Ըստ սահմանման, քրոնիկ ամենօրյա գլխացավերն առաջանում են ամսական 15 օր կամ ավելի, երեք ամսից ավելի երկար ընթացքում:
Իսկական (առաջնային) քրոնիկ ամենօրյա գլխացավերը չեն առաջանում այլ հիվանդության պատճառով:
Կան կարճատև և երկարատև քրոնիկ ամենօրյա գլխացավեր: Երկարատև գլխացավերը տևում են ավելի քան չորս ժամ: Դրանք ներառում են՝
- քրոնիկ միգրեն
- քրոնիկ լարվածության գլխացավ
- նոր առաջացող ամենօրյա կայուն գլխացավ
- երկարատև հեմիկրանիա (hemicrania continua):
Քրոնիկ միգրեն
Այս տեսակը սովորաբար հանդիպում է դրվագային միգրենի պատմություն ունեցող մարդկանց մոտ: Քրոնիկ միգրեններն ավելի հաճախ՝
- ազդում են ձեր գլխի մի կողմի կամ երկու կողմերի վրա
- ուղեկցվում են թրթռոցի կամ պուլսացիայի զգացողությամբ
- պատճառում են չափավորից մինչև ուժեղ ցավ:
Եվ դրանք առաջացնում են հետևյալներից առնվազն մեկը՝
- սրտխառնոց, փսխում կամ երկուսն էլ
- լույսի և ձայնի նկատմամբ զգայունություն:
Քրոնիկ լարվածության գլխացավ
Այս գլխացավերն ավելի հաճախ՝
- ազդում են ձեր գլխի մի երկու կողմերի վրա
- պատճառում են թեթևից մինչև չափավոր ցավ
- առաջացնում են ցավ, որը զգացվում է որպես սեղմում կամ ճնշում, բայց ոչ՝ պուլսացիա:
Նոր առաջացող ամենօրյա կայուն գլխացավ
Այս գլխացավերն առաջանում են հանկարծակի, սովորաբար այն մարդկանց մոտ, ովքեր գլխացավի պատմություն չունեն: Դրանք մշտական են դառնում ձեր առաջին գլխացավից երեք օրվա ընթացքում: Դրանք՝
- հաճախ ազդում է ձեր գլխի երկու կողմերի վրա
- առաջացնում են ցավ, որը զգացվում է որպես սեղմում կամ ճնշում, բայց ոչ՝ պուլսացիա
- պատճառում են թեթևից մինչև չափավոր ցավ
- կարող են ընթանալ քրոնիկ միգրենին կամ քրոնիկ լարվածության գլխացավին բնորոշ նշաններով:
Երկարատև հեմիկրանիա (հեմիկրանիա կոնտինուա)
Այս գլխացավերը՝
- ազդում են ձեր գլխի միայն մի կողմերի վրա
- ամենօրյա և կայուն են՝ առանց անցավ շրջանների
- պատճառում են չափավոր ցավ՝ ուժեղ ցավի նոպաներով
- արձագանքում են Ինդոմետացինին (Ինդոցին)
- կարող են ծանրանալ՝ միգրենանման ախտանիշների զարգացմամբ:
Բացի այդ, երկարատև հեմիկրանիայի գլխացավերը կապված են հետևյալներից առնվազն մեկի հետ՝
- ցավացող կողմի աչքի արցունքակալում կամ կարմրություն
- քթի փակվածություն կամ քթահոսություն
- կոպի կախվածություն կամ բբի նեղացում
- անհանգստության զգացողություն:
Ե՞րբ հանդիպել բժշկին
Եզակի գլխացավերը շատ տարածված են և սովորաբար բուժման կարիք չունեն: Սակայն, տեղեկացրեք ձեր բժշկին, եթե՝
- սովորաբար շաբաթական երկու կամ ավելի գլխացավ եք ունենում
- դուք օրերի մասը ձեր գլխացավերի համար ցավազրկող եք ընդունում
- գլխացավը թեթևացնելու համար ձեզ հարկավոր է դեղատոմս չպահանջող ցավազրկողների ավելի մեծ դեղաչափեր, քան խորհուրդ է տրվում
- ձեր գլխացավի բնույթը փոխվում է կամ ձեր գլխացավերը վատթարանում են
- ձեր գլխացավերը ձեզ դարձնում են անգործունակ:
Շտապ դիմեք բժշկական օգնության կամ զանգեք 1-03, եթե ձեր գլխացավը՝
- հանկարծակի է և սուր
- ուղեկցվում է ջերմության բարձրացմամբ, ծոծրակային մկանների կարկամությամբ, շփոթվածությամբ, ցնցումներով, երկտեսությամբ (դիպլոպիա), թուլությամբ, թմրածությամբ կամ խոսքի դժվարացմամբ
- հետևում է գլխի վնասվածքին
- սաստկանում է՝ չնայած հանգստին և ցավազրկող դեղամիջոցներին:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-03-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024