Գրադարան
Մրսածություն և գրիպ. պատճառներ

3 րոպե
Սուր շնչառական վիրուսային վարակը (ՍՇՎՎ) և գրիպը վերին շնչուղիների խիստ վարակիչ վիրուսային հիվանդություններ են։
Վիրուսի փոխանցման ուղիները
Դուք կարող եք ՍՇՎՎ-ով (մրսածություն) և գրիպով վարակվել ցանկացած ժամանակ, սակայն ավելի հաճախ այս վարակները բռնկվում են ձմռան ամիսներին, ըստ երևույթին այն պատճառով, որ ցուրտ եղանակներին մարդիկ ժամանակի մեծ մասն անցկացնում են փակ տարածքներում և ավելի մոտիկ հեռավորության վրա են շփվում միմյանց հետ։
Եթե ունեք ՍՇՎՎ կամ գրիպ և հազում կամ փռշտում եք, ձեր բերանից և վերին շնչուղիներից դուրս նետված և մեծ քանակով վիրուսներ պարունակող թքի կամ լորձի մանրագույն կաթիլները հայտնվում են օդում՝ տարածվելով մինչև 1 մետր հեռավորության վրա։ Եթե այս տարածության վրա գտնվում է մեկ այլ՝ առողջ մարդ, նա կարող է ներշնչելիս շնչուղիներ ներքաշել ախտածին վիրուս պարունակող կաթիլները և վարակվել։
Մեկ այլ օրինակում, եթե ունեք ՍՇՎՎ կամ գրիպ և, նախ ձեռքով հպվում եք ձեր բերանին կամ քթին, որից հետո առանց ձեռքերը լվանալու հպվում մեկ այլ մարդու կամ որևէ առարկայի կամ իրի, դարձյալ ձեր վիրուսը տեղափոխում եք այդ մարդու կամ առարկայի վրա։
Նույն մեխանիզմներով վիրուսը հիվանդ մարդուց առողջին կարող է փոխանցվել վիրուսով վարակված թաշկինակի, սպասքի առարկաների, սրբիչի, դռնակների և բռնիչների, հեռակառավարման վահանակների, հեռախոսների, համակարգչի ստեղնաշարերի ու մկնիկի և այլ առարկաների կամ իրերի միջոցով։
Նկարագրված ճանապարհով հիվանդ մարդուց առողջ մարդու վարակումը կոչվում է օդակաթիլային փոխանցման ուղի։
Վիրուսների տեսակները
Մրսածության (ՍՇՎՎ) վիրուսներ
Մրսածությունը կարող է հարուցվել ավելի քան 200 տեսակի վիրուսներից, որոնց մեծ մասը պատկանում է հետևյալ երկու խմբերից մեկնումեկին՝
- ռինովիրուսներ
- կորոնավիրուսներ (որին պատկանում է առանձին հիվանդություն հանդիսացող Covid-19-ը):
Ելնելով այն փաստից, որ ՍՇՎՎ-ի պատճառ կարող են դառնալ վիրուսների բազմաթիվ տեսակներ, մի տեսակի վիրուսից առաջացած վարակը կարող է փոխարինվել մեկ այլ տեսակի վիրուսով հարուցված վարակով, ուստի, մեկ անձը կարող է տարվա ընթացքում ՍՇՎՎ-ով հիվանդանալ մի քանի անգամ:
Իմացե՛ք ավելին մրսածության պատճառների մասին:
Գրիպի վիրուսի տեսակները
Գրիպը (ինֆլուենցա) հարուցվում է գրիպի A, B կամ հազվադեպ C տեսակի վիրուսներով: Գրիպի միայն A և B տեսակները կարող են առաջացնել մեծ բռնկումներ և ընթանալ ծանր, մինչդեռ C տեսակը հանդիպում է միայն երեխաների մոտ և բերում ավելի մեղմ՝ մրսածությանը նմանվող գանգատներ:
Գրիպով վարակված մարդկանց մեծ մասի մոտ հայտնաբերվում է A տեսակի վիրուսը, որն էլ պատասխանատու է համավարակների և համաճարակների մեծ մասի համար:
Դուք կարող եք գրիպի վիրուսով վարակվել ցանկացած ժամանակ, սակայն ավելի հաճախ գրիպը տարածվում է ցուրտ՝ ձմռան ամիսներին:
Իմացե՛ք ավելին գրիպի պատճառների մասին:
Գրիպի A վիրուսը հանդիպում է կենդանական աշխարհի տարբեր ներկայացուցիչների մոտ, սակայն այս տեսակի համար բնական օջախ են համարվում ջրային թռչունները: Գրիպի A տեսակին են պատկանում ձեզ հավանաբար ծանոթ թռչնագրիպի և H1N1 (խոզի գրիպ) վիրուսները:
Գրիպի B վիրուսը գլխավորապես հանդիպում է մարդկանց մոտ:
Հոդվածը տեղադրվել է՝ 23-04-2018 վերանայվել է՝ 07-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: