Բարուրային ցանը կանխելու լավագույն միջոցը բարուրի կամ տակդիրի (փամփերսի) տարածքը մաքուր և չոր պահելն է:
Մի քանի պարզ մոտեցումներ կարող են օգնել նվազեցնելու ձեր երեխայի մաշկի վրա բարուրային ցանի առաջացման հավանականությունը:
- Հաճախակի փոխեք տակդիրները. անմիջապես հեռացրեք թաց, խոնավ կամ կեղտոտ տակդիրները: Եթե ձեր երեխան գտնվում է խնամքի ներքո, խնդրեք անձնակազմին անել նույնը: Միանգամյա օգտագործման տակդիրները, որոնք պարունակում են ներծծող գել, արդյունավետ են, քանի որ դրանք ներծծում են մաշկի խոնավությունը:
- Յուրաքանչյուր անգամ տակդիրը փոխելուց լվացեք ձեր երեխայի հետույքը գոլ ջրով. այդ նպատակով կարող եք օգտագործել մանկական վաննա, լոգարան կամ ջրի շիշ: Խոնավ մանկական անձեռոցիկները կարող են օգնել մաշկի մաքրմանը: Մաքրեք նրբորեն: Օգտագործեք անձեռոցիկներ, որոնք չեն պարունակում ալկոհոլ կամ բուրումնավետ չեն: Կամ օգտագործեք թույլ օճառ կամ օճառ չպարունակող որևէ հիպոալերգիկ մաքրող միջոց:
- Նրբորեն չորացրեք մաշկը մաքուր սրբիչով կամ թողեք, որ այն չորանա օդում. մի՛ տրորեք ձեր երեխայի հետույքը: Մի՛ օգտագործեք տալկ փոշի:
- Պարբերաբար օգտագործեք նրբաքսուք (կրեմ), մածուկ կամ քսուք. եթե երեխայի մոտ հաճախակի ցան է հայտնվում, տակդիրի յուրաքանչյուր փոփոխության ժամանակ քսեք նրբաքսուք, մածուկ կամ քսուք: Նավթային ժելեն և ցինկի օքսիդը բարուրային ցանի բազմաթիվ արտադրանքներում առկա ժամանակի ընթացքում ապացուցված բաղադրիչներն են: Եթե ապրանքատեսակը, որը կիրառել եք նախորդ տակդիրը փոխելիս, մաքուր է, թողեք այն տեղում և վրան ավելացրեք ևս մեկ շերտ:
- Տակդիրները փոխելուց հետո լավ լվացեք ձեր ձեռքերը. ձեռքերը լվանալը կարող է կանխել բակտերիաների կամ խմորասնկիկների տարածումը երեխայի մարմնի այլ մասերում, ինչպես նաև ձեր կամ ձեր այլ երեխաների վրա:
- Լավ ամրացրեք տակդիրները, սակայն՝ ոչ շատ ամուր. տակդիրը, որը թույլ է տալիս որոշակի օդի հոսք, օգնում է բարուրային ցանը կանխելուն: Շատ ամուր կամ կիպ տակդիրները կարող են հարել մաշկը։ Ժամանակ առ ժամանակ թուլացրեք պլաստմասե կամ ամուր ամրացվող տակդիրները:
- Ավելի շատ ժամանակ տվեք ձեր փոքրիկի հետույքին, որ մնա առանց տակդիրի. հնարավորության դեպքում թողեք ձեր երեխային առանց տակդիրի: Չծածկված մաշկն այն չոր պահելու բնական միջոց է: Որևէ պատահարներից խուսափելու համար փորձեք ձեր մերկ հետույքով երեխային պառկեցնել մեծ փափուկ ու չոր սրբիչի վրա:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024