Թմրամիջոցներից կախվածության (հոգեներգործուն նյութերի օգտագործման խանգարման) ախտորոշումը պահանջում է հոգեբույժի, հոգեբանի և նարկոլոգի մասնակցությամբ մանրակրկիտ գնահատում:
Արյան, մեզի կամ այլ լաբորատոր թեստերն օգտագործվում են թմրամիջոցների օգտագործումը գնահատելու համար, սակայն դրանք կախվածության ախտորոշիչ թեստեր չեն: Այնուամենայնիվ, այս թեստերը կարող են օգտագործվել բուժման և վերականգնման հսկողության համար:
Թմրամիջոցների օգտագործման խանգարման ախտորոշման համար հոգեկան առողջության մասնագետների մեծ մասն օգտագործում է Հոգեկան խանգարումների ախտորոշման և վիճակագրական ձեռնարկի չափորոշիչները (DSM-5-TR), որը հրապարակվել է Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի կողմից:
DSM-5-TR չափորոշիչներ
DSM-5-TR չափորոշիչները 11-ն են:
- Թմրամիջոցի օգտագործում ավելի մեծ քանակներով կամ ավելի երկարատև, քան դուք նախատեսել էիք:
- Թմրամիջոցի օգտագործումը կրճատելու կամ դադարեցնելու ցանկություն, որը չի հաջողվում:
- Թմրամիջոց գտնելու, օգտագործելու կամ դրա օգտագործումից վերականգնվելու վրա մեծ ժամանակի ծախսում:
- Թմրամիջոց օգտագործելու հակումներ և անզուսպ ցանկություններ:
- Թմրամիջոցի օգտագործման պատճառով աշխատավայրում, տանը կամ դպրոցում պարտականությունների կատարման ձախողում:
- Թմրամիջոցի օգտագործման շարունակում, նույնիսկ երբ այն առաջացնում է փոխհարաբերությունների խնդիրներ:
- Թմրամիջոցի օգտագործման պատճառով կարևոր սոցիալական, աշխատանքային կամ ժամանցի գործերից հրաժարում:
- Թմրամիջոցի կրկին և նորից օգտագործում, նույնիսկ եթե այն ձեզ դնում է վտանգի տակ:
- Թմրամիջոցի օգտագործման շարունակում, նույնիսկ երբ դուք գիտեք, որ ունեք ֆիզիկական կամ հոգեբանական խնդիրներ, որոնք կարող են առաջանած լինել կամ վատթարանալ թմրամիջոցի պատճառով:
- Ավելի շատ թմրամիջոցի կարիք, որ ստանաք ձեր ցանկալի ազդեցությունը (տոլերանտություն):
- Զրկանքի (հանման) ախտանիշների զարգացում, որը կարող է թեթևանալ թմրամիջոցի լրացուցիչ օգտագործմամբ:
DSM-5-TR չափորոշիչները կարելի է խմբավորել չորս առաջնային դասերում՝
- ֆիզիկական (ֆիզիոլոգիական) կախվածություն
- վտանգավոր (ռիսկային) օգտագործում
- սոցիալական խնդիրներ
- օգտագործման վերահսկողության կորուստ:
Հոգեներգործուն նյութերի օգտագործման խանգարման ծանրության աստիճանը
DSM-5-TR-ը բժիշկներին թույլ է տալիս հստակեցնել, թե որքան ծանր կամ խնդրահարույց է հոգեներգործուն նյութի օգտագործման խանգարումը` կախված նրանից, թե քանի ախտորոշիչ չափորոշիչ է հայտնաբերվել:
- Թեթև. երկու կամ երեք ախտանիշների առկայությունը վկայում է թեթև խանգարման մասին:
- Չափավոր. չորս կամ հինգ ախտանիշների առկայությունը վկայում է միջին ծանրության խանգարման մասին:
- Ծանր. վեց կամ ավել ախտանիշների առկայությունը վկայում է ծանր խանգարման մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-03-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024