Գրադարան
Գլխապտույտ. ախտանիշներ

1 րոպե
Գլխապտույտը կարող է ընթանալ տարբեր զգացողություններով և հարակից գանգատներով:
Գլխապտույտ ունեցող մարդիկ կարող են այն նկարագրել որպես մի շարք զգացողություններից որևէ մեկը, ինչպիսիք են՝
- շարժման կամ պտտման կեղծ զգացողություն (վերտիգո), հատկապես գլուխը շարժելիս, օրինակ՝ անկողնում շրջվելիս
- թուլության, ուշագնաց լինելու կամ ընկնելու զգացողություն
- անկայունություն, օրինակ՝ երերուն քայլվածք կամ հավասարակշռության կորուստ
- օդում լողալու, շփոթվածության կամ գլխում ծանրության զգացողություն:
Այս զգացողությունները կարող են առաջանալ կամ վատթարանալ քայլելիս, կանգնած վիճակում կամ գլուխը շարժելիս: Ձեր գլխապտույտը կարող է ուղեկցվել սրտխառնոցով կամ սկսվել այնքան հանկարծակի կամ լինել այնքան ուժեղ, որ դուք նստելու կամ պառկելու կարիք զգաք: Գլխապտույտի դրվագը կարող է տևել վայրկյաններ կամ օրեր և կարող է կրկնվել:
Ե՞րբ դիմել բժշկին
Ընդհանուր առմամբ, այցելեք ձեր բժշկին, եթե զգում եք կրկնվող, հանկարծակի, ծանր կամ երկարատև և անբացատրելի գլխապտույտ կամ վերտիգո:
Ստացեք շտապ բուժօգնություն, եթե զգում եք նոր, ուժեղ գլխապտույտ կամ վերտիգո, ինչպես նաև հետևյալներից որևէ մեկը՝
- հանկարծակի, ուժեղ գլխացավ
- կրծքավանդակի (ետկրծոսկրային) ցավ
- շնչառության դժվարություն կամ հևոց
- ձեռքերի կամ ոտքերի թմրածություն կամ կաթված (շարժելու անկարողություն)
- ուշագնացություն
- երկտեսություն
- հաճախացած կամ անկանոն սրտազարկ (տախիկարդիա կամ առիթմիա), որը զգացվում է որպես սրտխփոց
- շփոթվածություն կամ աղավաղված խոսք
- սայթաքում կամ քայլքի դժվարացում
- շարունակվող փսխումներ
- ցնցումներ
- լսողության հանկարծակի փոփոխություն
- դեմքի թմրածություն կամ թուլություն:
Հոդվածը տեղադրվել է՝ 19-03-2021 վերանայվել է՝ 28-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: