Դիսլեքսիայի առաջացմանը նպաստող գլխուղեղային անհատական տարբերությունները շտկելու հայտնի միջոց չկա:
Այնուամենայնիվ, այս վիճակի վաղ հայտնաբերումը, հատուկ կարիքների գնահատումը և համապատասխան բուժումը կարող են բարելավել հաջողությունը: Շատ դեպքերում բուժումը կարող է օգնել երեխաներին, որ դառնան գրագետ կարդացող:
Կրթական մեթոդներ
Դիսլեքսիան բուժվում է հատուկ կրթական մոտեցումների և մեթոդների կիրառմամբ, և որքան շուտ սկսվեն դրանք, այնքան լավ: Կարդալու և այլ ուսումնական հմտությունների և հոգեկան առողջության գնահատումը կօգնի ձեր երեխայի ուսուցիչներին, որ մշակեն անհատական ուսուցման ծրագիր:
Ուսուցիչները կարող են օգտագործել լսողության, տեսողության և հպման տեխնիկաներ՝ երեխայի կարդալու հմտությունները բարելավելու համար: Մի քանի զգայարանների օգտագործմամբ սովորելու մեթոդը, օրինակ՝ ձայնագրությամբ դաս լսելը և լսված տառերի ձևին և բառերին մատով հետևելը, կարող է օգնել երեխայի ստացած տեղեկատվության մշակմանը:
Բուժումը կենտրոնանում է հետևյալ խնդիրների լուծման վրա՝
- սովորել, թե ինչպես ճանաչել և օգտագործել բառերը կազմող ամենափոքր տարրերը՝ հնչյունները
- հասկանալ, որ տառերը և տառերի շարքն իրենցից ներկայացնում են այս հնչյուններն ու բառերը (հնչյունաբանություն)
- հասկանալ կարդացածը (ըմբռնում)
- բարձրաձայն կարդալ՝ կարդալու ճշտությունը, արագությունը և սահունությունը զարգացնելու համար
- ստեղծել ճանաչված և հասկացված բառերի բառապաշար:
Հնարավորության դեպքում կարդացողության մասնագետի հետ կրկնուսուցումը կարող է օգտակար լինել դիսլեքսիա ունեցող բազմաթիվ երեխաների համար: Եթե ձեր երեխան ունի կարդալու ունակության ծանր կորուստ, կրկնուսուցման դասերը կարող են ավելի հաճախակի կազմակերպվել, իսկ առաջընթացը կարող է ավելի դանդաղ նկատվել:
Անհատական կրթական ծրագիր
Միացյալ Նահանգներում և որոշ այլ երկրներում դպրոցներն ունեն համապատասխան քայլեր ձեռնարկելու իրավական պարտավորություն՝ ուղղված դիսլեքսիա ախտորոշված երեխաների ուսման հետ կապված խնդիրների լուծման օժանդակությանը: Խոսեք ձեր երեխայի ուսուցչի հետ մոտակա հանդիպման և գրավոր ծրագիր կազմելու մասին, որը ներկայացնում է ձեր երեխայի կարիքները և այն, թե ինչպես կարող է դպրոցը օգնել ձեր երեխայի հաջողությանը: Սա կոչվում է Անհատականացված կրթական ծրագիր:
Վաղ բուժում
Դիսլեքսիա ունեցող երեխաները, ովքեր լրացուցիչ օգնություն են ստանում մանկապարտեզում կամ առաջին դասարանում, հաճախ լավացնում են իրենց կարդալու հմտությունները և կարողանում են հաջողության հասնել հետագա տարիներին և ավագ դպրոցում:
