Առողջական խնդիրներ
Ցրտահարություն

3 րոպե
Ցրտահարությունը ցածր ջերմաստիճանի ազդեցությամբ մաշկի և այլ հյուսվածքների սառեցումն է, որն առաջացնում է ախտահարված շրջաններում մաշկի և ավելի խորը շրջանների մաշկի վնասում։
Ի՞նչ է ցրատահարությունը
Ցրտահարված՝ սառը և խոնավ միջավայրի ազդեցության ենթարկված մաշկը դառնում է այտուցված և ցավոտ, որը հաճախ ուղեկցվում է քորի զգացողությամբ։ Սովորաբար այս նշաններին նախորդում է ցրտահարված շրջանի թմրածության զգացումը։
Ավելի հաճախ ցրտահարվում են ձեռքի կամ ոտքի մատները, սակայն կարող են ախտահարվել նաև քիթը և ականջները։
Մակերեսային՝ 1-ին կամ 2-րդ աստիճանի ցրտահարությունը չի առաջացնում որևէ երկարատև վնասում։ 2-րդ աստիճանի ցրտահարության ժամանակ մաշկի վրա առաջանում են մաքուր բշտիկներ։ Մաշկային ախտահարումները սովորաբար լավանում են մեկ կամ մի քանի շաբաթվա ընթացքում։ Լավանալուց հետո մաշկը կարող է ցրտի նկատմամբ մնալ գերզգայուն։
Ավելի խոր՝ 3-րդ կամ 4-րդ աստիճանի ցրտահարությունների ժամանակ սառում և ախտահարվում են նաև մաշկի տակ եղած հյուսվածքները։ Ամենածանր՝ 4-րդ աստիճանի ցրտահարության ժամանակ ախտահարվում են նաև մաշկից շատ խորն ընկած հյուսվածքները՝ մկաններ, ջլեր և ոսկորներ։ Մաշկը դառնում է սև և մոմանման, իսկ վնասվածքը կարող է մնալ ամիսներով և բերել անդամահատման։
Ցրտահարման պատճառները
Ցրտահարությունը զարգանում է միայն ցրտի՝ ցածր ջերմաստիճանի ազդեցությամբ։ Ցրտահարության վտանգը մեծանում է, եթե դուք ցրտի նկտամամբ զգայուն եք։
Ցրտահարությունը տեղի է ունենում, երբ ցրտի ներգործությամբ մաշկի մանր արյունատար անոթները բորբոքվում են։ Եթե ջերմաստիճանը դառնում է 0 աստիճան ըստ Ցելսիուսի, մաշկը սառչում է և փափուկ հյուսվածքների մեջ առաջացող սառույցի մանր բյուրեղները վնասում են բջիջները և խիստ դանդաղեցնում կամ արգելակում այդ շրջանների արյունամատակարարումը։
Այլ պատճառներից են զգայուն մաշկը կամ տվյալ շրջանում արյան շրջանառության խանգարումը։
Ովքե՞ր են ռիսկի խմբում
Ցրտահարությունն ավելի հաճախ զարգանում է հետևյալ մարդկանց մոտ՝
- լեռնագնացներ, ալպինիստներ, դահուկորդներ և ձյան պայմաններում այլ մարզաձևերով զբաղվող անձինք
- անօթևաններ
- արյան վատ շրջանառությամբ մարդիկ, օրինակ՝ դիաբետով հիվանդներ
- զինվորականներ
- դրսում աշխատող մարդիկ։
Ցրտահարության ախտանիշները
Ցրտահարությունը կարող է առաջանալ և մաշկային դրսևորումները կարող են զարգանալ արագորեն։ Ի հայտ է գալիս մաշկի թմրածություն, այտուցվածություն՝ գունատված, կրամրավուն, կարմրակապտավուն, կապտավուն, մոխրագույն կամ մանուշակագույն երանգավորմամբ, ինչպես նաև ցավոտություն կամ ծակոցներ։
Մակերեսային ցրտահարման ժամանակ ի հայտ են գալիս բշտիկներ և մաշկի մակերեսը պնդանում է, իսկ ավելի խորը ցրտահարման դեպքում՝ գորշակապտավուն գունավորում, փափուկ հյուսվածքների մեռուկացում (նեկրոզ) և սև գույնի կեղևակալում։
Ծանր դեպքերում կարող է զարգանալ նաև հիպոթերմիա (մարմնի ջերմաստիճանի նվազեցում):
Ցրտահարման բուժումը
Մակերեսային ցրտահարման դեպքերի մեծ մասի ժամաանկ դուք կարող եք ինքնուրույն բուժել մաշկային ախտահարումները։ Մասնավորապես, դուք կարող եք՝
- օգտագործել լանոլինային հիմքով կրեմներ, որպեսզի մեղմացնեք քորի զգացումը և այտուցվածությունը
- խուսափեք քորելուց, որը կարող է դանդաղեցնել լավացումը կամ առաջացնել մաշկի վարակային բարդություններ
- մեղմ մերսել ախտահարված տեղամասերը, եթե դրանք խիստ ցավոտ կամ խոցոտված չեն
- ախտահարված շրջանները պահել տաք, բայց ոչ՝ խիստ տաք վիճակում։
Մաշկային դրսևորումները և գանգատները սովորաբար անհետանում են 2-3 շաբաթվա ընթացքում։ Հիշեք, որ ցրտահարվելուց հետո այդ շրջանները դառնում են ցրտի նկատմամբ ավելի զգայուն, իսկ ցրտահարությունը կարող է զարգանալ ավելի կարճ ժամանակահատվածում։
Այցելեք ձեր բժշկին, եթե ախտանիշները չեն մեղմանում կամ ուղեկցվում են խիստ ցավերով։ Բժիշկը կարող է նշանակել՝
- կորտիզոնային կրեմներ, որոնք մեղմացնում են քորի զգացումը և այտուցը
- դեղեր կամ այլ միջոցներ, որոնք լայնացնում են արյունատար անոթները և բարելավում ախտահարված շրջանների արյունամատակարարումը։
Ծանր դեպքերում կարող է վիրաբուժական միջամտության և ընդհանուր բուժման կարիք զգացվել։
Ցրտահարության կանխարգելումը
Դուք կարող եք նվազեցնել ցուրտ միջավայրերում ցրտահարության ռիսկը հետևյալ միջոցներով՝
- պահեք ձեր ձեռքերը, ոտնաթաթերը և մարմինը տաք վիճակում
- կրեք տաք, չսեղմող հագուստ և չթրջվող կոշիկներ
- օգտագործեք ոտքերի գերքրտնարտադրությունը վերացնող միջոցներ
- կանոնավոր կերպով ընդունեք տաք սնունդ
- կանոնավոր վարժանքներ արեք, որը բարելավում է ընդհանուր արյան շրջանառությունը
- մի ծխեք, որը մեծ վնաս է հասցնում արյան շրջանառությանը։
Իմացե՛ք ավելին արյան և արյունատար անոթների մասին։
Հոդվածը տեղադրվել է՝ 23-06-2019 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: