Skip to main content

Կոնտրացեպցիա - Հղիության պլանավորում

Բեղմնականխումը հորմոնների, միջոցների կամ վիրահատության կիրառումն է, որի նպատակը նպատակը կնոջ մոտ անցանկալի հղիությունը կանխելն է.

Այն թույլ է տալիս զույգին ընտրել, եթ երբ են նրանք ցանկանում երեխա ունենալ:

Բեղմնականխման տեսակների մեծ մասը կնոջը չի պաշտպանում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից (ՍՃՓՀ): Տղամարդու և կնոջ պահպանակները բեղմնականխման միակ ձևն է, որը թույլ է տալիս հղիությունը կանխարգելելու հետ միասին նաև պաշտապանվել ՍՃՓՀ-ից (սեռավարակներից): Ուստի, եթե օգտագործում եք բեղմնականխման այլ տեսակ, օրինակ՝ հակաբեղմնավորիչ հաբ, ապա պետք է հոգ տանեք նաև ՍՃՓՀ-ից պաշտպանվելու ուղղությամբ:

Բեղմնականխման տեսակները

Պահպանակներ (տղամարդու և կանացի)

Պահպանակները պատնեշային բեղմնականխման տեսակներ են: Դրանք կանխարգելում են հղիությունը, քանի որ ֆիզիկապես կանխում են սերմնահեղուկի ներթափանցումն արգանդի խոռոչ՝ այսպիսով պատնեշ հանդիսանալով սպերմատոզոիդների կողմից ձվաբջջին հասնելուն և բեղմնավորելուն: Պահպանակները նաև օգնում են ՍՃՓՀ-ից, այդ թվում՝ ՄԻԱՎ-ից պաշտպանվելուն և կանխարգելում են սեռական մի զուգընկերոջից մյուսին փոխանցումը: Այս հիվանդություններից պաշտպանվելու համար պահպանակները հեշտոցային (վագինալ) սեռական հարաբերությունից բացի օգտագործվում են նաև հետանցքային (անալ) և բերանային (օրալ) հարաբերությունների ժամանակ:

Համակցված հակաբեղմնավորիչ հաբեր

Համակցված հակաբեղմնավորիչ հաբերը (կամ պարզապես՝ հաբ) պարունակում են իգական էստրոգեն և պրոգեստերոն հորմոնների սինթետիկ ձևեր, որոնց բնական տարբերակներն արտադրվում են կանանց ձվարաններում: Այսպիսի հաբեր արտադրողները խոստանում են, որ հրահանգված ձևով օգտագործելիս այս դեղը 99%-ոց արդյունավետությամբ կանխարգելում է հղիությունը, սակայն իրական կյանքում դրանք ցուցաբերում են 91%-ոց արդյունավետություն:

Թեև համակցված հակաբեղմնավորիչ հաբերի առաջնային նպատակը բեղմնականխումն է, սակայն դրանք կարող են օգտագործվել նաև հետևյալ դեպքերը բուժելիս՝

  • ցավոտ դաշտաններ (դիսմենորեա)
  • առատ դաշտաններ (մենոռագիա)
  • նախադաշտանային համախտանիշ
  • էնդոմետրիոզ։

Դուք չեք կարող ընդունել այս հաբերը, եթե ունեք արյան մակարդուկ (թրոմբ), որոշ հիվանդություններ, այդ թվում՝ լյարդային խնդիրներ կամ օգտագործում եք այլ դեղեր: Եթե ծխող եք, ծանր կողմնակի ազդեցությունների ռիսկը բարձրանում է: Դուք նաև չեք կարող խմել այս դեղերը, եթե 35 տարեկանից մեծ եք և ծխում եք: Միշտ հարցրեք ձեր բժշկին, թե արդյոք սա ձեր բեղմնականխման ամենաանվտանգ տարբերա՞կն է:

Իմացե՛ք ավելին համակցված հակաբեղմնավորիչ հաբերի մասին:

Միայն պրոգեստոգեն պարունակող հակաբեղմնավորիչ հաբեր

Միայն պրոգեստոգեն պարունակող հակաբեղմնավորիչ հաբերը (կամ պարզապես՝ «մինի հաբեր») էստրոգեն չեն պարունակում: Դրանք այնքան արդյունավետ չեն, որքան համակցված հաբերը և պետք է ընդունվեն ամեն օր նույն ժամին: Սակայն մինի-հաբեր կարող են օգտագործել այն կանայք, ովքեր էստրոգենի նկատմամբ դրսևորում են կողմնակի ազդեցություններ կամ առողջական պատճառներից ելնելով չեն կարող ընդունել համակցված հաբեր: Մինի հաբերը հիմնականում սկսում են օգտագործվել առաջին ծննդաբերությունից անմիջապես հետո, հատկապես, երբ մայրը կրծքով կերակում է:

