Դիսլեքսիայի նշանները կարող են լինել դժվար ճանաչելի, քանի դեռ երեխան դպրոց չի ընդունվել, սակայն որոշ վաղ նշաններ կարող են հուշել խնդրի առկայության մասին:
Երբ երեխան հասնի դպրոցական տարիքին, նրա ուսուցիչը կարող է լինել առաջինը, ով նկատում է խնդիրը: Ծանրության աստիճանը տարբեր է, սակայն վիճակը հաճախ ակնհայտ է դառնում, երբ երեխան սկսում է կարդալ սովորել:
Նախադպրոցական տարիք
Մանկահասակ երեխայի մոտ դիսլեքսիայի ռիսկի մասին կարող են վկայել հետևյալ նշանները՝
- խոսքի ուշ սկիզբ
- նոր բառեր սովորելու դժվարացում
- բառերը ճիշտ կազմելու խնդիրներ, ինչպիսիք են բառերի մեջ հնչյունների հակառակ, հայելային արտաբերումը կամ միանման հնչող բառերը միմյանց հետ շփոթելը
- տառերը, թվերը և գույները հիշելու, մտաբերելու կամ իրենց անուններով կոչելու հետ կապված խնդիրներ
- մանկական ոտանավորներ սովորելու կամ հանգավոր խաղեր խաղալու դժվարություն:
Դպրոցական տարիք
Երբ երեխան սկսում է հաճախել դպրոց, դիսլեքսիայի ախտանիշները կարող են դառնալ ավելի ակնհայտ: Օրինակներից են՝
- իր տարիքի ակնկալվող մակարդակից ցածր կարդացողություն
- կարդացածը կամ լսածը հասկանալու հետ կապված խնդիրներ
- ճիշտ բառեր գտնելու կամ հարցերին պատասխաններ ձևակերպելու դժվարություն
- իրերի հաջորդականությունը հիշելու հետ կապված խնդիրներ
- տառերի և բառերի միջև նմանություններ և տարբերություններ տեսնելու (և հազվադեպ՝ լսելու) դժվարություն
- անծանոթ բառերի արտասանությունը հնչեցնելու անկարողություն
- բառերը տառ առ տառ արտաբերելու դժվարություն
- կարդալ կամ գրել ներառող խնդիրների լուծմանն անսովոր երկար ժամանակի հատկացում
- այնպիսի գործերից խուսափում, որոնք նախատեսում են կարդալ:
Դեռահասներ և չափահասներ
Դեռահասների և չափահասների մոտ դիսլեքսիայի նշանները մեծամասամբ նմանվում են երեխաների մոտ գրանցվող ախտանիշներին: Դեռահասների և չափահասների շրջանում դիսլեքսիայի որոշ ընդհանուր ախտանիշները ներառում են հետևյալը՝
- կարդալու, այդ թվում՝ բարձրաձայն կարդալու դժվարություն
- ավելի դանդաղ և ավելի մեծ ջանք պահանջող գրել ու կարդալը
- բառերը տառ առ տառ արտաբերելու դժվարություն
- այնպիսի գործերից խուսափում, որոնք նախատեսում են կարդալ
- անվանումների կամ բառերի սխալ արտասանում կամ ճիշտ բառեր գտնելու հետ կապված խնդիրներ
- կարդալ կամ գրել ներառող խնդիրների լուծմանն անսովոր երկար ժամանակի հատկացում
- պատմություններն ամփոփելու (հակիրճ ներկայացնելու) դժվարություն
- օտար լեզու սովորելու հետ կապված խնդիրներ
- մաթեմատիկական բառային խնդիրներ լուծելու դժվարություն:
Ե՞րբ դիմել բժշկին
Երեխաների մեծամասնությունը պատրաստ է կարդալ սովորելուն արդեն մանկապարտեզում կամ առաջին դասարանում, սակայն դիսլեքսիա ունեցող երեխաներն այդ տարիքում հաճախ դժվարանում են կարդալ սովորել: Խոսեք ձեր բժշկի հետ, եթե ձեր երեխայի կարդացողության մակարդակը ցածր է նրա տարիքի համար ակնկալվողից կամ եթե նկատում եք դիսլեքսիայի այլ նշաններ:
Երբ դիսլեքսիան չի ախտորոշվում և չի բուժվում, մանկական տարիքում կարդալու հետ կապված դժվարությունները շարունակվում են մինչև հասուն տարիք:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024