Կիստոզ ֆիբրոզի բարդությունները կարող են ազդել շնչառական, մարսողական և վերարտադրողական համակարգերի, ինչպես նաև այլ օրգանների վրա:
Շնչառական համակարգի բարդություններ
- Վնասված շնչուղիներ (բրոնխոէկտազ). կիստոզ ֆիբրոզը բրոնխոէկտազիայի առաջավոր պատճառներից մեկն է՝ թոքերի քրոնիկ հիվանդություն, որը հանգեցնում է շնչուղիների (բրոնխների) ախտաբանական լայնացման և սպիական փոփոխությունների: Սա դժվարացնում է օդի անցումը թոքերից ներս և դուրս, ինչպես նաև լորձի մաքրումը բրոնխիալ խողովակներից լորձի (խորխի) հեռացումը:
- Քրոնիկ վարակներ. թոքերի և հարքթային խոռոչների (սինուսներ) թանձրացած լորձը բարենպաստ պայմաններ է ստեղծում բակտերիաների և սնկիկների աճի համար: Կիստոզ ֆիբրոզ ունեցող մարդիկ հաճախ կարող են ունենալ հարքթային ծոցերի վարակներ (սինուսիտ), բրոնխիտ կամ թոքաբորբ: Նրանց մոտ նաև տարածված է հակաբիոտիկների նկատմամբ կայուն բակտերիաներով և դժվար բուժելի վարակները:
- Քթի մեջ գոյացություններ (քթի պոլիպներ). բորբոքված և այտուցված քթի լորձաթաղանթը կարող է նպաստել քթի խոռոչում փափուկ, մսոտ գոյացությունների ձևավորման, որոնք կոչվում են պոլիպներ:
- Արյունային հազ (արյունախխում կամ հեմոպտոզ). բրոնխոէկտազիա կարող է ձևավորվել թոքերի արյունատար անոթների կողքին: Շնչուղիների (բրոնխների) վնասումը և վարակի միացումը կարող են հանգեցնել արյունային հազի: Հաճախ սա արյան միայն փոքր քանակություն է, սակայն նաև կարող է ստանալ կյանքին վտանգ ներկայացնող բնույթ:
- Պնևմոթորաքս. այս դեպքում թոքերը կրծքավանդակի պատից բաժանող բարակ ճեղքի մեջ (պլևրալ խոռոչ) հայտնվում է օդ, որը հանգեցնում է թոքի մի մասը կամ ամբողջ թոքի կոլապսի (թորշոմում): Սա ավելի տարածված է կիստոզ ֆիբրոզով չափահասների շրջանում: Պնևմոթորաքսը կարող է առաջացնել հանկարծակի կրծքավանդակային ցավ և շնչարգելություն (հևոց): Մարդիկ հաճախ նշում են կրծքավանդակի մեջ փրփրացող զգացողություն:
- Շնչառական անբավարարություն. ժամանակի ընթացքում կիստոզ ֆիբրոզը կարող է այնքան վնասել թոքային հյուսվածքը, որ այն այլևս չկարողանա իրականացնել համարժեք գազափոխանակություն: Թոքերի գործառույթը սովորաբար վատթարանում է աստիճանաբար՝ ի վերջո դառնալով կյանքին սպառնացող: Շնչառական անբավարարությունը այս հիվանդների մահվան ամենատարածված պատճառն է:
- Կտրուկ սրացումներ. կիսոզ ֆիբրոզ ունեցող մարդկանց մոտ կարող են հանկարծակի վատթարանալ շնչառական ախտանշանները, ինչպիսիք են ավելի շատ խորխով հազը և շնչարգելությունը (հևոց): Սա կոչվում է կտրուկ սրացում և պահանջում է հակաբիոտիկներով բուժում տանը կամ հիվանդանոցում: Այսպիսի սրացումները նաև կարող են ուղեկցվել կտրուկ թուլությամբ և քաշի կորստով:
Մարսողական համակարգի բարդություններ
- Սննդանյութերի դեֆիցիտ (անբավարարություն). թանձր լորձը կարող է արգելափակել այն խողովակները, որոնք մարսողական ֆերմենտները տեղափոխում են ենթաստամոքսային գեղձից դեպի աղիքներ (պանկրեատիկ ծորաններ): Առանց այդ ֆերմենտների, ձեր օրգանիզմը չի կարող ներծծել սպիտակուցները, ճարպերը կամ ճարպալուծ վիտամինները, ուստի դուք չեք կարող բավարար քանակությամբ սննդանյութեր ստանալ: Սա կարող է հանգեցնել աճի հետաձգման, քաշի կորստի կամ ենթաստամոքսային գեղձի բորբոքման (պանկրեատիտ):
