Միզապարկի կրկնվող վարակների կանխարգելման համար ինքնօգնության միջոցները լավ ուսումնասիրված չեն:
Սակայն որոշ բժիշկներ խորհուրդ են տալիս հետևյալ մեթոդները:
- Խմեք շատ հեղուկներ, հատկապես ջուր. շատ հեղուկներ խմելը հատկապես կարևոր է քիմիաթերապիա կամ ճառագայթային բուժում ստանալիս, հատկապես բուժման օրերին:
- Հաճախ միզեք. եթե միզելու ցանկություն եք զգում, մի հետաձգեք զուգարանից օգտվելը։
- Աղիները դատարկելուց հետո սրբեք առջևից հետև. սա կանխում է հետանցքի շրջանից բակտերիաների տարածումը դեպի հեշտոց և միզուկ:
- Ընդունեք ցնցուղ, այլ ոչ թե լոգանք (վաննա). եթե հակված եք վարակների, ապա ցնցուղ, այլ ոչ թե լոգանք ընդունելը կարող է օգնել միզուղիների վարակի կանխարգելմանը:
- Զգուշորեն լվացեք սեռական օրգանների շուրջ մաշկը. դա արեք ամեն օր, բայց մի՛ օգտագործեք պինդ օճառներ կամ մի՛ լվացեք շատ ուժեղ: Այս շրջանի նուրբ մաշկը կարող է գրգռվել:
- Սեռական հարաբերությունից հետո որքան հնարավոր է շուտ դատարկեք միզապարկը. խմեք մեկ–երկու բաժակ ջուր, որը կօգնի բակտերիաների հեռացմանը:
- Խուսափեք սեռական օրգանների հատվածում դեզոդորանտների կամ հիգիենայի միջոցներ օգտագործելուց. այս միջոցները կարող են գրգռել միզուկը և միզապարկը:
- Պահպանեք անձնական հիգիենայի կանոնները. խուսափեք ոչ մաքուր ձեռքերով կամ հաճախակի ձեր սեռական օրգաններին դիպչելուց:
- Կրեք ոչ թե արհեստական մանրաթելից գործած, այլ բնական բամբակյա ներքնազգեստ. նպատակը դարձյալ սեռական օրգանների նուրբ մաշկի գրգռումը բացառելն է:
Լոռամրգի (cranberry, клюква)
Լոռամրգի հյութը կամ պրոանթոցիանիդին պարունակող հաբերը հաճախ խորհուրդ են տրվում որպես միզապարկի կրկնվող վարակների ռիսկը նվազեցնող միջոց: Թեև այս ոլորտում հետազոտությունները հակասական են, կան որոշ ապացույցներ, որ լոռամրգին կարող է օգտակար լինել որոշ մարդկանց մոտ կրկնվող վարակները կանխելու համար:
Լոռամրգի արտադրանքները, ընդհանուր առմամբ, համարվում են անվտանգ առողջ մարդկանց համար, ովքեր չունեն որևէ առողջական խնդիրներ: Սակայն, որպես տնային միջոց, զգույշ եղեք լոռամրգի հյութի կամ լոռամրգի արտադրանքի հետ, եթե ընդունում եք արյունը նոսրացնող դեղամիջոց՝ Վարֆարին (Կումադին): Հնարավոր է, որ լոռամրգի և Վարֆարինի փոխազդեցությունը կարող է հանգեցնել արյունահոսության: Կրկին, ապացույցները հակասական են։
Հետազոտություններով չի ապացուցվել, որ լոռամրգին արդյունավետ բուժում է, եթե արդեն ունեք միզապարկի վարակ:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-02-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024