Թմրամիջոցներից կախվածության վերջնական բուժում չկա, սակայն բուժման տարբերակները կարող են օգնել ձեզ հաղթահարելու կախվածությունը և ապրել թմրամիջոցներից ազատ կյանք:
Ձեր բուժումը կախված է օգտագործվող թմրամիջոցի տեսակից և ձեզ հետ կապված ցանկացած առողջական կամ հոգեկան առողջության խանգարումներից: Երկարատև հսկողությունը կարևոր է կրկնակի օգտագործումը՝ ռեցիդիվը կամ ռելափսը կանխելու համար:
Բուժման ծրագրեր
Թմրամիջոցների օգտագործմամբ պայմանավորված խանգարման բուժման ծրագրերը սովորաբար առաջարկում են՝
- անհատական, խմբային և ընտանեկան թերապիայի կուրսեր
- կենտրոնացում կախվածության բնույթը հասկանալու, թմրամիջոցներից ազատ դառնալու և կրկնակի օգտագործումը կանխելու վրա
- բուժման և խնամքի տարբեր մակարդակներ և ընթացակարգեր, որոնք կարող են տարբերվել՝ կախված ձեր կարիքներից, ինչպիսիք են արտահիվանդանոցային, համայնքային և հիվանդանոցային ծրագրերը:
Զրկանքի (հանման) բուժում
Դետոքսիկացիայի նպատակը, որը նաև կոչվում է դետոքս կամ զրկանքի ախտանիշների բուժում, ձեզ հնարավորություն տալն է դադարեցնելու կախվածություն առաջացնող թմրամիջոցի օգտագործումը հնարավորինս արագ, անցավ և անվտանգ: Որոշ մարդկանց համար արտահիվանդանոցային պայմաններում զրկանքի ախտանիշների բուժումը կարող է անվտանգ լինել: Մյուսներին կարող է անհրաժեշտ լինել հիվանդանոցային բուժում կամ բուժում համայնքային բուժման կենտրոնում: Վերջիններս Հայաստանում դեռևս բացակայում են:
Թմրամիջոցների տարբեր տեսակներից հրաժարվելը, ինչպիսիք են դեպրեսանտները, խթանիչները կամ օփիոիդները, առաջացնում են տարբեր կողմնակի ազդեցություններ և պահանջում են տարբեր մոտեցումներ: Դետոքսը կարող է ներառել դեղամիջոցի չափաբաժնի աստիճանական նվազեցում կամ այլ` բժշկի կողմից նշանակված օրինական թմրամիջոցներով ժամանակավոր փոխարինում, ինչպիսիք են Մեթադոնը, Բուպրենորֆինը կամ Բուպրենորֆինի և Նալոքսոնի զուգակցումը:
Օփիոիդների գերդոզավորում
Օփիոիդների գերդոզավորման՝ չափից մեծ չափաբաժին ստանալու դեպքում Նալոքսոն կոչվող դեղամիջոցը կարող է տրվել շտապ օգնության աշխատակիցների կողմից: Նալոքսոնը ժամանակավորապես ետ է զարգացնում օփիիդների՝ ափիոնային թմրամիջոցների ազդեցությունը:
Թեև Նալոքսոնը տարիներ շարունակ շուկայում է եղել, քթի սփրեյը (Նարկան, Կլոքսքսադո) և ներարկային դեղաձևն այժմ հասանելի են, թեև դրանք կարող են շատ թանկ արժենալ: Անկախ ընդունման եղանակից, Նալոքսոն օգտագործելուց հետո անհապաղ դիմեք բժշկական օգնություն:
Թմրամիջոցը որպես բուժման մաս
