Ընդհանուր մրսածություն (ՍՇՎՎ) և գրիպ
23-04-2018
2 րոպե
Մարդիկ հաճախ փոխարինաբար օգտագործում են ընդհանուր մրսածություն և գրիպ արտահայտությունները, ինչը ճիշտ չէ:
Իրականում, դրանք տարբեր տեսակի վիրուսներով հարուցված տարբեր հիվանդություններ են:
Մրսածությունը բժշկական փաստաթղթերում նշվում է որպես «սուր շնչառական վիրուսային վարակ» (ՍՇՎՎ, ռուսերեն՝ ОРВИ) կամ «սուր շնչառական հիվանդություն» (ՍՇՀ, ռուսերեն՝ ОРЗ): Մեր էջերում մենք փոխարինաբար կօգագործենք «մրսածություն», «ընդհանուր մրսածություն» և «ՍՇՎՎ» տերմինները:
ՍՇՎՎ-ն շատ տարածված է. մեկ տարվա մեջ երեխաները այս վարակով կարող են հիվանդանալ 5-10, իսկ չափահասները՝ 2-4 անգամ:
ՍՇՎՎ-ն ախտահարում է քթի խոռոչը, ըմպան-կոկորդը և վերին շնչուղիները և առաջացնում գանգատներ, որոնք ծանոթ են բոլորին՝ հազ, ջերմության բարձրացում, ըմպանացավ (ֆարինգիտ), փռշտոց, «հոսող» քիթ կամ քթի խոռոչի «լցվածություն» ու «փակվածություն»: ՍՇՎՎ-ն ավելի հաճախ ընթանում է թեթև կամ չափավոր ծանրությամբ:
ՍՇՎՎ-ն կարող է պատճառվել ավելի քան 200 տարբեր վիրուսներով, որոնց դեմ որևէ պատվաստանյութ գոյություն չունի:
Իմացե՛ք ավելին մրսածության մասին:
Գրիպը (ինֆլուենցա) նույնպես վիրուսային վարակ է, որն, ի տարբերություն ՍՇՎՎ-ի, քթի խոռոչից, կոկորդից և վերին շնչուղիներից բացի կարող է տարածվել դեպի թոքեր: Գրիպի տիպիկ նշաններն են բարձր ջերմությունը, ըմպանացավը և մկանային ցավերը (մարմնի ջարդվածության զգացողություն):
Մարդը վարակվում է գրիպի երեք տեսակի վիրուսներով՝ A, B և C, որոնցից միայն առաջին երկուսը կարող են առաջացնել մեծ բռնկումներ և ստանալ ծանր ընթացք:
Գրիպի վիրուսի դեմ ստեղծվել են պատվաստանյութեր, որոնք խորհուրդ է տրվում տարին մեկ նշանակել բարձր ռիսկի խմբերին, օրինակ՝ մեծ տարիքով կամ քրոնիկ հիվանդություններով մարդկանց:
Ինչպես ՍՇՎՎ-ն, այնպես էլ գրիպը կարող են ընթանալ բարդություններով, օրինակ՝ թոքաբորբ (պնևմոնիա), որը հատկապես մանկահասակ երեխաների մոտ կարող է ընթանալ բավականին ծանր:
Իմացե՛ք ավելին գրիպի մասին:
Երկու հիվանդությունների դեպքում էլ կիրառվում է կանխարգելման նույն մոտեցումը, որի հիմքում պատշաճ հիգիենան է: Գրիպի դեպքում բժիշկը նաև կարող է նշանակել հակավիրուսային դեղեր, որոնք արդյունավետ են, եթե գրիպի վիրուսով կարող էիք վարակվել վերջին 48 ժամվա ընթացքում:
Հակաբիոտիկներ կարող են նշանակվել միայն բակտերիալ վարակների առկայության դեպքում, սակայն վիրուսային ծագում ունեցող ՍՇՎՎ-ի և գրիպի դեպքում այս դեղերը դառնում են բացարձակ անօգուտ:
ՍՇՎՎ-ի և գրիպի մասին օգտակար տեղեկություններ կարող է տրամադրել նաև ձեր ընտանեկան բժիշկը:
Հոդվածը վերանայվել է՝ 27-05-2021