Քրոնիկ միելոգեն լեյկոզի ախտորոշման համար օգտագործվող հետազոտություններն ու միջամտությունները ներառում են հետևյալը:
- Ֆիզիկական քննություն (բուժզննում). բժիշկը զնում է ձեզ և ստուգում կենսական ցուցանիշները, ինչպիսիք են անոթազարկը (պուլս) և արյան ճնշումը: Բժիշկը նաև շոշափում է ձեր ավշային հանգույցները, փայծաղը և որովայնը՝ ստուգելու մեծացման կամ այտուցի առկայությունը:
- Արյան թեստեր. արյան նմուշը վերցվում է երակից՝ ասեղով և ուղարկվում լաբորատորիա արյան ընհանուր քննության համար (CBC): CBC-ն չափում է արյան տարբեր տեսակի բջիջների քանակները: Քրոնիկ միելոգեն լեյկոզը հաճախ առաջացնում է շատ մեծ քանակությամբ սպիտակ արյան բջիջներ (լեյկոցիտներ): Արյան թեստերը նաև կարող են ստուգել տարբեր օրգանների գործառույթը և հայտնաբերել դրանց գործունեության խանգարումները:
- Ոսկրածուծի թեստեր. ոսկրածուծի բիոպսիան և ոսկրածուծի ասպիրացիան օգտագործվում են ոսկրածուծի փորձանմուշներ ստանալու համար: Ոսկրածուծն ունի պինդ և հեղուկ մաս։ Ոսկրածուծի բիոպսիայի դեպքում ասեղով հավաքվում է պինդ հյուսվածքի փոքր քանակություն, իսկ ոսկրածուծի ասպիրացիայի ժամանակ ասեղով արտածծվում է հեղուկ նմուշ: Նմուշները սովորաբար վերցվում են ազդրոսկրից և ուղարկվում լաբորատորիա՝ մանրադիտակային հետազոտման:
- Ֆիլադելֆիայի քրոմոսոմի հայտնաբերման թեստեր. արյան կամ ոսկրածուծի նմուշներում Ֆիլադելֆիայի քրոմոսոմի կամ BCR-ABL գենի առկայությունը ստուգվում է հատուկ մասնագիտացված թեստերով, որոնցից են ֆլուորեսցենտային in situ հիբրիդացման անալիզը (FISH) և պոլիմերազային շղթայական ռեակցիայի թեստը (PCR):
Քրոնիկ միելոգեն լեյկոզի փուլները
Քրոնիկ միելոգեն լեյկոզի փուլը բնութագրում է հիվանդության ագրեսիվությանը։ Ձեր բժիշկը որոշում է հիվանդության փուլը՝ չափելով ձեր արյան կամ ոսկրածուծի հիվանդ և առողջ բջիջների հարաբերակցությունը: Հիվանդ բջիջների ավելի բարձր հարաբերակցությունը նշանակում է, որ քրոնիկ միելոգեն լեյկոզը գտնվում է ավելի զարգացած փուլում:
Քրոնիկ միելոգեն լեյկոզի փուլերը ներառում են հետևյալը:
- Քրոնիկ. սա ամենավաղ փուլն է, որն, ընդհանուր առմամբ, ամենալավն է ենթարկվում բուժմանը:
- Արագացված (ակսելերացված). սա անցումային փուլն է, երբ հիվանդությունը սկսում է դառնալ ավելի ագրեսիվ։
- Բլաստային. բլաստային փուլը ծանր, ագրեսիվ փուլն է, որը կարող է դառնալ կյանքին սպառնացող:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024