Թմրամիջոցից կախվածության ախտանիշները կամ վարքագծերը, ի թիվս այլոց, ներառում են հետևյալը:
- Զգացում, որ դուք պետք է օգտագործեք թմրամիջոցը կանոնավոր՝ ամեն օր կամ նույնիսկ օրը մի քանի անգամ:
- Թմրամիջոցի նկատմամբ ուժեղ հակումներ ունենալը, որն արգելափակում է ցանկացած այլ մտքեր:
- Ժամանակի ընթացքում նույն ազդեցությունը ստանալու համար ավելի շատ թմրամիջոցի կարիք ունենալը:
- Թմրամիջոցի ավելի մեծ քանակությունների ընդունում ավելի երկար ժամանակահատվածում, քան դուք նախատեսել էիք:
- Համոզված լինելը, որ դուք ունեք թմրամիջոցի պաշար:
- Թմրամիջոցի վրա գումար ծախսելը, նույնիսկ եթե դրա հնարավորությունը չունեք:
- Պարտավորությունները և աշխատանքային պարտականությունները չկատարելը կամ թմրամիջոցների օգտագործման պատճառով սոցիալական կամ ժամանցային գործունեության կրճատումը:
- Թմրամիջոցի օգտագործման շարունակելը, չնայած գիտեք, որ այն խնդիրներ է առաջացնում ձեր կյանքում կամ պատճառում է ֆիզիկական կամ հոգեբանական վնաս:
- Թմրամիջոց ստանալու համար այնպիսի բաներ անելը, որոնք սովորաբար չէիք անի, օրինակ՝ գողություն:
- Մեքենա վարելը կամ այլ վտանգավոր գործողություններ կատարելը, երբ գտնվում եք թմրամիջոցների ազդեցության տակ:
- Բավական ժամանակ ծախսելը թմրամիջոց ձեռք բերելու, օգտագործելու կամ թմրամիջոցի ազդեցությունից վերականգնվելու համար:
- Թմրամիջոցի օգտագործումը դադարեցնելու ձեր փորձերի ձախողումը:
- Զրկանքի (հանման) ախտանիշներ, երբ դուք փորձում եք դադարեցնել թմրամիջոցի օգտագործումը:
Ընտանիքի անդամների կողմից թմրամիջոցների վնասակար օգտագործման ճանաչումը
Երբեմն դժվար է դեռահասների նորմալ տրամադրությունը կամ անհանգստությունը տարբերակել թմրամիջոցների օգտագործման նշաններից: Հնարավոր նշանները, որ ձեր դեռահասը կամ ընտանիքի այլ անդամը թմրամիջոց է օգտագործում, ներառում են հետևյալը:
- Դպրոցում կամ աշխատանքի հետ կապված խնդիրներ. հաճախակի բացակայություններ դպրոցից կամ աշխատանքից, հանկարծակի անտարբերություն դպրոցական գործունեության կամ աշխատանքի նկատմամբ, կամ գնահատականների կամ աշխատանքի կատարողականի անկում:
- Ֆիզիկական առողջության հետ կապված խնդիրներ. էներգիայի և մոտիվացիայի պակաս, քաշի կորուստ կամ ավելացում, կամ կարմիր աչքեր:
- Անտեսված արտաքին տեսք. հագուստի, հարդարանքի կամ արտաքինի նկատմամբ հետաքրքրության բացակայություն:
- Փոփոխություններ վարքագծի մեջ. մեծ ջանքեր՝ արգելելու ընտանիքի անդամներին մուտք գործելը դեռահասի սենյակ, ընկերների հետ դուրս գալը գաղտնի պահելը կամ կտրուկ փոփոխություններ վարքագծի և ընտանիքի և ընկերների հետ փոխհարաբերություններում:
- Դրամական խնդիրներ. փողի հանկարծակի խնդրանքներ առանց ողջամիտ բացատրության կամ ձեր բացահայտումը, որ գումարը բացակայում է կամ գողացվել է, կամ որ իրերն անհետացել են ձեր տնից, ինչը ցույց է տալիս, որ դրանք վաճառվում են ապօրինի թմրամիջոցներ գնելու և օգտագործելու համար:
Թմրամիջոցների օգտագործման կամ ազդեցության (ինտոքսիկացիայի) ճանաչումը
Թմրամիջոցների օգտագործման կամ ազդեցության (թունավորման) գանգատներն ու ախտանիշները կարող են տարբեր լինել՝ կախված թմրամիջոցնի տեսակից: Ստորև կգտնեք մի քանի օրինակներ:
Մարիխուանա, հաշիշ և կանաբիս պարունակող այլ նյութեր
Մարդիկ օգտագործում են կանեփ՝ ծխելով, ուտելով կամ թմրամիջոցի գոլորշիացված ձևը ներշնչելով: Կանեփը հաճախ նախորդում է կամ օգտագործվում է այլ թմրամիջոցների հետ միասին, ինչպիսիք են ալկոհոլը կամ այլ ապօրինի թմրամիջոցները, և հաճախ դա առաջին փորձարկված թմրամիջոցն է:
Վերջերս օգտագործման գանգատները և ախտանիշները կարող են ներառել՝
- հաճույքի (էյֆորիա) զգացողություն կամ «վերելքի» զգացում
- տեսողական, լսողական և համի ընկալման սրված զգացողություն
- արագացած սրտազարկ (տախիկարդիա) և բարձրացած արյան ճնշում (հիպերտենզիա)
- կարմիր աչքեր
- չոր բերան
- կորդինացիայի նվազում
- ուշադրության կենտրոնացման կամ հիշելու դժվարություն
- դանդաղած ռեակցիայի ժամանակ
- անհանգստություն կամ պարանոիդ մտածողություն
- կանաբիսի հոտ շորերից կամ ձեռքի դեղնած մատներ
- որ սովորական ժամերին որոշ մթերքների նկատմամբ մեծ հակում:
Երկարաժամկետ օգտագործումը հաճախ կապված է հետևյալ վիճակների հետ՝
- նվազած մտավոր սրություն
- վատ կատարողական կամ առաջադիմություն աշխատանքում կամ դպրոցում
- շարունակվող հազ և հաճախակի թոքային վարակներ:
K2, սփայս և լոգանքի աղեր
Սինթետիկ թմրամիջոցների երկու խումբ՝ սինթետիկ կանաբինոիդներ և փոխարինված կամ սինթետիկ կաթինոններ, անօրինական են աշխարհի երկրների գերիշխող մեծամասնությունում, այդ թվում՝ Հայաստանում: Այս թմրամիջոցների ազդեցությունը կարող է վտանգավոր և անկանխատեսելի լինել, քանի որ չկա որակի վերահսկողություն, և որոշ բաղադրիչներ կարող են ունենալ անհայտ ծագում:
Սինթետիկ կանաբինոիդները, որոնք նաև կոչվում են K2 կամ սփայս, ցողում են չոր բույսերի վրա, այնուհետև ծխեցվում, սակայն կարող են պատրաստվել որպես բուսական թեյ: Հեղուկ ձևը կարող է գոլորշիացվել էլեկտրոնային ծխախոտով (վայփերներ): Թեև արտադրողների պնդումներին, դրանք ավելի շուտ քիմիական միացություններ են, քան «բնական» կամ անվնաս արտադրանք: Այս դեղերը կարող են մարիխուանայի նման «վերելք» առաջացնել և դարձել են հանրաճանաչ, սակայն՝ վտանգավոր այլընտրանք:
Վերջերս օգտագործման գանգատները և ախտանիշները կարող են ներառել՝
- հաճույքի (էյֆորիայի) զգացողություն կամ «վերելքի» զգացողություն
- տրամադրության բարձրացում
- տեսողական, լսողական և համի ընկալման փոփոխված զգացողություն
- ծայրաստիճան անհանգստություն կամ հոգեշարժական գրգռվածություն (աժիտացիա)
- պարանոյա (համակարգված զառանցանքներ)
- ցնորքներ (հալյուցինացիաներ)
- արագացած սրտազարկ (տախիկարդիա) և բարձրացած արյան ճնշում (հիպերտենզիա)
- փսխում
- շփոթվածություն
- բռնի վարք:
Փոխարինված կաթինոնները, որոնք նաև կոչվում են «լոգանքի աղեր», հոգեկան վիճակը փոփոխող (հոգեներգործուն) նյութեր են, որոնք նման են ամֆետամիններին, ինչպիսիք են էքստազին (ՄԴՄԱ) և կոկաինը: Փաթեթները հաճախ պիտակավորված են որպես այլ ապրանքներ՝ հայտնաբերումից խուսափելու համար:
Չնայած անվանմանը, դրանք լոգանքի արտադրանք չեն, ինչպիսիք են Էպսոմ աղերը: Փոխարինված կաթինոնները կարելի է ուտել, քթով ներս քաշել, ներշնչել կամ ներարկվել և մեծ կախվածություն են առաջացնում: Այս թմրամիջոցները կարող են առաջացնել ծանր թունավորում, ինչը հանգեցնում է առողջության համար վտանգավոր հետևանքների կամ նույնիսկ մահվան:
Վերջերս օգտագործման գանգատները և ախտանիշները կարող են ներառել՝
- «վերելքի» զգացողություն
- բարձրացած շփումներ և ծանոթություններ
- բարձրացած կենսաուժ և հոգեշարժական գրգռվածություն (աժիտացիա )
- բարձրացած սեռական ցանկություն
- արագացած սրտազարկ (տախիկարդիա) և բարձրացած արյան ճնշում (հիպերտենզիա)
- հստակ մտածողության խնդիրներ
- մկանային վերահսկման կորուստ
- պարանոյա
- խուճապի (պանիկ) նոպաներ
- ցնորքներ (հալյուցինացիաներ)
- զառանցանք (դելիրիում)
- փսիխոտիկ կամ բռնի վարք:
Բարբիտուրատներ, բենզոդիազեպիններ և քնաբերներ
Բարբիտուրատները, բենզոդիազեպինները և քնաբերները կենտրոնական նյարդային համակարգը ճնշող դեղեր են՝ դեպրեսանտներ: Դրանք հաճախ օգտագործվում և չարաշահվում են հանգստության զգացումի կամ «անջատելու» կամ սթրեսի հետ կապված մտքերն ու զգացմունքները մոռանալու ցանկության համար:
- Բարբիտուրատներ. օրինակներից է Ֆենոբարբիտալը:
- Բենզոդիազեպիններ. օրինակները ներառում են հանգստացնողները, ինչպիսիք են Դիազեպամը (Վալիում), Ալպրազոլամը (Քսանաքս), Լորազեպամը (Ատիվան), Կլոնազեպամը (Կլոնոպին) և Քլորդիազեպօքսիդը (Լիբրիում):
- Քնաբերներ (հիպնոտիկներ). օրինակները ներառում են Զոլպիդեմը (Ամբիեն) և Զալեպլոնը (Սոնատա):
Վերջերս օգտագործման գանգատները և ախտանիշները կարող են ներառել՝
- քնկոտություն
- աղավաղված խոսք
- կորդինացիայի խանգարում
- դյուրագրգռություն կամ տրամադրության փոփոխություններ
- ուժադրության կենտրոնացման կամ հստակ մտածողության խնդիրներ
- հիշողության խնդիրներ
- աչքերի ակամա շարժումներ
- զսպվածության կորուստ
- դանդաղած շնչառություն և նվազած արյան ճնշում
- վայրանկումներ կամ դժբախտ պատահարներ
- գլխապտույտ:
Մեթամֆետամին, կոկաին և այլ խթանիչներ (ստիմուլյանտներ)
Խթանիչները ներառում են ամֆետամին, մեթ (մեթամֆետամին), կոկաին, Մեթիլֆենիդատ (Ռիտալին, Կոնցերտա և այլն) և Ամֆետամին-դեքստրոամֆետամին (Ադդերալլ XR, Միդայիս): Դրանք հաճախ օգտագործվում և չարաշահվում են «վերելք» փնտրելու կամ էներգիան բարձրացնելու, աշխատանքում կամ դպրոցում կատարողականը բարելավելու կամ քաշը կորցնելու կամ ախորժակը վերահսկելու համար:
Վերջերս օգտագործման գանգատները և ախտանիշները կարող են ներառել՝
- երջանիկ հուզմունքի և չափազանց մեծ վստահության զգացում
- բարձրացած զգոնություն
- բարձրացած կենսաուժ և անհանգստություն
- վարքագծային փոփոխություններ կամ ագրեսիա
- արագացած կամ թռիչքային խոսք
- աովորականից ավելի մեծ բբեր
- շփոթվածություն, զառանցանքներ և ցնորքներ (հալյուցինացիաներ)
- գերգրգռվածություն, անհանգստություն կամ պարանոյա
- սրտի ռիթմի, արյան ճնշման և մարմնի ջերմաստիճանի փոփոխութոյւններ
- սրտխառնոց և փսխում՝ մարմնի քաշի նվազեցմամբ
- թույլ դատողություն
- քթի փակվածություն և քթի լորձաթաղանթի վնասում (եթե թմրամիջոցը ներշնչվում է)
- բերանի խոռոչի խոցեր, լնդային հիվանդություն և ատամների քայքայում՝ ծխելու միջոցով օգտագործելիս («մեթ-բերան»)
- անքնություն
- դեպրեսիա, երբ թմրամիջոցի ազդեցությունը թուլանում է:
Ակումբային (ժամանցային) թմրամիջոցներ
Ակումբային կամ ժամանցային թմրամիջոցները սովորաբար օգտագործվում են ակումբների, համերգների և երեկույթների ժամանակ: Օրինակները ներառում են մեթիլենդիօքսիմեթամֆետամինը, որը նաև կոչվում է ՄԴՄԱ, էքստազի կամ մոլլի և գամմա-հիդրօքսիկարագաթթու, որը հայտնի է որպես ԳՀԿ (GHB): Այլ օրինակներից են Կետամինը և Ֆլունիտրազեպամը կամ Ռոհիպնոլը, որը նաև կոչվում է ռուֆի: Այս թմրամիջոցները ոչ բոլորն են նույն դասի մեջ, սակայն ունեն որոշ նմանատիպ ազդեցություններ և վտանգներ, այդ թվում՝ երկարաժամկետ վնասակար ազդեցություններ:
GHB-ն և Ֆլունիտրազեպամը կարող են առաջացնել հանգստացնող ազդեցություն, մկանների թուլացում, շփոթվածություն և հիշողության կորուստ, ուստի սեռական ոտնձգությունների ենթարկվելը կամ սեռական ոտնձգությունների հավանականությունը կապված է այս թմրամիջոցների օգտագործման հետ:
Ակումբային թմրամիջոցների օգտագործման գանգատները և ախտանիշները կարող են ներառել՝
- ցնորքներ (հալուցինացիաներ)
- պարանոյա
- սովորականից ավելի լայն բբեր
- դող, սարսուռ և քրտնարտադրություն
- ակամա դող (տրեմոր)
- վարքագծային փոփոխություններ
- մկանների կծկանք և ատամների սեղմում (կրճտոց)
- մկանային թուլություն, վատ կորդինացիա կամ տեղաշարժման խնդիրներ
- զսպվածության կորուստ
- տեսողական, լսողական և համի ընկալման սրված զգացողություն
- թույլ դատողություն
- հիշողության խնդիրներ կամ հիշողության կորուստ
- գիտակցության մթագնում
- բարձրացած կամ նվազած սրտի ռիթմ և արյան ճնշում:
Ցնորածիններ (հալյուցիոնգեններ)
Հալյուցինոգենների օգտագործումը կարող է առաջացնել տարբեր գանգատներ և ախտանիշներ՝ կախված դեղամիջոցից: Ամենատարածված հալյուցինոգեններն են Լիզերգաթթվի դիէթիլամիդը (ԼՍԴ) և Ֆենցիկլիդինը (Ֆենիլցիկլոհեքսիլ պիպերիդին, ՖՑՊ):
ԼՍԴ-ի օգտագործումը կարող է առաջացնել՝
- ցնորքներ (հալուցինացիաներ)
- իրականության ընկալման զգալիորեն կրճատում, օրինակ՝ ձեր մեկ զգայարանից ստացված մուտքը մեկ այլ զգայարան մեկնաբանելը, օրինակ՝ գույներ լսելը
- իմպուլսիվ վարքագիծ
- հույզերի կտրուկ փոփոխություններ
- ընկալման մշտական հոգեկան փոփոխություններ
- արյան ճնշման բարձրացում (հիպերտենզիա) և սրտազարկի հաճախացում (տախիկարդիա)
- դողեր (տրեմոներ)
- վերապրումներ (ֆլեշբեք) և ցնորքների վերադարձ, նույնիսկ տարիներ անց:
ՖՑՊ-ի օգտագործումը կարող է առաջացնել՝
- ձեր մարմնից և շրջապատից անջատվելու զգացողություն
- ցնորքներ (հալուցինացիաներ)
- կորդինացիայի և շարժման խնդիրներ
- ագրեսիվ, հնարավոր է՝ բռնի վարք
- աչքերի ակամա շարժումներ
- ցավային զգացողության կորուստ
- արյան ճնշման բարձրացում (հիպերտենզիա) և սրտազարկի հաճախացում (տախիկարդիա)
- մտածողության և հիշողության խնդիրներ
- խոսելու խնդիրներ
- թույլ դատողություն
- բարձր աղմուկի անտանելիություն
- երբեմն՝ ցնցումներ կամ կոմա:
Ինհալանտներ (ցնդող լուծիչներ)
Ինհալանտների օգտագործման գանգատներն ու ախտանիշները տարբեր են՝ կախված օգտագործված նյութից: Սովորաբար ներշնչվող նյութերը ներառում են սոսինձ, ներկերի լուծիչներ, նոսրացնող հեղուկ, բենզին, մաքրող հեղուկներ և կենցաղային աերոզոլային արտադրանք: Այս նյութերի թունավոր բնույթի պատճառով օգտագործողների մոտ կարող է առաջացնել գլխուղեղի վնասում կամ հանկարծակի մահ:
Գանգատները և ախտանիշները կարող են ներառել՝
- ինհալանտի պահում՝ առանց խելամիտ բացատրության
- կարճատև հաճելի զգացողություն
- վարքագիծ, կարծես օգտագործողը հարբած է
- իմպուլսիվ պահվածքը վերահսկողության տակ պահելու ունակության նվազում
- ագրեսիվ վարքաքիծ կամ կռվարարություն
- գլխապտույտ
- սրտխառնոց կամ փսխում
- աչքերի ակամա շարժումներ
- թմրամիջոցների ազդեցության նշաններ, ինչպիսիք են սվաղված խոսքը, շարժումների դանդաղումը և կորդինացիայի կորուստը
- անկանոն սրտազարկ (առիթմիա)
- դողեր (տրեմորներ)
- ինհալացիոն նյուտի կայուն հոտ
- քթի և բերանի շուրջը ցան:
Օփիոիդային ցավազրկողներ
Օփիոիդներն ապօրինի թմրամիջոցներ են, թմրաբեր ցավազրկողներ, որոնք ստացվում են քնաբեր կակաից կամ պատրաստվում են սինթետիկ եղանակով: Թմրամիջոցների այս դասը ներառում է, ի թիվս այլոց, Հերոին, Մորֆին, Կոդեին, Մեթադոն, Ֆենտանիլ և Օքսիկոդոն:
