ՍՇՎՎ և գրիպ. բուժում
23-04-2018
3 րոպե

Սովորաբար, մեղմ ընթացքով ՍՇՎՎ-ն և գրիպը մինչև 1 շաբաթվա ընթացքում ինքնուրույն լավանում են:
Սուր շնչառական վիրուսային վարակի կամ մրսածության (ՍՇՎՎ, ОРВИ) կամ գրիպի ախտանիշները զարգանալուց հետո 7-10 օրվա ընթացքում ինքնազգացողությունն առանց որևէ բուժման, ինքնուրույն բարելավվում է:
Այսուամենայնիվ, այս ընթացքում կարող եք ինքներդ ձեռնարկել որոշ միջոցառումներ՝ ուղղված ՍՇՎՎ և գրիպի առաջացրած գանգատների մեղմացմանը, օրինակ՝
- ապահովեք հանգիստ պայմաններ և ցերեկվա ժամերի մեծ մասն անցկացնեք պառկած վիճակում
- խմեք մեծ քանակությամբ ջուր կամ ոչ ալկոհոլային հեղուկներ (նպատակը հնարավոր ջրազրկման կանխարգելումն է)
- ձեզ տաք պահեք և խուսափեք միջանցիկ քամիներից
- սննդակարգը դարձնեք առողջ՝ բանջարեղեններով և մրգերով հարուստ
- հնարավոր բոլոր միջոցներով կանխեք ձեզ վրա ծխախոտի ծխի ազդեցությունը
- ինհալյացիա անեք տաք ջրի գոլորշիներով (օրինակ, գտնվելով բաղնիքի ներսում, բացեք տաք ցնցուղը (առանց ցնցուղի տակ մտնելու) և շնչեք առաջացած գոլորշին). սա կօգնի, որ ձեր «փակված» քիթը «բացվի»:
Իմացե՛ք ավելին մրսածության բուժման մասին:
Եթե ձեզ մոտ առաջացել է ըմպանացավ («հիվանդ կոկորդ»), փորձեք՝
- ողողել ձեր ըմպանը գոլ թույլ աղաջրով
- խմել գոլ կամ սառույցով ջուր, անգազ ըմպելիքներ կամ հյութեր
- խմել (ոչ շատ) տաք ջուր՝ մեղրով և կիտրոնով:
Դեղատներում կան ընդհանուր մրսածության և գրիպի դեմ դեղատոմս չպահանջող տարբեր դեղեր, որոնք կարող են մեղմացնել գանգատները (գլխացավ, մկանային ցավեր, ջերմություն) և բարելավել ինքնազգացողությունը: Մինչև այդ դեղերն ընդունելը, ընթերցեք տուփում առկա տեղեկատվական թերթիկը և խորհրդակցեք բժշկի հետ:
Դուք պետք է դիմեք բժշկին, եթե ընդհանուր մրսածության և գրիպի նշաններին ավելանում է թվարկված ախտանիշներից կամ երևույթներից մեկնումեկը՝
- գանգատները շարունակվում են 10 օրից ավելի երկար
- հազը շարունակվում է 3 շաբաթից ավելի երկար
- չեք կարողանում կամ չեք ցանկանում ջուր կամ հեղուկներ խմել
- հաճախակի փսխում եք
- գանգատվում եք սաստիկ գլխացավերից
- մաշկը գունատված է
- ցերեկային ժամերին խիստ քնկոտ եք
- առկա են կրծքավանդակի շրջանի ցավեր (հազալիս, շնչելիս կամ, առավել ևս, հանգիստ պայմաններում)
- շնչառությունը դժվարացած է կամ հևում եք
- ունեք բարձր ջերմություն՝ տենդ, որն ուղեկցվում է ցանով
- անհանգստացած եք ձեր առողջական վիճակի վերաբերյալ։
Եթե ձեր մանկահասակ երեխան ունի ՍՇՎՎ և գրիպ, դիմեք բժշկին, եթե նա՝
- ունի որևէ քրոնիկ հիվանդություն
- ունի կայուն բարձր ջերմություն կամ տենդ
- հրաժարվում է սննդից (կամ կրծքի կաթից)
- ունի շնչարգելություն
- առկա են ջրազրկման նշաններ:
Իմացե՛ք ավելին գրիպի բուժման մասին:
Հոդվածը վերանայվել է՝ 27-05-2021