Ձեզ հետ քննարկելուց հետո ձեր բժիշկը կարող է իրենից թմրամիջոց ներկայացնող դեղորայք առաջարկել որպես օփիոիդային կախվածության բուժման մաս: Դրանք չեն վերացնում ձեր օփիոիդային կախվածությունը, սակայն կարող են օգնել ձեր վերականգնմանը: Այս դեղամիջոցները կարող են նվազեցնել ապօրինի օփիոիդների նկատմամբ ձեր հակումը և օգտագործման մեծ ցանկությունը և կարող են օգնել ձեզ խուսափելու օփիոիդների օգտագործման կրկնություններից (ռեցիդիվից): Օփիոիդներից կախվածության դեղորայքային բուժման տարբերակները կարող են ներառել Բուպրենորֆին, Մեթադոն, Նալտրեքսոն և Բուպրենորֆինի և Նալոքսոնի զուգակցում:
Վարքաբանական թերապիա
Որպես թմրամիջոցներից կախվածության բուժման ծրագրի մաս, վարքաբանական թերապիան, որպես հոգեթերապիայի ձև, կարող է իրականացվել հոգեբանի կամ հոգեբույժի կողմից, կամ դուք կարող եք խորհրդատվություն ստանալ նարկոլոգի կողմից: Թերապիան և խորհրդատվությունը կարող են իրականացվել անհատի, ընտանիքի կամ խմբի հետ: Թերապևտը կամ խորհրդատուն կարող են՝
- օգնել ձեզ քայլեր մշակել՝ հաղթահարելու թմրամիջոցների օգտագործման ցանկությունը
- առաջարկել թմրամիջոցներից խուսափելու և կրկնակի օգտագործումը կանխելու մոտեցումներ
- առաջարկել, թե ինչպես վարվել թմրամիջոցի օգտագործման դեպքերում, եթե դրանք տեղի ունենան
- զրուցել ձեր աշխատանքի, իրավական խնդիրների և ընտանիքի և ընկերների հետ փոխհարաբերությունների մասին
- ներգրավել ընտանիքի անդամներին՝ օգնելու նրանց, որ զարգացնեն ավելի լավ հաղորդակցման հմտություններ և լինեն աջակցող
- անդրադառնալ ձեր հոգեկան առողջության այլ վիճակներին ու խնդիրներին:
Ինքնօգնության խմբեր
Բազմաթիվ, թեև ոչ բոլոր ինքնօգնության խմբերն օգտագործում են 12 քայլից բաղկացած մոդելը, որն առաջին անգամ մշակվել է անանուն ալկոհոլիկների կողմից: Ինքնօգնության աջակցման խմբերը, ինչպիսիք են անանուն թմրամոլները, օգնում են թմրամիջոցներից կախվածություն ունեցող մարդկանց, որ ի վերջո ազատվեն ապօրինի թմրամիջոցներից:
Ինքնօգնության խմբի ուղերձն այն է, որ կախվածությունը քրոնիկ խանգարում է, որը կարող է ժամանակ առ ժամանակ բերել ապօրինի թմրամիջոցների օգտագործման կրկնությունների՝ ռելափսների: Ինքնօգնության խմբերը կարող են նվազեցնել ամոթի և մեկուսացման զգացումը, որը կարող է հանգեցնել նման իրավիճաների:
Ձեր թերապևտը կամ խորհրդատուն կարող են օգնել ձեզ, որ գտնեք նմանատիպ ինքնօգնության խումբ: Դուք կարող եք նաև գտնել փոխօգնության խմբեր ձեր համայնքում կամ ինտերնետում, որը հայաստանյան պայմաններում դեռևս բացակայում է:
Շարունակական բուժում
Նույնիսկ նախնական բուժումն ավարտելուց հետո, շարունակական բուժումը և աջակցությունը կարող են օգնել կանխելու ռեցիդիվը: Հետևողական խնամքը կարող է ներառել պարբերական հանդիպումներ ձեր խորհրդատուի հետ, ինքնօգնության ծրագրին հետևելը կամ խմբային կանոնավոր նիստին հաճախելը: Անմիջապես օգնություն խնդրեք, եթե ռեցիդիվ ունեք:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-03-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024