Ցիստիտը սովորաբար ընթանում է միզելու հետ կապված խնդիրներով:
Ցիստիտի նշաններն ու ախտանիշները կարող են ներառել՝
- միզելու ուժեղ, մշտական ցանկություն
- միզելիս ցավ կամ այրոցի զգացում (դիզուրիա)
- hաճախակի, փոքր քանակներով միզարձակում (հաճախամիզություն)
- արյուն մեզի մեջ (արյունամիզություն կամ հեմատուրիա)
- պղտոր կամ սուր հոտով մեզ
- կոնքային անհարմարավետություն
- պորտից ներքև որովայնի ճնշման զգացում
- ցածր աստիճանի ջերմություն:
Մանկահասակ երեխաների մոտ ցերեկային ժամերին պատահական տակը թրջելու նոր դրվագները նույնպես կարող են լինել միզուղիների վարակի (ՄՈւՎ) նշան: Գիշերային անմիզապահությունն ինքնին հավանական չէ, որ տեղի ունենա ՄՈւՎ–ի պատճառով:
Ե՞րբ դիմել բժշկին
Անմիջապես դիմեք բուժօգնության, եթե ունեք երիկամների վարակին (պիելոնեֆրիտի) բնորոշ գանգատներ և ախտանիշներ, որոնցից են՝
- մեջքի (գոտկատեղի) կամ կողքի ցավեր
- բարձր ջերմություն և դող
- սրտխառնոց և փսխում:
Եթե ձեզ մոտ զարգանում է շտապ, հաճախ միզելու ցանկություն կամ միզելիս ցավեր, որոնք տևում են մի քանի ժամ կամ ավելի, կամ եթե ձեր մեզի մեջ նկատում եք արյուն, զանգեք ձեր բժշկին: Եթե երբևէ ախտորոշվել եք ՄՈւՎ, և ձեզ մոտ ի հայտ են գալիս ախտանիշներ, որոնք նման են նախորդ ՄՈւՎ-ին, զանգեք ձեր բժշկին:
Կապ հաստատեք ձեր բժշկի հետ նաև այն դեպքերում, եթե ցիստիտի ախտանիշները վերսկսվում են հակաբիոտիկների բուժումն ավարտելուց հետո: Հնարավոր է, որ ձեզ հարկ լինի փորձել այլ տեսակի դեղամիջոց:
Եթե ձեր երեխան սկսում է ցերեկվա ժամերին տակը թրջելու դրվագներ ունենալ, զանգեք ձեր երեխայի բժշկին:
Այլապես առողջ տղամարդկանց մոտ ցիստիտը հազվադեպ է լինում: Ցանկացած ախտանիշ պետք է ստուգվի բժշկի կողմից:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-02-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024