Գլխի թեփոտման առաջացրած քորը ու թեփուկները գրեթե միշտ կարելի է վերահսկել:
Թեթև թեփի դեպքում նախ փորձեք կանոնավոր մաքրել գլխամաշկը թույլ շամպունով` նվազեցնելու յուղի և մաշկի բջիջների կուտակումը: Եթե դա չի օգնում, փորձեք թեփի դեմ բուժիչ շամպուն: Որոշ մարդիկ կարող են հանդուրժել շաբաթական երկու-երեք անգամ դեղորայքային շամպուն օգտագործելը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ այլ օրերին կանոնավոր կերպով շամպունով լվանալը: Ավելի չոր մազեր ունեցող մարդիկ կարող են օգուտ ստանալ ավելի հազվադեպ շամպունով լվանալուց և մազերի կամ գլխի համար խոնավացնող կոնդիցիոներներից:
Մազերի և գլխամաշկի խնամքի արտադրանքները՝ ինչպես դեղորայքային, այնպես էլ ոչ դեղորայքային, հասանելի են լուծույթների, փրփուրների, գելերի, սփրեյների, քսուքների և յուղերի տեսքով: Հնարավոր է, որ ձեզ անհրաժեշտ լինի փորձել մեկից ավելի ապրանքատեսակ՝ ձեզ համար արդյունավետ միջոց գտնելու համար: Եվ դուք, հավանաբար, կրկնակի կամ երկարատև բուժման կարիք ունենաք:
Եթե որևէ արտադրանքից առաջանա քոր, ծակծկոցներ կամ այրոցի զգացում, դադարեցրեք այն օգտագործել: Եթե առաջանում է ալերգիկ ռեակցիա, օրինակ՝ ցան, եղնջացան կամ դժվարացած շնչառություն, անհապաղ դիմեք բժշկի:
Թեփի դեմ շամպունները դասակարգվում են ըստ դրանց պարունակած դեղամիջոցների:
- Ցինկ պիրիթիոնի շամպուններ (DermaZinc, Head & Shoulders և այլն). դրանք պարունակում են հակաբակտերիալ և հակասնկային նյութ ցինկ պիրիթիոն:
- Խեժի հիմքով շամպուններ (Neutrogena T/Gel, Scalp 18 Coal Tar Shampoo և այլն). ածուխի խեժը դանդաղեցնում է գլխամաշկի բջիջների մահացման և թեփուկավորման գործընթացը: Եթե ունեք բաց գույնի մազեր, այս տեսակի շամպունը կարող է գունաթափել դրանք: Այն կարող է նաև գլխամաշկն ավելի զգայուն դարձնել արևի լույսի նկատմամբ:
- Սալիցիլաթթու պարունակող շամպուններ (Jason Dandruff Relief Treatment Shampoo, Baker P&S և այլն). այս արտադրանքներն օգնում են թեփուկների հեռացմանը:
- Սելենի սուլֆիդային շամպուններ (Head & Shoulders Intensive, Selsun Blue և այլն). դրանք պարունակում են հակասնկային նյութ: Օգտագործեք այս միջոցներն ինչպես հրահանգված է և շամպունից հետո լավ լվացեք գլուխը, քանի որ դրանք կարող են գունաթափել ձեր մազերը և գլխամաշկը:
- Կետոկոնազոլ շամպուններ (Nizoral Anti-Dandruff). այս շամպունը նախատեսված է թեփ առաջացնող սնկերը ոչնչացնելու համար, որոնք ապրում են ձեր գլխի վրա:
- Ֆլյուոցինոլային շամպուններ (Capex, Derma-Smoothe/FS և այլն). այս արտադրանքները պարունակում են կորտիկոստերոիդներ, որոնք օգնում են վերահսկել քորը, թեփուկավորումը և գրգռվածությունը:
Եթե շամպունի մի տեսակ որոշ ժամանակ օգնում է, իսկ հետո կարծես կորցնում է իր արդյունավետությունը, փորձեք փոխարինաբար օգտագործել թեփի դեմ երկու տեսակի շամպուններ: Երբ ձեր թեփը վերահսկվի, փորձեք ավելի քիչ օգտագործել բուժիչ շամպունը՝ թողնելով այն միայն արդյունքների պահպանման և թեփի կանխարգելման համար:
Կարդացեք և հետևեք ձեր փորձած շամպունի յուրաքանչյուր շիշի հրահանգներին: Որոշ արտադրանքներ պետք է գլխին մի քանի րոպե թողնել, իսկ մյուսները՝ արագ ողողել:
Եթե դուք մի քանի շաբաթ պարբերաբար օգտագործել եք դեղորայքային շամպուն և դեռ թեփ ունեք, խոսեք ձեր բժշկի կամ մաշկաբանի հետ: Ձեզ գուցե անհրաժեշտ լինել դեղատոմս պահանջող դեղորայքային շամպուն կամ ստերոիդ լոսյոն:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-05-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024