Իմացե՛ք ավելին միայն պրոգեստոգենային հակաբեղմնավորիչ հաբերի մասին:

Բեղմնականխման իմպլանտներ և ներարկումներ

Բեղմնականխման իմպլանտները և ներարկումները երկարատև ազդող, արդյունավետ, դարձելի և միայն պրոգեստոգեն պարունակող մեթոդներ են: Դրանք շուրջ 99% վստահությամբ կանխարգելում են հղիություն, սակայն չեն պաշտպանում ՍՃՓՀ-ից: Ներարկումները կատարվում են 12-14 շաբաթը մեկ, իսկ իմպլանտները տեղադրվում են 3 տարին մեկ։

Դիաֆրագմաներ (խտրոցներ)

Դիաֆրագմանները կանանց կողմից օգտագործվող պատնեշային մեթոդ է: Դրանք սեռական հարաբերությունից անմիջապես առաջ տեղադրվում են հեշտոցի մեջ այնպես, որ կանխարգելեն սպերմատոզոիդների անցումը պարանոցի մուտքով դեպի արգանդ: Կրկին, բեղմնականխման այս ձևը չի կանխարգելում ՍՃՓՀ:

Անհետաձգելի բեղմնականխում

Կինը կարող է օգտագործել անհետաձգելի բեղմնականխում (երբեմն անվանում են «վաղորդյան հաբեր»), որ կանխարգելի հղիությունը չպաշտպանված սեռական հարաբերությունից հետո կամ, եթե բեղմնականխման մեկ այլ մեթոդը տապալվել է (օրինակ` պահպանակը պատռվել է): Կան անհետաձգելի բեղմնականխման երկու տեսակներ՝

  • անհետաձգելի բեղմնականխման հաբ («վաղորդյան հաբեր»), որը պրոգեստերոն պարունակող միանգամյա ընդունման հաբ է և ապահովում է մինչև 85% արդյունավետություն և պետք է խմել սեռական հարաբերությունից հետո մինչև 24 ժամվա ընթացքում (թեև ազդեցությունը տևում է մինչև 5 օր)
  • պղինձ պարունակող ներարգանդային պարույր։

Իմացե՛ք ավելին անհետաձգելի բեղմնականխման հաբերի մասին:

Ներարգանդային միջոցներ (ՆԱՄ)

Ներարգանդային միջոցը փոքր, Т-աձև բեղմնականխման միջոց է, որը պատրաստված է պլաստիկից ու պղնձից և տեղադրվում է արգանդի մեջ: Դրանց հաճախ անվանում են ներարգանդային պարույրներ (ՆԱՊ): ՆԱՊ-ը երկարաժամկետ և դարձելի բեղմնականխման ամենաարդյունավետ միջոցներից մեկն է (ապահովում է մինչև 99% արդյունավետություն), որը, կախված տեսակից, կարող է արգանդում թողնվել 5-10 տարի: Որպես անհետաձգելի բեղմնականխման միջոց, ՆԱՊ-ը կարող է նաև բժշկի կողմից տեղադրվել չպաշտպանված հարաբերությունից հետո մինչև 5 օրվա (120 ժամ) ընթացքում:

Որոշ ՆԱՄ պարունակում են հորմոններ, որոնք դանդաղորեն ազատվելով կանխարգելում են հղիությունը, սակայն կարող են օգտագործվել նաև առատ դաշտանային արյունահոսությունը մեղմացնելու համար:

Իմացե՛ք ավելին ներարգանդային պարույրի (ՆԱՊ) մասին:

Վազէկտոմիա

Վազէկտոմիան կամ տղամարդու ամլացումը (ստերիլիզացիա) բեղմնականխման պարզ և հուսալի մեթոդ է, որի ժամանակ տեղային անզգայացմամբ խցանվում են սպերմատոզոիդները տեղափոխող խողավակները: Այն սովորաբար դիտվում է որպես անդառնալի միջամտություն, ուստի պահանջում է տղամարդու տեղեկացված և գիտակցված որոշում։

Կանացի «ստերիլիզացիա»

Կանանց «ամլացումը» կանանց անպտղունակ դարձնող փոքր վիրահատական մեթոդ է, որի ժամանակ հատվում կամ փակվում են կնոջ ֆալոպյան փողերը, որոնց միջով ձվաբջիջը ձվարաններից պետք է տեղափոխվեր արգանդ։ Սա նույնպես անդառնալի մեթոդ է, ուստի պահանջում է, որ կինը կայացնի տեղեկացված և գիտակցված որոշում։

