Առողջական խնդիրներ
Քրոնիկ հոգնածության համախտանիշ (միալգիկ էնցեֆալիտ)

2 րոպե
Քրոնիկ հոգնածության համախտանիշը (ՔՀՀ) այնպիսի ծայրահեղ հոգնածության զգացում առաջացնող հիվանդություն է, որը մեկ այլ առողջական խնդրով պայմանավորված չէ։
Եթե դուք ունեք ՔՀՀ, շատ հաճախ զգում եք խիստ հոգնածություն, նույնիսկ եթե որևէ ֆիզիկական գործով չեք զբաղվել։ Սակայն, ծայրահեղ հոգնածությունից բացի դուք կարող եք նշել այլ գանգատներ ևս։
Բժիշկները դեռ չեն կարող բացատրել այս հիվանդության պատճառը, իսկ բուժումը բավականին դժվար է։ Սակայն, եթե ձեզ մոտ ախտորոշել են ՔՀՀ, բժիշկը կարող է առաջարկել միջոցներ, որոնք կթեթեևացնեն ձեր վիճակը։
Ախտանիշները և ախտորոշումը
ՔՀՀ ամենահաճախ դրսևորվող ախտանիշը շարունակական և անբացատրելի հոգնածության զգացումն է, որը կարող է ուղեկցվել հետևյալ ախտանիշներով՝
- գլխացավեր
- մկանացավեր
- հոդացավեր
- ըմպանացավեր
- հիշողության կորուստ կամ ուշադրության կենտրոնացման դժվարացում
- քնելուց հետո թարմանալու զգացողության կորուստ
- մեծացած ավշային հանգույցներ
- ֆիզիկական գործ անելուց հետո անսովոր հոգնածություն։
Ընդհանուր հոգնածությունը կարող է լինել միակ ախտանիշը, սակայն կարող են հանդես գալ նաև վերոնշյալ մի քանի կամ բոլոր նշանները։
Որոշ մարդկանց մոտ հիվանդությունն ունենում է մեղմ ընթացք, մյուսների մոտ՝ ավելի ծանր։
Գոյություն չունի ԿՀՀ-ն ախտորոշող որևէ եզակի հետազոտություն։ Բժիշկն ախտորոշում է այս հիվանդությունը՝ ելնելով ձեր ախտանիշներից և դրանց երկարատևությունից։ Այունամենայնիվ, նա կարող է նշանակելո որոշ հետազոտություններ, որպեսզի ժխտի այլ հավանական հիվանդությունների առկայությունը։
Ընդունված է ԿՀՀ ախտորոշել այն դեպքում, եթե հոգնածությունը շարունակվում է 6 ամիս և ավելի երկար։
Ախտանիշների վարում
Օգտակար կարող են լինել հետևյալ միջոցառումները՝
- թուլացեք և հանգստացեք այնքան, որքան կարող եք
- փորձեք ամեն օր գիշերներն անկողին մտնել և քնել նույն ժամին՝ խուսափելով ցերեկները ննջելուց
- սահմանափակեք ձեր ֆիզիկական ակտիվությունը նույնիսկ լավ ինքնազգացողության դեպքում, հակառակ դեպքում ձեր «հյուծված օրերը» կարող են ավելի երկարել
- ֆիզիկապես ակտիվ լինելիս գործեք համաչափորեն՝ առանց արագացումների
- խուսափեք կոֆեինից, ալկոհոլից, նիկոտինից և բոլոր մյուս այն գործոններից, որոնք կարող են բացասաբար ազդել ձեր քնի վրա։
Բժիշկը կարող է ձեզ նշանակել որոշ բուժումներ, օրինակ՝
- դեղեր՝ հակադեպրեսանտներ, եթե դուք ընկճվածություն եք զգում կամ քնաբերներ, եթե ձեր գիշերային քունը խաթարված է
- աստիճանավորված վարժանքներ, երբ դուք փորձում եք ձեր վիճակին ու կարիքներին համապատասխանող որևէ վարժանք և զգուշությամբ ավելացնում եք ծանրաբեռնվածությունը, եթե դրան պատրաստ եք
- հոգեբանական խորհրդատվություն
- կոգնիտիվ-վարքաբանական թերապիա։
Հոդվածը տեղադրվել է՝ 27-05-2019 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: