Գլխապտույտ
13-04-2018
1 րոպե
Մեզնից շատերի մոտ ժամանակ առ ժամանակ կարող է ի հայտ գալ «օդում լողալու» կամ մեղմ գլխապտույտի զգացում։
Գլխապտույտը տերմին է, որն օգտագործվում է նկարագրելու մի շարք փոխկապակցված զգացողությունները, օրինակ՝ շրջապատող առարկաների կամ սեփական մարմնի թվացող պտտման և հավասարակշռության խախտման զգացողություններ, «ընկնելու» զգացողություն (նախաուշագնացություն), թուլություն, երերուն քայլվածք և այլն: Գլխապտույտը կարող է նաև ուղեկցվել բազմաթիվ այլ ախտանիշներով՝ է սրտխառնոց և փսխումներ, գունատություն, արյան ճնշման փոփոխություններ, շփոթվածություն և այլն:
Կախված առաջացման պատճառից, գլխապտույտը կարող է տևել սկսած վայրկյաններից մինչև օրեր, և որոշ իրավիճակներում (օրինակ՝ ավտոմեքենայի վարում) ՝ դառնալ ծանր հետևանքների կամ դժբախտ պատահարների պատճառ: Գլխապույտի հաճախակի կրկնվող կամ երկարատև շարունակվող «նոպաները» կարող են նաև բացասաբար ազդել ձեր առօրյա կամ աշխատանքային գործունեության վրա, թեև բուն գլխապտույտը հազվադեպ է «ահազանգում» կյանքին սպառնացող հիվանդության մասին:
Գլխապտույտի առանձնահատուկ տեսակը, որը դրսևորվում է շրջապատող աշխարհի կամ սեփական մարմնի պտտման կեղծ զգացողություններով, կոչվում է վերտիգո:
Գլխապտույտը ամենատարածված պատճառներից մեկն է, որի կապակցությամբ չափահասներն այցելում են բժիշկներին: Նման դեպքերում բժիշկը փորձում է հայտնաբերել գլխապտույտ առաջացրած հիվանդությունը կամ առողջական խնդիրը, որի բուժումը կօգնի գանգատի մեղմացմանը կամ անհետացմանը:
Այնուամենայնիվ, նույնիսկ արդյունավետ բուժումից հետո գլխապտույտի դրվագները կարող են կրկնվել:
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022