Կրծքավանդակի վնասվածքին հաջորդող ախտանիշները մեծամասամբ կախված են վնասվածքի տեսակից և առաջացրած հետևանքներից:
Կրծքավանդակի վնասվածքից հետո ավելի հաճախ հանդիպում են հետևյալ ախտանիշները՝
- կրծքավանդակի ցավ, որը ուժեղանում է շնչելիս, ծիծաղելիս, հազալիս կամ փռշտալիս
- շոշափելիս՝ կրծքավանդակի վնասված շրջանում պատի արտասովոր փափկություն կամ գոգավորություն
- ենթամաշկային փափուկ հյուսվածքների սալջարդ և արյունազեղում, որը հետագայում վերածվում է կապտուկի
- վնասված շրջանի այտուցվածություն:
Կրծքավանդակի տրավմայի ժամանակ հաճախ հանդիպող կողի կոտրվածքի նշաններից են՝
- ցավեր, որոնք ուժեղանում են խոր շնչելիս
- կրծքի կամ թիկունքի կողմից կողերի ցավոտություն
- շոշափելիս՝ ոսկային կամ ոսկրաբեկորային կրեպիտացիա
- սուր շնչարգելություն և հևոց:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե ստացել եք կրծքավանդակի վնասվածք և նշում եք վերոնշյալ ախտանիշներից մեկնումեկը կամ բոլորը, առանց հետաձգելու կապ հաստատեք ձեր բժշկի հետ կամ այցելեք մոտակա բուժկենտրոն:
Ե՞րբ զանգել 1-03 կամ դիմել անհետաձգելի բուժօգնության
Եթե կրծքավանդակի վնասվածքն ուղեկցվում է շնչառության կամ արյան շրջանառության խանգարումներով, ապա մեծ է ծանր կամ կյանքին սպառնացող բարդությունների զարգացման ռիսկը:
Ծանր տրավմաների ժամանակ կարող է զարգանալ ներքին արյունահոսություն: Սա կարող է լինել տեսանելի (օրինակ՝ հազալիս արյուն) կամ ոչ հեշտ հայտնաբվող (օրինակ՝ մաշկի գունատություն, սրտխառնոց, ծարավի զգացում):
Անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն կամ կազմակերպեք տուժողի մոտակա հիվանդանոց տեղափոխվելը, եթե առկա է՝
- դժվարաշնչություն և հևոց
- քնկոտություն կամ շփոթվածություն
- դեղնա-կանաչավուն կամ կարմրավուն խորխով հազ
- գունատ, խոնավ և կպչուն մաշկ
- կրծքավանդակի ցավ, որը խանգարում է շնչառությանը:
Ի՞նչ անել մինչև շտապ օգնության ժամանումը
Կրծքավանդակային տրավմայի առաջին օգնությունը կախված է վնասվածքի տեսակից:
- Եթե կրծքավանդակի որևէ շրջանից առկա արյունահոսություն, տվյալ շրջանը ծածկեք մաքուր վիրակապով և սեղմեք այնպես, որ արյունահոսությունը մեղմանա կամ դադարի:
- Եթե առկա է թափանցող վերք և վերքի մեջ նկատում եք օտար մարմին, այն պետք է հեռացվի:
- Մարմնին տվեք այնպիսի դիրք, որ կրծքավանդակի վնասված կողմը լինի ներքևում:
- Ծայրահեղ ծանր դեպքերում կարող է առաջանալ սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումներ սկսելու անհրաժեշտություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-05-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024