Քրոնիկ միելոգեն լեյկոզը զարգանում է, երբ ինչ-որ բան փոփոխություններ է առաջացնում ոսկրածուծի բջիջներում:
Պարզ չէ, թե ինչու է մեկնարկում այս գործընթացը: Այնուամենայնիվ, բժիշկները պարզել են, թե ինչպես է այն վերածվում քրոնիկ միելոգեն լեյկոզի:
Զարգանում է նոր քրոմոսոմ
Նորմայում մարդու բջիջները պարունակում են 23 զույգ քրոմոսոմ: Այս քրոմոսոմները պարունակում են բջիջներին հրահանգող ԴՆԹ: Քրոնիկ միելոգեն լեյկոզ ունեցող մարդկանց մոտ արյան բջիջների քրոմոսոմները միմյանց հետ փոխանակվում են որոշակի հատվածներով: 9-րդ քրոմոսոմի մի հատվածը փոխում է իր տեղը 22-րդ քրոմոսոմի մեկ այլ հատվածի հետ: Սա ստեղծում է չափազանց կարճ 22-րդ քրոմոսոմ և չափազանց երկար 9-րդ քրոմոսոմ:
Կարճացած 22-րդ քրոմոսոմը կոչվում է Ֆիլադելֆիայի քրոմոսոմ՝ ի պատիվ այն քաղաքի, որտեղ հայտնաբերվել է։ Ֆիլադելֆիայի քրոմոսոմն առկա է քրոնիկ միելոգեն լեյկոզով հիվանդ մարդկանց 90%-ի արյան բջիջներում:
Ֆիլադելֆյան (Ph 1) քրոմոսոմը ստեղծում է նոր գեն
9-րդ քրոմոսոմի գեները միավորվում են 22-րդ քրոմոսոմի գեների հետ՝ ստեղծելով նոր գեն, որը կոչվում է BCR-ABL: BCR-ABL գենը արյան բջիջներին հրահանգում է, որ չափից ավելի շատ արտադրեն թիրոզին կինազ կոչվող սպիտակուց: Թիրոզին կինազը խթանում է քաղցկեղի զարգացումը՝ թույլ տալով, որ որոշ արյան բջիջներ սկսեն անվերահսկելիորեն աճել:
Նոր գենը թույլ է տալիս, որ արտադրվեն մեծ թվով ախտահարված արյան բջիջներ
Արյան բջիջները սկիզբ են առնում ոսկրածուծում: Երբ ոսկրածուծը ճիշտ է գործում, այն վերահսկվող ձևով արտադրում է ոչ հասուն բջիջներ, որոնք կոչվում են արյան ցողունային բջիջներ, որոնք այնուհետև հասունանում և մասնագիտանում են արյան մեջ շրջանառվող արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտներ), սպիտակ բջիջների (լեյկոցիտներ) և արյան թիթեղիկների (թրոմբոցիտներ):
Քրոնիկ միելոգեն լեյկոզի դեպքում այս գործընթացը խախտվում է: Թիրոզին կինազը թույլ է տալիս, որ չափազանց շատ արյան սպիտակ բջիջներ աճեն: Այս բջիջների մեծ մասը կամ բոլորը պարունակում են Ֆիլադելֆիայի քրոմոսոմ: Ախտահարված սպիտակ արյան բջիջները չեն աճում և մահանում այնպես, ինչպես պետք է, և սկսում են անվերահսկելի կերպով բազմանալ և հսկայական քանակությամբ կուտակվել: Նրանք դուրս են մղում առողջ արյան բջիջները և վնասում ոսկրածուծը:
Ռիսկի գործոններ
Քրոնիկ միլեոգեն լեյկոզի ռիսկը կարող են բարձրացնել հետևյալ գործոնները:
- Մեծ տարիք. քրոնիկ միելոգեն լեյկոզն ավելի տարածված է տարեց մարդկանց, քան երեխաների և դեռահասների մոտ:
- Արական սեռ. տղամարդիկ մի փոքր ավելի շատ են ենթարկվում քրոնիկ միելոգեն լեյկոզի զարգացման ռիսկին, քան կանայք:
- Ճառագայթման ազդեցություն. քաղցկեղի որոշ տեսակների ճառագայթային թերապիան կապված է քրոնիկ միելոգեն լեյկոզի զարգացման հետ:
Քրոնիկ միլեոգեն լեյկոզի կանխարգելման որևէ միջոց չկա: Եթե ձեզ մոտ զարգացել է այս հիվանդությունը, դուք ոչինչ չէիք կարող անել դա կանխելու համար:
Ընտանեկան պատմությունը (անամնեզը) ռիսկի գործոն չէ
Գենային փոփոխությունը (մուտացիան), որը հանգեցնում է քրոնիկ միելոգեն լեյկոզի, չի փոխանցվում ծնողներից երեխաներին: Ենթադրվում է, որ այս մուտացիան զարգանում է ծնվելուց հետո:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024