Ցիստիտ. պատճառներ
21-02-2021
3 րոպե

Միզապարկի բորբոքման պատճառները լավ հասկանալու համար արժի վերհիշել միզային համակարգի կառուցվածքը և առանձին օղակների գործունեությունը:
Ձեր միզային համակարգը ներառում է երիկամները, միզածորանները, միզապարկը և միզուկը։ Այս բոլոր օրգաններն էլ ունեն օրգանիզմից նյութափոխանակության արգասիքները մեզի միջոցով հեռացնելու մեջ իրենց դերը: Ձեր երիկամները՝ ոլոռանման զույգ օրգանները զտում են այդ արգասիքներն արյունից և կարգավորում տարբեր նյութերի խտությունը: Միզածորանները երիկամներում արտադրված մեզը տեղափոխում են դեպի միզապարկ: Միզապարկում մեզը պահեստավորվում է՝ մինչև միզուկով միզելը:
Բակտերիալ ցիստիտ
Միզուղիների վարակը տեղի է ունենում, երբ բակտերիաներն արտաքին միջավայրից միզուկով թափանցում են միզուղիներ և սկսում բազմանալ: Ցիստիտի դեպքերի մեծ մասը հարուցվում է աղիներում ապրող աղիքային ցուպիկ (Escherichia coli) բակտերիայով:
Կանանց մոտ միզապարկի բակտերիալ վարակներ կարող են առաջանալ սեռական հարաբերությունից հետո: Սակայն նույնիսկ սեռապես ոչ ակտիվ աղջիկները և կանայք «խոցելի» են միզուղիների ստորին շրջանների վարակների նկատմամբ, քանի որ իգական սեռական շրջանը հաճախ ցիստիտ առաջացնող բակտերիաների համար հանդիսանում է «բնակվելու» նպաստավոր միջավայր:
Ոչ վարակային ցիստիտ
Թեև բակտերիալ վարակները համարվում են ցիստիտի առաջացման թիվ մեկ պատճառը, կան նաև միզապարկի բորբոքում առաջացնող ոչ վարակային գործոններ ևս: Դրանցից առավել կարևորները ներկայացվում են ստորև:
- Ինտերստիցիալ ցիստիտ. միզապարկի քրոնիկ բորբոքման տեսակ է, որը կոչվում է նաև «ցավոտ միզապարկի համախտանիշ» և ավելի հաճախ ախտորոշվում է կանանց շրջանում: Պատճառը լիարժեք պարզաբանված չէ: Հիվանդությունը դժվարությամբ է ախտորոշվում և բուժվում:
- Դեղերով պատճառված ցիստիտ. որոշ դեղեր, օրինակ՝ քիմիոթերապիայում օգտագործվող Ցիկլոֆոսֆամիդը և Իֆոսֆամիդը կարող են առաջացնել միզապարկի լորձաթաղանթի բորբոքում, քանի որ դրանց քայքայման արգասիքներն օրգանիզմից հեռանում են մեզով:
- Ճառագայթային ցիստիտ. կոնքի շրջան ուղղված ճառագայթային բուժումը կարող է առաջացնել միզապարկի լորձաթաղանթի բորբոքային փոփոխություններ:
- Օտար մարմնից ցիստիտ. երկարատև օգտագործման միզային կաթետերները կարող են նպաստել բակտերիալ վարակների ներթափանցմանը դեպի միզապարկի խոռոչ, ինչպես նաև իրենք առաջացնեն լորձաթաղանթի վնասում: Երկու դեպքում էլ կարող է զարգանալ միզապարկի բորբոքում:
- Քիմիական ցիստիտ. որոշ մարդիկ կարող են գերզգայուն լինել տարբեր արտադրանքներում առկա քիմիական նյութերի նկատցմամբ, օրինակ՝ օճառներ, կանացի հիգիենիկ սփրեյներ կամ սպերմիցիդային ժելեներ: Նման դեպքերում միզապարկի ներսում կարող է զարգանալ ալերգիանման ռեակցիա, որն էլ հանգեցնի բորբոքման:
- Այլ հիվանդությունների հետ կապված ցիստիտ. երբեմն ցիստիտ կարող է առաջանալ որպես մեկ այլ հիվանդության բարդություն, օրինակ՝ դիաբետի, երիկամային քարերի, մեծացած շագանակագեղձի կամ ողնաշարի վնասվածքների ժամանակ:
Ռիսկի գործոններ
Որոշ մարդիկ ավելի «խոցելի» են միզապարկի վարակների կամ կրկնվող միզուղիների վարակների նկատմամբ, քան մյուսները: Կանայք այդ խմբերից մեկում են, որի պատճառը զուտ անատոմիական է՝ կնոջ միզուկը կարճ է և արտաքին բակտերիաների թափանցման համար՝ ավելի նպաստավոր:
Կանանց մեջ միզուղիների վարակների նկատմամբ առավել ռիսկային են նրանք, ովքեր՝
- սեռական հարաբերությունների առումով ակտիվ են. սեռական ակտը կարող է նպաստել բակտերիաների՝ միզուկի լուսանցք թափանցելուն
- օգտագործում են ծննդաբերության հսկման որոշ միջոցներ. օրինակ, որպես հակաբեղմնավորիչ միջոց օգտագործվող դիաֆրագմաները (խտրոցներ) բարձրացնում են որևէ միզուղիների վարակի ռիսկը: Եթե դրանք պարունակում են սպերմատոզոիդները ոչնչացնող սպերմացիդային նյութ, ապա վարակի ռիսկն էլ ավելի է բարձրացնում:
- հղի են. հղիության ընթացքում հորմոնային տեղաշարժերը կարող են բարձրացնել միզապարկի վարակի ռիսկը
- դաշտանադադարի մեջ են. նույն՝ հորմոնային տեղաշարժերի պատճառով բարձրանում է միզուղիների որևէ վարակի ռիսկը:
Ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց վերաբերվող այլ ռիսկի գործոններից են՝
- մեզի արտահոսքի հետ կապված խնդիրներ. սա կարող է տեղ գտնել միզապարկում քարերի առկայության կամ տղամարդկանց մոտ շագանակագեղձի մեծացման (ադենոմա) պատճառով
- իմունային համակարգի խանգարումներ. որոշ հիվանդություններ, օրինակ՝ դիաբետը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը կամ քաղցկեղի բուժումը կարող են ընկճել ձեր իմունային համակարգը և բարձրացնել բակտերիալ և վիրուսային վարակների, այդ թվում՝ միզապարկի վարակի ռիսկը
- միզապարկի կաթետերի երկարատև օգտագործում. միզային կաթետերները կարող են անհրաժեշտություն դառնալ քրոնիկ հիվանդություններով կամ մեծ տարիքով մարդկանց համար և նպաստել վարակի միզապարկ ներթափանցելուն կամ միզապարկի լորձաթաղանթի վնասմանը և բորբոքմանը:
Նպաստող առողջական խնդիրներ չունենալու դեպքում տղամարդկանց մոտ ցիստիտ հանդիպում է խիստ հազվադեպ։
Հոդվածը վերանայվել է՝ 07-04-2021