Օփիոիդային ցավազրկողներից կախվածությունը որոշ երկրներում որոշ ժամանակաշրջաններում հասել է «օփիոիդային համաճարակի» մակարդակի: Որոշ մարդիկ, ովքեր երկար ժամանակ օգտագործել են օփիոիդներ, կարող են բուժման ընթացքում բժշկի կողմից նշանակված ժամանակավոր կամ երկարաժամկետ դեղամիջոցի փոխարինման կարիք ունենալ:
Օփիոիդներից կախվածության գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել՝
- «վերելքի» զգացողություն
- ցավի զգացողության կորուստ
- հոգեշարժական գրգռվածություն (աժիտացիա), քնկոտություն կամ հոգեկան հանգստություն
- աղավաղված խոսք
- ուշադրության և հիշողության հետ կապված խնդիրներ
- սովորականից ավելի նեղացած բբեր
- իրազեկվածության բացակայություն կամ անուշադրություն շրջապատող մարդկանց և իրավիճակների նկատմամբ
- կորդինացիայի խնդիրներ
- դեպրեսիա
- շփոթվածություն
- փորլուծություն
- քթահոսություն կամ քթային վերքեր (եթե թմրամիջոցը շնչվում է)
- ասեղի հետքեր (եթե թմրամիջոցը ներարկվում է)
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե ձեր թմրամիջոցների օգտագործումը վերահսկողությունից դուրս է կամ խնդիրներ է առաջացնում, դիմեք օգնության: Որքան շուտ դիմեք օգնության, այնքան ավելի մեծ են ձեր կայուն վերականգնման հնարավորությունները: Խոսեք ձեր բժշկի հետ կամ այցելեք հոգեկան առողջության մասնագետի, օրինակ՝ բժշկի, ով մասնագիտացած է կախվածության բժշկության կամ թմրամոլության հոգեբուժության մեջ կամ նարկոլոգի:
Պայմանավորվեք և այցելեք ձեր բժշկին, եթե՝
- չեք կարող դադարեցնել թմրամիջոցի օգտագործումը
- դուք շարունակում եք թմրամիջոցի օգտագործումը՝ չնայած դրանց պատճառած ակնհայտ վնասների
- ձեր թմրամիջոցների օգտագործումը հանգեցնում է ոչ անվտանգ վարքագծերի, ինչպիսիք են ասեղների համատեղ օգտագործումը կամ չպաշտպանված սեռական հարաբերությունները
- դուք կարծում եք, որ կարող եք թմրամիջոցի օգտագործումը դադարեցնելուց հետո ունենալ հանման (զրկանքի) ախտանիշներ:
Եթե պատրաստ չեք դիմել բժշկին կամ հոգեկան առողջության մասնագետին, կարող եք օգտվել թեժ գծերից կամ աջակցության հեռախոսահամարներից, որ իմանաք, թե ուր դիմել:
Ե՞րբ փնտրել անհետաձգելի բուժօգնություն
Դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե դուք կամ ինչ-որ մեկը, ում գիտեք, օգտագործել է որևէ թմրամիջոց և՝
- կարող է ունենալ գերդոզավորում
- դրսևորում է գիտակցության փոփոխություններ
- ունի շնչառության խնդիր
- ունի ցնցումներ կամ ջղաձգումներ
- ունի հնարավոր սրտամկանի ինֆարկտի նշաններ, ինչպիսիք են ետկրծոսկրային ցավ կամ սեղմում-ճնշում
- ունի թմրամիջոցի օգտագործման հետ կապված որևէ այլ անհանգստացնող ֆիզիկական կամ ֆիզիոլոգիական ռեակցիա:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-03-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024