Այն երեխաները, ովքեր չեն ստանում օգնություն մինչև ավելի ուշ դասարաններ, կարող են ավելի մեծ դժվարություններ ունենալ լավ կարդալու համար անհրաժեշտ հմտությունները սովորելու համար: Նրանք, ամենայն հավանականությամբ, հետ կմնան ուսումնական առաջադիմությունից և երբեք չեն կարողանա հավասարվել իրենց հասակակիցներին: Ծանր դիսլեքսիա ունեցող երեխան երբեք չի կարող հեշտ կարդալ: Բայց երեխան կարող է սովորել հմտություններ, որոնք բարելավում են կարդալու ունակությունը և մշակում մոտեցումներ՝ բարելավելու դպրոցական առաջադիմությունը և կյանքի որակը:
Ինչ կարող են անել ծնողները
Դուք առանցքային դեր ունեք ձեր երեխայի հաջողության հասնելու գործում։ Ուստի, դուք կարող եք ձեռնարկել հետևյալ քայլերը։
- Վաղ հասցեագրեք խնդիրը․ եթե կասկածում եք, որ ձեր երեխան ունի դիսլեքսիա, խոսեք նրա բժշկի հետ: Վաղ միջամտությունը կարող է բարելավել նրա կարդալու ունակությունը:
- Բարձրաձայն կարդացեք ձեր երեխայի հետ․ ավելի լավ է սկսել, երբ ձեր երեխան փոքր է, սակայն սկսելը երբեք ուշ չէ: Մանկահասակ երեխաներին գրքերը որպես խաղալիք ներկայացնելը խրախուսում է նրանց սովորելը և հաղորդակցումը: Կարդացեք հեքիաթներ ձեր երեխայի համար: Փորձեք նաև ձեր երեխայի հետ ձայնագրված գրքեր լսել: Երբ ձեր երեխան բավական մեծ է, աուդոգրքերը լսելուց հետո միասին կարդացեք նույն հեքիաթները կամ պատմվածքները:
- Աշխատեք ձեր երեխայի դպրոցի հետ․ խոսեք ուսուցչի հետ այն մասին, թե ինչպես կարող է դպրոցը օգնել ձեր երեխայի խնդիրների լուծմանը: Հիշեք, որ դուք ձեր երեխայի լավագույն պաշտպանն եք:
- Խրախուսեք, որ ձեր երեխան ավելի շատ կարդա․ ամեն օր ժամանակ հատկացրեք երեխայի հետ կարդալու համար: Կարդալու հմտությունները բարելավելու համար երեխան պետք է սովորի կարդալ: Խրախուսեք ձեր երեխային, որ կարդա, որն էլ կզարգացնի նրա կարդալու հմտությունները: Նաև խնդրեք ձեր երեխային, որ բարձրաձայն կարդա ձեզ համար:
- Ձեր երեխայի համար դարձեք ընթերցող մարդու օրինակ․ ամեն օր որոշակի ժամանակ հատկացրեք՝ ինքներդ ձեզ համար կարդալու ինչ-որ բան, քանի դեռ ձեր երեխան նույնպես զբաղված է կարդալով. Սա օրինակ է ծառայում ձեր երեխայի համար և խրախուսում է նրան, որ ինքը նույնպես զբաղվի կարդալով: Ձեր օրինակով ներշնչեք ձեր երեխային, որ կարդալը հաճելի զբաղմունք է:
Ինչ կարող են անել դիսլեքսիա ունեցող չափահասները
Աշխատանքում հաջողության հասնելը կարող է դժվար լինել դիսլեքսիա ունեցող չափահաս անձանց համար: Ձեր նպատակներին հասնելու համար՝
- անկախ ձեր տարիքից, դիմեք կարդալու և գրելու հմտությունների զարգացման մասնագիտացված ծառայությունների օգնությանը
- դիմեք ուսուցման և այլ օժանդակության ծրագերին մասնակցելու համար:
Ուսումնական խնդիրներ ունենալը դեռ չի նշանակում, որ դիսլեքսիա ունեցող մարդը չի կարող հաջողության հասնել: Դիսլեքսիա ունեցող, սակայն ընդունակ ուսանողները կարող են մեծ հաջողություն ունենալ, եթե ճիշտ օգտագործեն միջոցները: Դիսլեքսիա ունեցող բազմաթիվ մարդիկ ունեն ստեղծագործական ունակություններ և կարող են հաջողության հասնել մաթեմատիկայի, գիտության կամ արվեստի բնագավառներում:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024