Սուր շնչառական վիրուսային վարակների (ՍՇՎՎ) գանգատները հայտնի են շատերին:
ՍՇՎՎ (ընդհանուր մրսածության) ախտանիշները
ՍՇՎՎ ախտանիշներից են՝
- կոկորդի ցավ
- ջերմություն (38° C կամ ավելի բարձր)
- փռշտոց
- փակված կամ «հոսող» քիթ, քթի խոռոչի «լցվածություն» (հարբուխ)
- հազ:
Եթե քթի լորձային արտադրությունը կանաչավուն կամ դեղնավուն է, սա ոչ թե հիվանդության ծանրացման կամ բակտերիալ վարակի նշան է, այլ հավանաբար վկայում է այն մասին, որ իմունային համակարգը պայքարում է վարակի դեմ: Սակայն, եթե գանգատները չեն բարելավվում 10 օրվա ընթացքում, պետք է դիմել բժշկին:
Իմացե՛ք ավելին մրսածության ախտանիշների մասին:
Գրիպի ախտանիշները
Գրիպի ախտանիշներից են՝
- ջերմության կտրուկ բարձրացում՝ 38,5° C կամ ավելի բարձր
- չոր, ամբողջ կրծքավանդակը ներառող հազ
- գլխացավեր
- հոգնածություն
- դող և սարսուռ
- մկանացավեր
- վերջույթների կամ հոդերի ցավեր
- փորլուծություն կամ ստամոքսի խանգարում
- կոկորդի ցավ
- փակված կամ «հոսող» քիթ, քթի խոռոչի «լցվածություն»
- փռշտոցներ
- ախորժակի կորուստ:
Գրիպն ունի ավելի բուռն և ավելի շատ գանգատներ ընդգրկող ընթացք, քան մրսածությունը:
Իմացե՛ք ավելին գրիպի ախտանիշների մասին:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք ձեր բժշկին, եթե ՍՇՎՎ կամ գրիպի գանգատներին ավելանում են հետևյալ ախտանիշները՝
- գանգատները շարունակվում են ավելի քան 10 օր
- հազը շարունակվում է ավելի քան 3 շաբաթ
- ի վիճակի չեք կամ չեք ցանկանում հեղուկներ խմել
- առաջ են եկել հաճախակի փսխումներ
- գլխացավերը դարձել են սոսկալի
- գունատ եք և քնկոտ
- ի հայտ են եկել կրծքավանդակային ցավեր
- դժվարությամբ եք շնչում կամ ունեք հևոց
- ունեք ցան և խիստ բարձր ջերմություն
- անհանգստացած եք ձեր վիճակով:
Երեխաների դեպքում դիմեք նրա բժշկին, եթե մանկահասակ երեխայի մրսածության կամ գրիպի նշաններին ավելացել են սննդից (կամ կրծքի կաթից) հրաժարվելը, շնչարգելությունը (հևոցը) և ջրազրկման նշանները: Դիմեք մանկաբույժին նաև այն դեպքում, եթե երեխան ունի ուղեկցող որևէ քրոնիկ հիվանդություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024