Կարդիոգեն շոկի բուժումը կենտրոնանում է ձեր սրտամկանի և այլ օրգանների թթվածնի պակասից առաջացած վնասի նվազեցման վրա:
Կենսագործունեության անհետաձգելի աջակցություն
Կարդիոգեն շոկ ունեցող մարդկանց մեծամասնությունը լրացուցիչ թթվածնի կարիք ունի: Անհրաժեշտության դեպքում ձեզ կմիացնեն շնչառական մեքենային (օդափոխիչ): Դուք դեղորայք և հեղուկ կստանաք ձեր ձեռքից միացված ներերակային համակարգով:
Դեղորայքային բուժում
Ներերակային ճանապարհով տրվում են հեղուկներ և արյան պլազմա: Կարդիոգեն շոկի դեպքում ձեզ տրվում են դեղեր, որոնք կարող են բարձրացնել ձեր սրտի արտմղող կարողությունը և նվազեցնել արյան մակարդուկների (թրոմբոզի) ռիսկը:
- Անոթասեղմիչներ (վազոպրեսորներ). այս դեղերն օգտագործվում են ցածր արյան ճնշման բուժման համար: Դրանք ներառում են Դոֆամին, էպինեֆրին (Ադրենալին, Աուվի-Q), Նորեպինեֆրին (Լևոֆեդ) և այլն:
- Ինոտրոպ նյութեր. այս դեղամիջոցները, որոնք օգնում են բարելավել սրտի արտամղիչ գործառույթը, կարող են տրվել այնքան ժամանակ, մինչև այլ բուժումները սկսեն ազդել: Դրանք ներառում են Դոբուտամին, Դոպամին և Միլրինոն:
- Ասպիրին. Ասպիրինը սովորաբար տրվում է անմիջապես՝ արյան մակարդումը նվազեցնելու և նեղացած զարկերակով արյան հոսքը պահպանելու համար: Ինքներդ Ասպիրին ընդունեք մինչև օգնության ժամանելը միայն այն դեպքում, եթե ձեր բժիշկը նախկինում ասել է ձեզ դա անել սրտամկանի ինֆարկտի ախտանիշների դեպքում:
- Հակաթրոմբոցիտային դեղամիջոցներ. անհետաձգելի բուօգնության բաժանմունքի բժիշկները կարող են ձեզ տալ Ասպիրինի նման դեղամիջոցներ՝ կանխելու նոր մակարդուկների (թրոմբների) ձևավորումը: Այս դեղերը ներառում են Կլոպիդոգրել (Պլավիքս), Տիրոֆիբան (Ագգրաստատ) և Էպտիֆիբատիդ (Ինտեգրիլին):
- Արյունը նոսրացնող այլ դեղամիջոցներ. հավանաբար, ձեզ կտրվեն այլ դեղամիջոցներ, ինչպիսին է Հեպարինը, որ ձեր արյունը մակարդուկի ձևավորման ավելի քիչ հավանականություն ունենա: Ներերակային կամ ներարկային Հեպարինը սովորաբար տրվում է սրտամկանի ինֆարկտից հետո առաջին մի քանի օրվա ընթացքում:
Վիրահատություններ և այլ միջամտություններ
Կարդիոգեն շոկի բուժման բժշկական միջամտությունները սովորաբար կենտրոնանում են ձեր սրտով արյան հոսքի վերականգնման վրա: Դրանք ներառում են հետևյալը:
- Անգիոպլաստիկա և ստենտավորում. եթե սրտի կաթետերիզացիայի ժամանակ հայտնաբերվի պսակային զարկերակի խցանում, ձեր բժիշկը կարող է հատուկ փուչիկով հագեցած երկար, բարակ խողովակը (կաթետեր) զարկերակի միջոցով, սովորաբար՝ ձեր ոտքի անոթից, ներմուծել մինչև ձեր սրտի խցանված զարկերակ: Իր դիրքում հայտնվելուց հետո փուչիկը կարճ ժամանակով փչվում է խցանումը բացելու համար: Մետաղական ցանցային ստենտը կարող է տեղադրվել զարկերակի մեջ՝ ժամանակի ընթացքում այն բաց պահելու համար: Շատ դեպքերում, ձեր բժիշկը կտեղադրի ստենտ՝ ծածկված դանդաղ արձակող դեղամիջոցով, որը կօգնի, որ ձեր խցանված զարկերակը բաց մնա:
- Բալոնային պոմպ. ձեր բժիշկը ներմուծում է օդային պոմպ ձեր գլխավոր զարկերակի մեջ (աորտա): Պոմպը ներփչում և արտափչում է աորտայի ներսում՝ օգնելով արյան հոսքին և մեղմացնելով ձեր սրտի ծանրաբեռնվածության մի մասը:
- Արտամարմնային թաղանքային թթվածնացում (էքստրակորպորալ մեմբրանային օքսիգենացիա, ECMO). ECMO-ն օգնում է բարելավելու արյան հոսքը և թթվածին է մատակարարում մարմնին: Արյունը ձեր օրգանիզմից դուրս մղվում է դեպի սիրտ-թոքային սարք, որը հեռացնում է ածխաթթու գազը և թթվածնով հագեցած արյունը հետ է ուղարկում մարմնի հյուսվածքներ:
Եթե դեղորայքը և այլ միջոցառումները չեն ազդում կարդիոգեն շոկի բուժման համար, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ վիրահատություն:
- Պսակային զարկերակի շրջանցման վիրահատություն. սյս վիրահատությունն օգտագործում է ձեր ոտքի, ձեռքի կամ կրծքավանդակի խոռոչի առողջ արյունատար անոթ՝ արյան հոսքի նոր ուղի ստեղծելու համար, որ այն կարողանա շրջանցել խցանված կամ նեղացած զարկերակը: Ձեր բժիշկը կարող է առաջարկել այս վիրահատությունն այն բանից հետո, երբ ձեր սիրտը ժամանակ ունենա վերականգնվելու սրտամկանի ինֆարկտից հետո: Երբեմն շրջանցման վիրահատությունը կատարվում է որպես շտապ բուժում:
- Ձեր սրտի վնասվածքը վերականգող վիրահատություն. երբեմն վնասվածքը, ինչպիսին է ձեր սրտի խոռոչներից մեկի պատռվածքը կամ սրտի փականի վնասվածքը, կարող է առաջացնել կարդիոգեն շոկ: Վիրահատությունը կարող է շտկել խնդիրը:
- Փորոքային օժանդակ սարք (VAD). մեխանիկական սարքը կարող է տեղադրվել որովայնի մեջ և ամրացվել սրտին՝ օգնելու վերջինիս արտամղիչ գործունեությունը: VAD-ը կարող է երկարացնել և բարելավել որոշ մարդկանց կյանքը, ովքեր ունեն վերջին փուլի սրտային անբավարարություն, սպասում են նոր սրտերի (փոխպատվաստման համար) կամ չեն կարող սրտի փոխպատվաստում անցնել:
- Սրտի փոխպատվաստում. եթե ձեր սիրտն այնքան է վնասվել, որ ոչ մի այլ բուժում չի օգնում, սրտի փոխպատվաստումը կարող է լինել վերջին միջոցը:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024