Հասարակ հերպես. պատճառներ
09-07-2021
1 րոպե

Հասարակ հերպեսը հարուցվում է համանուն՝ հասարակ հերպեսի վիրուսի (HSV) որոշ շտամներով:
HSV-1-ը (տիպ 1) սովորաբար առաջացնում է հասարակ հերպես, մինչդեռ HSV-2-ը (տիպ 2) սովորաբար պատասխանատու է սեռական (գենիտալ) հերպեսի համար: Սակայն վիրուսի երկու տեսակն էլ կարող են տարածվել դեպի դեմք կամ սեռական օրգաններ սերտ շփման միջոցով, օրինակ՝ համբուրվելիս կամ բերանային (օրալ) սեռական հարաբերությամբ զբաղվելիս: Սպասքի պարագաների, ածելիների կամ սրբիչների համատեղ օգտագործումը նույնպես կարող է տարածել HSV-1 վիրուսը:
Հասարակ հերպեսն առավել վարակիչ է բացված բշտիկների և հոսող խոցերի շրջանում, քանի որ վիրուսը հեշտությամբ տարածվում է վարակված կենսահեղուկներով: Սակայն վիրուսը նաև կարող է տարածվել, երբ բացված բշտիկներ կամ խոցեր չկան: Հասարակ հերպեսի վիրուսով վարակված բազմաթիվ մարդկանց մոտ երբեք գանգատներ կամ ախտանիշներ չեն զարգանում:
Երբ մի անգամ ունեցել եք հերպեսային վարակի դրվագ, վիրուսը մնում է «քնած» (ոչ ակտիվ) վիճակում մաշկի նյարդային բջիջներում և կարող է վերաակտիվանալ և ի հայտ գալ որպես նոր հերպեսային ցան՝ նախորդ տեղում: Հասարակ հերպեսի կրկվելուն կարող են նպաստել հետևյալ գործոնները՝
- վիրուսային վարակ կամ ջերմում
- հորմոնային տեղաշարժեր, օրինակ՝ կապված դաշտանային ցիկլի հետ
- սթրես
- ընդհանուր հոգնածություն
- արևի ճառագայթների կամ քամու ազդեցություն
- իմունային համակարգի փոփոխություններ
- մաշկի վնասումներ:
Ռիսկի գործոններ
Գրեթե բոլոր մարդիկ տարբեր չափով ենթարկվում են հասարակ հերպեսի ռիսկին: Բազմաթիվ չափահասների օրգանիզմում առկա է հերպեսի վիրուս, նույնիսկ եթե երբեք ախտանիշներ չեն ունեցել:
Այնուամենայնիվ, վիրուսի առաջացրած բարդությունների ռիսկն աճում է, երբ տարբեր հիվանդությունների կամ բուժումների պատճառով ունեք թուլացած իմունային համակարգ, ինչպիսիք են՝
- ՄԻԱՎ/ՁԻԱՀ
- ատոպիկ դերմատիտ (էկզեմա)
- քաղցկեղի քիմիոթերապիա
- օրգանի փոխպատվաստումից հետո իմունային համակարգն ընկճող դեղամիջոցների ընդունում:
Հոդվածը վերանայվել է՝ 09-07-2021