Քրոնիկ հոգնածության համախտանիշի կամ միալգիկ էնցեֆալոմիելիտի (ՔՀՀ/ՄԷ) ախտորոշումը հաստատող որևէ եզակի հետազոտություն կամ թեստ չկա:
Ախտանիշները կարող են նմանակել բազմաթիվ այլ առողջական խնդիրների, ներառյալ հետևյալը:
- Քնի խանգարումներ. հոգնածության պատճառ կարող են լինել քնի խանգարումները: Քնի հետազոտությունը (պոլիսոմնոգրաֆիա) կարող է որոշել, թե արդյոք ձեր հանգստին խանգարում են այնպիսի վիճակներ, ինչպիսիք են քնի օբստրուկտիվ ապնոէն, անհանգիստ ոտքերի համախտանիշը կամ անքնությունը:
- Այլ առողջական խնդիրներ. հոգնածությունը տարածված ախտանիշ է մի շարք առողջական վիճակների դեպքում, ինչպիսիք են սակավարյունությունը (անեմիա), շաքարային դիաբետը և թերակտիվ վահանաձև գեղձը (հիպոթիրեոզ): Լաբորատոր թեստերով կարող է ստուգվել ձեր արյունը՝ որոշ գլխավոր կասկածյների վերաբերյալ տվյալներ ստանալու համար:
- Հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ. հոգնածությունը նաև հոգեկան առողջության տարբեր խնդիրների ախտանիշ է, ինչպիսիք են դեպրեսիան և անհանգստությունը: Խորհրդատուն կարող է օգնել պարզելու, թե արդյոք այս խնդիրներից մեկն է ձեր հոգնածության պատճառը:
Նաև սովորական է, որ մարդիկ, ովքեր ունեն ՔՀՀ/ՄԷ, միաժամանակ ունենան այլ առողջական խնդիրներ, ինչպիսիք են քնի խանգարումները, գրգռված աղիքի համախտանիշը կամ ֆիբրոմիալգիան:
Իրականում, այս վիճակի և ֆիբրոմիալգիայի միջև այնքան համընկնող ախտանիշներ կան, որ որոշ հետազոտողներ երկու խանգարումները համարում են նույն հիվանդության տարբեր կողմեր:
Ախտորոշիչ չափորոշիչներ
ԱՄՆ Բժշկության ինստիտուտի կողմից առաջարկված ուղեցույցները ՔՀՀ/Մ-ի հետ կապված հոգնածությունը սահմանում են որպես՝
- այնքան ծանր, որ խանգարում է մինչև հիվանդությունը սովորական գործերով զբաղվելու ունակությունը
- նոր կամ հստակ սկիզբ
- հանգստի միջոցով էապես չի մեղմանում
- վատթարանում է ֆիզիկական, մտավոր կամ հուզական ծանրաբեռնվածությունից:
Այս վիճակի ախտորոշիչ չափանիշներին համապատասխանելու համար անձը նույնպես պետք է զգա այս երկու ախտանիշներից առնվազն մեկը՝
- հիշողության, կենտրոնացման և ուշադրության հետ կապված դժվարություններ
- գլխապտույտ, որը սաստկանում է պառկած կամ նստած դիրքից կանգնելիս:
Այս ախտանշանները պետք է ունենան առնվազն վեց ամսվա պատմություն և ունենան չափավոր, զգալի կամ ծանր դրսևորումներ ժամանակի առնվազն կեսում:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024