Գրադարան
Մրսածություն և գրիպ. կանխարգելում

2 րոպե
Պատշաճ հիգիենան մրսածության և գրիպի վիրուսի տարածումը կանխարգելող ամենակարևոր մոտեցումներից մեկն է։
Ինչպես մրսածությունը կամ սուր շնչառական վիրուսային վարակը (ՍՇՎՎ), այնպես էլ գրիպը վիրուսային վարակներ են։ Այս հիվանդությունների կանխարգելումն ինչպես անհատի, այնպես էլ երկրի համար ունի կարևոր նշանակություն։
Հիգիենա
Ճիշտ հիգիենան ՍՇՎՎ-ի և գրիպի կանխարգելման ամենապարզ, բայց և ամենակարևոր մեթոդն է։ Այն ներառում է՝
- ձեռքերի մանրակրկիտ և հաճախ լվացում ջրով և օճառով, հատկապես ձեր քթին և բերանին ձեռք տալուց հետո և մթերքներին հպվելուց առաջ
- հազալիս կամ փռշտալիս անձեռոցիկի օգտագործում, որը բացած վիճակում պետք է մոտեցնել բերանին կամ քթին՝ թույլ չտալով վիրուսի տարածումը, որից հետո օգտագործած անձեռոցիկն անմիջապես դեն նետել՝ չմոռանալով լվանալ ձեռքերը
- բոլոր այն առարկաների մակերևույթների մաքրում, որոնք կարող են վարակված լինել հիվանդ մարդու ձեռքերից կամ հազից-փռշտոցից՝ դռնակներ և բռնիչներ, հեռակառավարման վահանակներ, հեռախոսներ, համակարգչի ստեղնաշար, մկնիկ և այլն
- սպասքի պարագաների խիստ անհատական օգտագործում (ափսե, բաժակ, գդալ, պատառաքաղ, դանակ և այլն)
- հնարավորության դեպքում սրբիչի փոխարեն մեկանգամյա թղթե սրբիչների օգտագործում, որոնք վերջում պետք է դեն նետել։
Իմացե՛ք ավելին մրսածության կանխարգելման ուղիների մասին:
Կանխարգելման այլ ճանապարհներ
ՍՇՎՎ-ի և գրիպի կանխարգելման այլ մեթոդներից են՝
- հակավիրուսային դեղեր, թեև դրանք խորհուրդ են տրվում ընդունել միայն այն դեպքում, երբ ձեր հավանական վարակումը տեղի է ունեցել մինչև 48 ժամ առաջ
- տարեկան պատվաստումներ (միայն գրիպի դեպքում)։
Գրիպի դեմ պատվաստումներ
Գրիպի դեմ պատվաստումները նախատեսված են 6 ամսականից բարձր բոլոր տարիքի մարդկանց համար։ Պատվաստվելու համար լավագույն ժամանակաշրջանը վաղ աշնան ամիսներն է, որ ձեր իմունիտետը հասցնի ամրապնդվել մինչև գրիպի սեզոնի սկսվելը։
Գրիպի դեմ պատվաստումները պետք է անցկացվեն յուրաքանչյուր տարի, քանի որ պատվաստվելուց հետո մինչև 12 ամսվա ընթացքում գրիպի վիրուսի դեմ ձեր իմունիտետը սկսում է աստիճանաբար թուլանալ, իսկ նույն այդ ժամանակահատվածում վիրուսները սկսում են փոփոխության ենթարկվել։
Կարևոր է հատկապես գրիպի նկատմամբ «ռիսկի խմբերի» պատվաստումները, քանի որ մի կողմից այդ խմբերը ներկայացնող մարդիկ վիրուսային հիվանդությունների նկատմամբ ավելի ընկալունակ են, իսկ մյուս կողմից ավելի հավանական է, որ գրիպն այդ խմբերում ընթանա բարդություններով։ Նման խմբերի օրինակներ կարող են լինել՝
- 65 տարեկան և ավելի բարձր տարիքի մարդիկ
- երեխաներ
- հղիներ
- մարդիկ, ովքեր ունեն քրոնիկ հիվանդություններ՝ ասթմա, թոքային հիվանդություններ, սրտային հիվանդություններ, դիաբետ և այլն։
Իմացե՛ք ավելին գրիպի կանխարգելման ուղիների մասին:
Հոդվածը տեղադրվել է՝ 24-04-2018 վերանայվել է՝ 07-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: