Քրոնիկ միելոգեն լեյկոզի բուժման նպատակն է վերացնել արյան այն բջիջները, որոնք պարունակում են BCR-ABL գեն:
Մարդկանց մեծամասնության համար բուժումը սկսվում է թիրախային թերապիայով, որը կարող է օգնել հասնելու հիվանդության երկարաժամկետ մեղմացման (ախտադադար կամ ռեմիսիա):
Թիրախային թերապիա
Թիրախային թերապիան օգտագործում է դեղամիջոցներ, որոնք թիրախավորում են քաղցկեղի բջիջներին հատուկ քիմիական նյութերը: Արգելափակելով այս քիմիական նյութերը՝ թիրախային թերապիան կարող է հանգեցնել քաղցկեղային բջիջների ոչնչացման: Քրոնիկ միելոգեն լեյկոզի դեպքում այս դեղամիջոցների թիրախը թիրոզին կինազա սպիտակուցն է, որը արտադրվում է BCR-ABL գենով, ուստի դեղամիջոցները կոչվում են թիրոզին կինազի արգելակիչներ (ինհիբիտորներ), որոնք նաև հայտնի են որպես TKI:
TKI-ները համարվում են քրոնիկ միելոգեն լեյկոզով ախտորոշված մարդկանց նախնական բուժման միջոցներ: Այս թիրախային դեղամիջոցների կողմնակի ազդեցություններից են մաշկի այտուցվածությունը կամ փքվածությունը, սրտխառնոցը, մկանային կծկանքը (սպազմ), հոգնածությունը, փորլուծությունը և մաշկային ցանը:
BCR-ABL գենի առկայությունը հայտնաբերող արյան թեստերն օգտագործվում են թիրախային թերապիայի արդյունավետությունը վերահսկելու համար: Եթե հիվանդությունը չի արձագանքում թիրախային թերապիային կամ դառնում է դրա նկատմամբ դիմացկուն (ռեզիստենտ), բժիշկները կարող են դիտարկել թիրախային թերապիայի այլ դեղամիջոցներ կամ այլ բուժումներ:
Բժիշկները դեռ չեն կարող որոշել այն անվտանգ կետը, որից հետո քրոնիկ միելոգեն լեյկոզով մարդիկ կարող են դադարեցնել թիրախային դեղամիջոցների օգտագործումը: Այդ պատճառով մարդկանց մեծամասնությունը շարունակում է թիրախային դեղամիջոցներ ստանալ, նույնիսկ երբ արյան թեստերը վկայում են կայուն ախտադադարի մասին: Որոշ իրավիճակներում դուք և ձեր բժիշկը կարող եք քննարկել թիրախային դեղամիջոցներով բուժումը դադարեցնելու մասին՝ նախապես օգուտներն ու ռիսկերը քննարկելուց հետո:
Ոսկրածուծի փոխպատվաստում
Ոսկրածուծի փոխպատվաստումը, որը նաև կոչվում է ցողունային բջիջների փոխպատվաստում, միակ բուժումն է, որը կարող է բուժել քրոնիկ միելոգեն լեյկոզը: Այնուամենայնիվ, բուժման այս տարբերակը սովորաբար վերապահված է այն մարդկանց համար, ում այլ բուժումները չեն օգնել: Սա պայմանավորված է այն փաստով, որ ոսկրածուծի փոխպատվաստումն ունի ռիսկեր և լուրջ բարդությունների բարձր մակարդակ:
Ոսկրածուծի փոխպատվաստման ժամանակ քիմիոթերապիայի դեղամիջոցների բարձր դեղաչափերն օգտագործվում են ձեր ոսկրածուծի արյունաստեղծ բջիջները ոչնչացնելու համար: Այնուհետև դոնորի արյան ցողունային բջիջները ներարկվում են ձեր արյան մեջ: Նոր բջիջները վերածվում են առողջ արյան բջիջների, որոնք էլ փոխարինում են հիվանդ բջիջներին:
Քիմիոթերապիա
Քիմիոթերապիան ուժեղ ազդող դեղամիջոցների օգտագործումն է, որոնք ունակ են ոչնչացնելու քաղցկեղային բջիջները: Քիմիոթերապիայի դեղամիջոցները երբեմն զուգակցվում են թիրախային թերապիայի հետ՝ ագրեսիվ քրոնիկ միելոգեն լեյկոզի բուժման համար: Քիմիոթերապիայի դեղերի կողմնակի ազդեցությունները կախված են նրանից, թե ինչ դեղամիջոցներ եք ընդունում:
Կլինիկական փորձարկումներ
Կլինիկական փորձարկումները նոր բուժումների արդյունավետության և անվտանգության գնահատման հետազոտություններ են: Կլինիկական փորձարկումների կողմնակի ազդեցությունների ռիսկը կարող է հայտնի չլինել: Հարցրեք ձեր բժշկին, թե արդյոք դուք կարող եք լինել կլինիկական փորձարկում:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024