Հեշտոցային օղ

Հեշտոցային օղը փոքր և փափուկ պլաստիկ օղ է, որը տեղադրվում է կնոջ հեշտոցի ներսում, հեռացվում 21 օր անց և 7 օր անց տեղադրվում նորը։ Հեշտոցային օղն ունի մոտավորապես 4 մմ հաստություն և 5,5 սմ տրամագիծ։ Այս օղը պարունակում է սինթետիկ էստրոգեն և պրոգեստոգեն, ուստի չի կարելի տեղադնել այն կանանց, ովքեր չեն կարող ստանալ էստրոգեն-պարունակող հակաբեղմնավորիչ միջոցներ։ Բժիշկը կտեղեկացնի ձեզ, թե որն է առաջին հեշտոցային օղի տեղադրման լավագույն ժամանակը:

Ե՞րբ կարող եմ կրկին օգտագործել բեղմնականխում երեխա ունենալուց հետո

Երեխայի ծնվելուց շատ չանցած հնարավոր է, որ դուք կրկին հղիանաք, նույնիսկ եթե դուք կրծքով կերակրում եք կամ նույնիսկ եթե ձեր դաշտանները դեռ չեն վերադարձել: Դուք սկսում եք ձվազատել (ձվաբջիջ ազատել) հաջորդ դաշտանից մոտ երկու շաբաթ առաջ, ուստի ձեր պտղաբերությունը կարող է վերականգնվել՝ մինչև դուք կիմանաք այդ մասին:

Շատ կարևոր է, որ դուք հենց սկզբից կարգավորեք ձեր բեղմնականխումը: Ուստի, զրուցեք այդ մասին ծննդատանը, քանի դեռ չեք վերադարձել տուն, ինչպես նաև ձեր հետծննդյան առաջին այցի ժամանակ:

Եթե կրծքով չեք կերակրում, ապա կարող եք ընտրել բեղմնականխման ցանկացած տեսակ, որը ձեզ ցուցված է կամ հակացուցված չէ: Դուք կարող եք սկսել խմել հակաբեղմնավորիչ համակցված հաբեր կամ օգտագործել հեշտոցային օղ ծննաբերությունից մոտ վեց շաբաթ անց, իսկ բեղմնականխիչ ներարկումը ստանալ անմիջապես երեխայի ծնվելուց հետո:

Եթե կրծքով կերակրում եք, ապա ծննդաբերությունից անմիջապես հետո կարող եք օգտագործել պահպանակներ կամ բեղմնականխիչ իմպլանտ: Խորհուրդ է տրվում ՆԱՄ օգտագործել ծննդաբերությունից 4 շաբաթ անց, իսկ մինի-հաբերի, դիաֆրագմայի կամ հեշտոցային օղի օգտագործումը՝ 6 շաբաթ անց:

Ինչքա՞ն արդյունավետ է բեղմնականխումը

Բեղմնականխման արդյունավետությունը կախված է տարբեր գործոններից, այդ թվում՝

  • տարիք
  • սեռական հարաբերությամբ զբաղվելու հաճախականություն
  • բեղմնականխիչ միջոցն օգտագործելու ճշտություն:

Բեղմնականխման տեսակների մեծ մասը ճիշտ օգտագործելիս ունի 99% արդյունավետություն: Սա նշանակում է, որ բեղմնականխման միջոց օգտագործող 100 կնոջից միայն 1-ը կարող է յուրաքանչյուր տարի հղիանալ: Տղամարդկանց պահպանակն ունի 98% արդյունավետություն, եթե օգտագործվում է ճիշտ և մշտապես: Սակայն պահպանակը միակ միջոցն է, որը հղիությունից բացի կանխարգելում է նաև ՍՃՓՀ:

Որտեղի՞ց կարող եմ վերցնել բեղմնականխման միջոց

Բեղմնականխման միջոցներ կարող եք վերցնել՝

  • ձեր բժշկից
  • սեռական առողջության կամ ընտանիքի պլանավորման կլինիկայից
  • դեղատնից:

Բեղմնականխման դադարեցումը

Դուք կարող եք փոփոխել բեղմնականխման տեսակը տարիքի հետ կապված, երեխաներ ունենալիս կամ եթե ձեր սեռական կյանքը որևէ կերպ փոփոխվել է:

Պտղաբերությունը սովորաբար սկսում է թուլանալ սկսած մոտ 37 տարեկանից, սակայն դուք պետք է շարունակեք բեղմնականխման միջոցներից օգտվել, եթե ցանկանում եք չհղիանալ: Բազմաթիվ կանայք իրենց դաշտանադադարին հասնում են մոտ 55 տարեկանում, որից հետո սովորաբար խորհուրդ է տրվում դադարեցնել բեղմնականխման միջոցների օգտագործումը:

Հոդվածը հրապարակվել է՝ 17-05-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024