

Կալցիումը կարևոր է, քանի որ անհրաժեշտ է առողջ և ամուր ոսկրերի համար:
Կալցիումն անհրաժեշտ է նաև ձեր մկանների, նյարդերի և սրտի նորմալ գործունեության համար: Կալցիումը նաև օգնում է ձեր արյան մակարդմանը:
Ի՞նչն են հետազոտում
Ձեր օրգանիզմի գրեթե ամբողջ կալցիումը ներկայացված է ձեր ոսկրերում և ատամներում, իսկ մնացած փոքր մասը՝ ձեր արյան մեջ: Արյան կալցիումի թեստը հենց արյան մեջ պարունակվող կալցիումի մակարդակի չափման հետազոտությունն է:
Դուք ամեն օր մեզի հետ կորցնում եք կալցիումի որոշակի քանակ: Ուստի բժիշկը նաև կարող է նշանակել մեզի հետազոտություն, որ ստուգի, թե կալցիումի ինչ քանակություն են ձեր երիկամներն արյունից արտազատում և մեզով հեռացնում:
Ինչո՞ւ է այս հետազոտությունը նշանակվում
Կան բազմաթիվ հնարավոր պատճառներ, թե ինչու և երբ դուք կարող եք արյան կալցիումի թեստի կարիքն ունենալ:
Եթե ունեք ընդհանուր հոգնածություն և թուլություն, ախորժակի կորուստ և ծարավի զգացում, շատ միզարձակելու կարիք, փորկապություն կամ որովայնային ցավեր, ապա բժիշկը կարող է կասկածել, որ ձեր արյան մեջ առկա է նորմայից ավելի մեծ քանակի կալցիում:
Բժիշկը կարող է կարծել, որ ձեր արյան կալցիումի քանակն անբավարար է, եթե նշում եք բերանի շուրջը, ձեռքերում կամ ոտքերում թմրածություն կամ ունեք մկանային կծկանքներ (սպազմ):
Արյան կալցիումի թեստը նաև կարող է հանձնվել այլ հետազոտությունների հետ միասին, հատկապես, եթե ունեք կամ բժիշկը կասկածում է, որ ունեք հետևյալ հիվանդություններից կամ վիճակներից մեկնումեկը՝
- երիկամային հիվանդություն
- երիկամի քարեր
- ոսկրային հիվանդություն
- վահանաձև գեղձի հիվանդություններ
- ստամոքս-աղիքային հիվանդություններ
- քաղցկեղի որոշ տեսակներ
- թերսնուցում:
Դուք կարող եք ունենալ արյան կալցիումի կրկնակի հետազոտությունների կարիք, եթե՝
- ունեք երիկամային հիվանդություն
- ունեք փոխպատվաստված երիկամ
- բուժվում եք կալցիումով կամ վիտամին D-ի հավելումներով
- ունեք քաղցկեղի որոշ տեսակներ, մասնավորապես, եթե դրանք ազդում են ձեր ոսկրերի վրա:
Ինչպե՞ս նախապատրաստվել այս հետազոտությանը
Բժիշկը կարող է խնդրել, որ հետազոտությունից որոշակի ժամանակ առաջ դադարեցնեք այնպիսի դեղերի ընդունումը, ինչպիսիք են անտացիդները, միզամուղները և վիտամին D-ի հավելումները: Այս և որոշ այլ դեղերը կարող են պարունակել կալցիում կամ ազդել կալցիումի մակարդակի վրա:
Արյան կալցիումի թեստի հանձնումն այլ պարտադիր պայմաններ չունի:
Ձեր արդյունքների մեկնաբանումը
Կալցիումի թեստը տեղեկատվություն է տրամադրում այն մասին, թե ինչքան կալցիում է պարունակվում ձեր արյան մեջ, սակայն որևէ տվյալ չի ներկայացնում այն մասին, թե ինչ քանակի կալցիում է առկա ձեր ոսկրերում:
Ձեր հետազոտության արդյունքները և հետագա քայլերը ճիշտ հասկանալու համար դուք պետք է զրուցեք ձեր բժշկի հետ:
Լրացուցիչ տեղեկատվություն
Կալցիումի թեստի մասին
Այցելեք մեր կայքի Մեդեքս-Lab բաժինը, որ իմանաք ընդհանուր և իոնական կալցիումի մասին ավելի մանրակրկիտ տեղեկություններ։
Արյան հետազոտության մասին
Կարդացեք Մեդեքս-Health բաժնի արյան հետազոտությունների ուղեցույցը, որպեսզի ընդհանուր տեղեկություններ իմանաք արյան թեստերի մասին, այդ թվում՝
- ինչի՞ մասին հոգ տանել մինչև լաբորատորիա այցելելը
- ի՞նչ է տեղի ունենում արյան հետազոտության ընթացքում
- ինչպիսի՞ ճշգրություն ունեն հետազոտության արդյունքները։
Հոդվածը վերանայվել է՝ 16-02-2021