Քրոնիկ հոգնածության համախտանիշի կամ միալգիկ էնցեֆալոմիելիտի (ՔՀՀ/ՄԷ) վերջնական բուժում չկա:
Բուժումը կենտրոնանում է ախտանիշների թեթևացման վրա: Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել առավել խանգարող կամ հաշմանդամացնող ախտանիշներին:
Դեղորայքային բուժում
ՔՀՀ/ՄԷ-ի հետ կապված որոշ խնդիրներ կարող են բարելավվել որոշ դեղամիջոցներով: Օրինակները ներառում են հետևյալը:
- Ցավ. եթե այնպիսի դեղամիջոցներն, ինչպիսիք են Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն) և Նապրոքսեն նատրիումը (Ալեվե) բավարար չափով չեն օգնում, ձեր բժիշկը կարող է նշանակել ավելի ուժեղ դեղեր, որոնք երբեմն օգտագործվում են ֆիբրոմիալգիայի բուժման համար, ինչպիսիք են Պրեգաբալինը (Լիրիկա), Դուլոքսետինը (Ցիմբալտա), Ամիտրիպտիլինը կամ Գաբապենտինը (Նեյրոնտին):
- Օրթոստատիկ անտանելիություն (անհանդուրժողականություն). այս վիճակն ունեցող որոշ մարդիկ, հատկապես դեռահասները, ուշագնացություն կամ սրտխառնոց են զգում, երբ կանգնում կամ ուղիղ նստում են: Արյան ճնշումը կամ սրտի ռիթմը կարգավորող դեղամիջոցները կարող են օգտակար լինել:
- Դեպրեսիա. երկարատև առողջական խնդիրներ ունեցող բազմաթիվ մարդիկ, ինչպիսիք են ՔՀՀ/ՄԷ ունեցողները, նաև ընկճված են: Ձեր դեպրեսիայի բուժումը կարող է հեշտացնել քրոնիկ հիվանդություն ունենալու հետ կապված խնդիրները: Որոշ հակադեպրեսանտների ցածր դեղաչափերը նաև կարող են օգնել բարելավելու քունը և թեթևացնելու ցավը:
Հետծանրաբեռնվածության սրացման կառավարում
ՔՀՀ/ՄԷ ունեցող մարդիկ սովորաբար նշում են ախտանիշների վատթարացում ֆիզիկական, մտավոր կամ հուզական ջանքերից հետո: Սա կոչվում է հետլարվածության սրացում: Այն սովորաբար սկսվում է վերոնշյալ վիճակներից հետո 12-ից 24 ժամվա ընթացքում և կարող է տևել օրեր կամ շաբաթներ:
Մարդիկ, ովքեր ունեն հետլարվածության սրացում, հաճախ պայքարում են ակտիվության և հանգստի միջև լավ հավասարակշռություն գտնելու համար: Նպատակը ակտիվ մնալն է՝ առանց չափն անցնելու: Սա նաև կոչվում է ռիթմավարություն:
Նման իրավիճակների դեպքում նպատակ է դրվում նվազեցնել ծանրաբեռնվածությունից հետո ախտանիշների վատթարացումը, այլ ոչ թե վերադառնալ նույն ակտիվության մակարդակին, ինչ ունեիք, երբ առողջ էիք: Երբ ձեր վիճակը բերալավվում է, կարող եք ապահով կերպով ներգրավվել ավելի շատ ակտիվության մեջ՝ առանց ծանրաբեռնվածությունից հետո անհանգստություն առաջացնելու:
Ձեզ կարող է օգնել ձեր գործունեության և ախտանիշների ամենօրյա օրագիր պահելը, որ կարողանաք հետևել, թե որքան ակտիվությունն է բավարար ձեզ համար:
Քնի խնդիրների լուծում
Քնի պակասը կարող է ավելի դժվարացնել այլ ախտանիշների դեմ պայքարելը: Ձեր բժշկական թիմը կարող է առաջարկել խուսափել կոֆեինից կամ փոխել քնելու ձեր ռեժիմը: Քնի ապնոէն կարող է բուժվել՝ օգտագործելով սարք, որն ապահովում է օդի ճնշում դիմակի միջոցով, երբ դուք քնած եք:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024