- Շաքարային դիաբետ. ենթաստամոքսային գեղձն արտադրում է ինսուլին, որը ձեր օրգանիզմին անհրաժեշտ է շաքարը յուրացնելու համար: Կիստոզ ֆիբրոզը մեծացնում է դիաբետի վտանգը։ Կիստոզ ֆիբրոզ ունեցող դեռահասների մոտ 20%-ի և չափահասների 40%-ից 50%-ի մոտ զարգանում է շաքարային դիաբետ:
- Լյարդային հիվանդություն. այն խողովակը, որը լեղին տեղափոխում է ձեր լյարդից և լեղապարկից դեպի բարակ աղի (կոչվում է լեղածորան), կարող է խցանվել և բորբոքվել: Սա կարող է հանգեցնել լյարդի հետ կապված խնդիրների, ինչպիսիք են դեղնուկը, լյարդի ճարպային հիվանդությունը և ցիռոզը, իսկ երբեմն՝ նաև լեղապարկի քարերը:
- Աղիքային խցանում (անանցանելիություն). կիստոզ ֆիբրոզով հիվանդ մարդկանց մոտ աղիների խցանումը կարող է պատահել ցանկացած տարիքում: Կարող է նաև առաջանալ ինվագինացիա՝ վիճակ, երբ բարակ աղու մի հատվածը հետ է ծալվում աղու հարակից հատվածի լուսանցքի մեջ:
- Դիստալ աղիքային օբստրուկցիայի համախտանիշ. սա բարակ աղին հաստ աղիքին միացման տեղում մասնակի կամ ամբողջական խցանում է, որը պահանջում է անհետաձգելի բուժօգնություն:
Վերարտադրողական համակարգի բարդություններ
- Տղամարդկանց անպտղություն. կիստոզ ֆիբրոզով գրեթե բոլոր տղամարդիկ ամուլ են, քանի որ ամորձիները և շագանակագեղձը միացնող խողովակը (սերմնածորան) խցանված է լորձով կամ ամբողջովին բացակայում է: Պտղաբերության որոշ բուժումներ և վիրաբուժական միջամտություններ երբեմն կարող են կիստոզ ֆիբրոզ ունեցող տղամարդկանց կենսաբանական հայր դառնալու հնարավորություն տալ:
- Կանանց պտղաբերության նվազում. կիստոզ ֆիբրոզով կանայք կարող են ավելի քիչ պտղաբեր լինել, քան մյուսները, սակայն կարող են հղիանալ և ունենալ հաջող հղիություն: Այնուամենայնիվ, հղիությունը կարող է վատթարացնել հիվանդության գանգատներն ու ախտանիշները, ուստի համոզվեք, որ ձեր բժշկի հետ քննարկել եք հղիության հետ կապված հնարավոր ռիսկերը:
Այլ բարդություններ
- Ոսկորների փխրունացում (օստեոպորոզ). կիստոզ ֆիբրոզով հիվանդ մարդիկ ենթարկվում են օստեոպորոզի ավելի բարձր ռիսկի: Նրանք նաև կարող են նաև ունենալ հոդացավ, հոդաբորբ (արթրիտ) և մկանային ցավ:
- Էլեկտրոլիտային անհավասարակշռություն և ջրազրկում. կիստոզ ֆիբրոզ ունեցող մարդկանց մոտ քրտինքն ավելի աղի է, ուստի նրանց արյան մեջ միներալների հավասարակշռությունը կարող է խախտվել: Սա նրանց դարձնում է ջրազրկման նկատմամբ ավելի հակված, հատկապես ֆիզիկական վարժությունների կամ շոգ եղանակին: Ջրազրկման նշաններից են արագացած սրտազարկը (տախիկարդիա), հոգնածությունը, թուլությունը և ցածր արյան ճնշումը (հիպոտենզիա):
- Հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ. քրոնիկ հիվանդության հետ առնչվելը, որը բուժում չունի, կարող է առաջացնել վախ, դեպրեսիա և անհանգստություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-04-2024
Վերջին վերանայում՝ 29-04-2024