Գրադարան
ՍՇՎՎ և գրիպ. դեղամիջոցներ

4 րոպե
Կան տարբեր դեղեր, որոնք կարող են օգնել, որ ավելի հեշտ հաղթահարեք մրսածությունը և գրիպը։
Դեղատոմս չպահանջող դեղեր
Սուր շնչառական վիրուսային վարակի (ՍՇՎՎ, ОРВИ) կամ գրիպի ախտանիշները կարելի է մեղմացնել առանց դեղատոմսի վաճառվող մի շարք դեղերով։
Ացետամինոֆեն
Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն) որպես ցավազրկող և ջերմիջեցնող կարող է տրվել չափահասներին և 1 ամսականից բարձր երեխաներին։ Համոզվեք, որ երեխային տալիս եք իր տարիքին և մարմնի զանգվածին համապատասխան Պարացետամոլի դեղաչափ, քանի որ ավելի բարձր քանակները կարող են դառնալ վտանգավոր։
Ուշադիր ընթերցեք պիտակի հրահանգները և խստորեն հետևեք դրանց: Եթե ինչ-որ հարցում համոզված չեք, ճշտեք դրանց պատասխանները բժշկից։
Իբուպրոֆեն
Իբուպրոֆենը կարող է տրվել չափահասներին և 3 ամսականից բարձր երեխաներին որպես ցավազրկող և ջերմիջեցնող դեղամիջոց։ Համոզվեք, որ երեխային տալիս եք իր տարիքին և մարմնի զանգվածին համապատասխան Իբուպրոֆենի դեղաչափ, քանի որ ավելի բարձր քանակները կարող են դառնալ վտանգավոր։
Ուշադիր ընթերցեք պիտակի հրահանգները և խստորեն հետևեք դրանց, և եթե ինչ-որ հարցում համոզված չեք, ճշտեք դրանց պատասխանները ձեր բժշկից։ Խուսափեք իբուպրոֆենից, եթե երեխան ունի ասթմա։
Դեկոնգեստանտներ և քթի աղային սփրեյներ կամ քթի փակվածության դեմ կաթիլներ
Քթային դեկոնգեստանտները (հակականգային միջոցներ) և աղային սփրեյները կարող են մեղմացնել քթի փակվածությունը (քթում «կանգը»), սակայն այս դեղամիջոցները չի կարելի օրվա մեջ 4-5 անգամից ավելի հաճախ օգտագործել։
Մինչև 6 ամսական երեխաներին չի թույլատրվում տալ քթային դեկոնգեստանտներ (Պսևդոէֆեդրին, Ֆենիլէֆրին, Օքսիմետազոլին կամ Քսիլոմեազոլին) պարունակող պատրաստուկներ։ Նման իրավիճակներում ըստ անհրաժեշտության օգտագործեք քթի աղային սփրեյներ կամ կաթիլներ։
Ավելի բարձր տարիքի երեխաներին մինչև որևէ դեկոնգեստանտ տալը ճշտեք բժշկից, թե արդյոք այդ դեղամիջոցը երեխայի համար անվտանգ է։
Հազի և ընդհանուր մրսածության դեմ դեղերի զուգակցում
Միաժամանակ հակահազային և ընդհանուր մրսածության դեմ ակտիվ դեղեր պարունակող պատրաստուկները հաճախ օգտագործվում են ՍՇՎՎ-ի և գրիպի ախտանիշները մեղմացնելու համար, սակայն պետք է իմանալ, որ մինչ օրս որևէ ապացուցված տվյալ չկա այն մասին, որ հատկապես երեխաների համար նման զուգակցումը բավարար օգտակար է։
Հազի և մրսածության դեմ զուգակցված դեղերը հաճախ պարունակում են Պարացետամոլ, ուստի պետք է ուշադիր լինել և ստուգել, թե արդյոք երեխային տրված այլ դեղերի մեջ կա Պարացետամոլ՝ գերդոզավորումից խուսափելու համար։
Հավելումներ
Որոշ պատրաստուկներ հիմնական ազդող դեղից բացի պարունակում են այլ լրացուցիչ նյութեր՝ վիտամիններ, միներալներ (օրինակ՝ ցինկ) կամ բուսական ծագման միջոցներ (օրինակ՝ էխինացեա)։ Հաշվի առեք, որ որևէ ապացուցված տվյալ չկա այն մասին, թե ինչ արդյունավետությամբ են այս հավելանյութերն օգնում ՍՇՎՎ-ի և գրիպի բուժմանը կամ կանխարգելմանը։
Հակավիրուսային դեղեր
Գրիպի բարդությունների առաջացման դեպքում չի բացառվում, որ բժիշկը նշանակի հակավիրուսային դեղեր։ Դրանք իրականում չեն բուժում գրիպը (չեն խոչընդոտում ձեր օրգանիզմում վիրուսների բազմացմանը), սակայն, եթե ընդունվում են գրիպի նշաններն ի հայտ գալու առաջին 48 ժամվա ընթացքում, կարող են օգնել, որ՝
- հիվանդության տևողությունը կրճատվի մոտ 1 օրով
- մեղմանան որոշ ախտանիշներ
- կրճատվի որոշ հավանական բարդությունների ռիսկը։
Զրուցեք բժշկի հետ, որ անհրաժեշտության դեպքում ընտրեք ամենաարդյունավետ հակավիրուսային դեղամիջոցը։
Հակաբիոտիկներ
Հակաբիոտիկները չեն բուժում ոչ ՍՇՎՎ-ն և ոչ էլ գրիպը։ Դրանք անօգուտ են նաև գանգատների մեղմացման համար և ընդհանրապես չեն կանխում վիրուսի տարածումը։ Պատճառն այն է, որ ՍՇՎՎ-ն և գրիպը վիրուսային վարակներ են, մինչդեռ հակաբիոտիկներն արդյունավետ են միայն բակտերիալ վարակների բուժման համար։
Որոշ մարդկանց մոտ հազվադեպ վիրուսային վարակին կարող է նաև միանալ բակտերիալ վարակ։ Նման իրավիճակներում մարդկանց մեծ մասն առանց որևէ հակաբիոտիկների ինքնուրույն լավանում է։
Եթե, այնուամենայնիվ, առկա է վիրուսային վարակի՝ բակտերիալով բարդանալու և ինքնազգացողությունը վատանալու բարձր ռիսկ, բժիշկը գուցե հարմար գտնի նշանակել որևէ հակաբիոտիկ։
Հոդվածը տեղադրվել է՝ 24-04-2018 վերանայվել է՝ 07-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: