Քիթը (քթի խոռոչ) ու հարքթային ծոցերը (սինուսներ) նորմայում արտադրում են լորձ, որը խոնավ է պահում քթի խոռոչի լորձաթաղանթը և, որպես կանոն, անցնելով քիթըմպանով կոկորդ, ի վերջո և կուլ է տրվում:
Կան բազմաթիվ հիվանդություններ և առողջական վիճակներ, որոնք կարող են առաջացնել քթահոսություն (ռինոռեա):
- Մրսածություն և գրիպ. այս հիվանդություններից առաջացած լորձի ավելցուկը կարող է լցվել քթի խոռոչ և առաջացնել քթային անցուղիների ժամանակավոր խցանումներ՝ դժվարացնելով քթով շնչելը:
- Լաց. երբ դուք լաց եք լինում, ձեր արցունքներն արցունքատար խողովակներով հասնում են քթի խոռոչ, որից հետո կարող են դուրս գալ որպես քթահոսություն:
- Ցուրտ եղանակ. ցուրտ եղանակը երբեմն կարող է առաջացնել ռեակցիա, որն առաջացնում է քթային լորձ:
- Հարքթային խոռոչների (սինուսների) և կամ ադենոիդների վարակներ. ծոցերը կամ դեմքի ոսկորներում առկա խոռոչները, որոնք բացվում են քթի խոռոչի մեջ, կարող են լցվել վարակված լորձով, որն էլ հանգեցնի սինուսիտի: Երեխաների մոտ նաև կարող են վարակվել քթի խոռոչի ետին մասում առկա ադենոիդները:
- Ալերգիկ ռինիտ. լորձ կարող է առաջանալ ալերգիայի կամ ալերգենների նկատմամբ քթի լորձաթաղանթի արձագանքից, ինչպիսիք են ծաղկափոշին կամ ընտանի կենդանիների թեփը:
- Ոչ ալերգիկ ռինիտ. որպես քթի լորձաթաղանթի պատասխան, լորձ նաև կարող է առաջանալ տեղային (ուղղակի) գրգռիչներից, ինչպիսիք են ծխով կամ փոշիներով աղտոտված օդը կամ այլ գրգռիչների նկատմամբ օրգանիզմի արձագանքից, ինչպիսիք են ցուրտ եղանակը կամ տաք կերակուրը:
- Մեծ կամ այտուցված քթային խոհաններ. քթի խոռոչի երկայնքով ձգվող խոհանները կարող են այտուցվել ալերգիայի կամ վարակների պատճառով և հանգեցնել քթի խցանման:
- Մեծացած կամ այտուցված ադենոիդներ. այս վիճակն առաջանում է մանկահասակ երեխաների քթի ետևի շրջանում առկա փափուկ ավշային հյուսվածքի այտուցի պատճառով:
- Քթի պոլիպներ. դրանք քթի լորձաթաղանթի վրա աճած խաղողի ողկույզ հիշեցնող գոյացություններ են:
- Քթում օտար մարմին. հաճախ մանկահասակ երեխաների մոտ քթի խցանման պատճառ կարող է հանդիսանալ պատահաբար քթում հայտնված որևէ փոքր առարկան կամ իրը, օրինակ՝ գետնանուշը կամ ուլունքը: Սա կարող է հանգեցնել քթի փակվածության և գարշահոտ լորձի արտահոսքի:
- Քթի խոռոչի կիստաներ կամ ուռուցքներ. հազվադեպ, քթի խցանում առաջանում է քթի խոռոչում աճած բարորակ կամ չարորակ ուռուցքներից կամ կիստաներից, որոնց դեպքում ավելի հաճախ ախտանշաններն ի հայտ են գալիս քթի միայն մի կողմում:
- Շեղված քթի միջնապատ. քթի աջ և ձախ կողմերը միմյանցից բաժանված են ոսկրաաճառային պատով, որը կոչվում է քթի միջնապատ: Երբեմն քթի միջնապատը կարող է թեքվել դեպի մի կողմ՝ առաջացնելով նույն կողմում քթային անցուղու նեղացում կամ խցանում։ Այս ձևափոխումը կարող է դրսևորվել ի ծնե (բնածին) կամ առաջանալ քթի վնասվածքից հետո:
- Քթի բնածին արատներ. քթի խոռոչի բնածին խանգարումները կարող են հանգեցնել ինչպես քթահոսության, այնպես էլ քթի կամ դրա կողմերից մեկնումեկի փակվածության:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024