Բազմաթիվ մարդկանց համար քրոնիկ միելոգեն լեյկոզը հիվանդություն է, որով նրանք ապում են տարիներ շարունակ:
Շատերը շարունակում են բուժումը թիրախային թերապիայի միջոցով անորոշ ժամանակով: Որոշ օրեր դուք կարող եք ձեզ հիվանդ զգալ, նույնիսկ եթե հիվանդ տեսք չունեք: Եվ մի քանի օր դուք կարող եք պարզապես վատառողջ լինել: Փորձեք հետևյալ ինքնախնամքի միջոցները, որոնք կօգնեն ձեզ, որ հարմարվեք ձեր վիճակին և հաղթահարեք քրոնիկ հիվանդությունը:
- Խոսեք ձեր բժշկի հետ ձեզ մոտ դիտարկված կողմնակի ազդեցությունների մասին. քաղցկեղի ուժեղ դեղամիջոցները կարող են բազմաթիվ կողմնակի բարդություններ առաջացնել, սակայն դրանք հաճախ կարելի է կառավարել այլ դեղամիջոցներով կամ բուժումներով: Դուք չպետք է կարգավորեք դրանք առանց ձեր բժշկի իմացության և օգնության:
- Մի՛ փորձեք ինքնուրույն դադարեցնել ձեր բուժումը. եթե ձեզ մոտ առաջանում են կողմնակի երևույթներ, ինչպիսիք են մաշկային ցանը կամ հոգնածությունը, մի՛ դադարեցրեք ձեր դեղերի ընդունումն առանց ձեր բժշկի հետ խոսելու: Նույն կերպ, մի՛ դադարեցրեք ձեր դեղերի ընդունումը, եթե ձեզ ավելի լավ եք զգում և կարծում եք, որ ձեր հիվանդությունը կարող է բուժված լինել: Եթե դադարեցնեք դեղեր ընդունելը, ձեր ախտանիշները կարող են արագ վերադառնալ, նույնիսկ եթե դուք երկար ժամանակ լավացման՝ ախտադադարի (ռեմիսիայի) մեջ եք եղել:
- Դիմեք օգնության, եթե դժվարանում եք հաղթահարել ձեր հիվանդությունը. քրոնիկ հիվանդություն ունենալը կարող է ճնշող լինել՝ ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հուզականորեն: Տեղեկացրեք ձեր բժշկին ձեր զգացումների մասին: Խնդրեք, որ նա ձեզ ուղղորդի որևէ խորհրդատուի կամ մեկ այլ մասնագետի մոտ, ում հետ կարող եք ազատորեն զրուցել ձեզ հուզող հարցերի շուրջ:
Այլընտրանքային բժշկություն
Քրոնիկ միելոգեն լեյկոզի բուժման համար այլընտրանքային դեղամիջոցներ չեն հայտնաբերվել: Սակայն, այլընտրանքային բժշկությունը կարող է օգնել ձեզ հաղթահարելու հոգնածությունը, որը բնորոշ է քրոնիկ միելոգեն լեյկոզով հիվանդ մարդկանց:
Դուք կարող եք հոգնածությունից գանգատվել որպես ձեր հիվանդության ախտանիշ, բուժման կողմնակի ազդեցություն կամ որպես սթրեսի մի մաս, որը կապված է քրոնիկ առողջական խնդրով ապրելու հետ: Ձեր բժիշկը կարող է բուժել հոգնածությունը՝ վերահսկելով հիմքում ընկած պատճառները, սակայն երբեմն միայն դեղամիջոցները բավարար չեն:
Դուք կարող եք որոշակի թեթևացում գտնել այլընտրանքային թերապիաների միջոցով, ինչպիսիք են՝
- ֆիզիկական վարժանքներ
- օրագրի պահում
- մերսում
- ռելաքսացիայի մեթոդներ
- յոգա:
Խոսեք ձեր բժշկի հետ ձեր ընտրանքների մասին: Միասին դուք կարող եք ծրագիր մշակել, որը կօգնի ձեզ հաղթահարելու քրոնիկ հոգնածությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024