Ձեր ականջների ծծումբն արտադրվում է արտաքին լսողական անցուղին ծածկող մաշկի ճարպագեղձերի կողմից:
Այս անցուղիների ծծումբը և մանր մազիկները պահում՝ թակարդում են փոշին, կեղտը և վարակները, որոնք կարող են վնասել ականջի ավելի խորը շրջանները, օրինակ՝ թմբկաթաղանթը:
Արտաքին լսողական անցուղու ճարպային և ծծմբային գեղձերի արտադրուկը և վերնամաշկի եղջերացած թեփուկներն առաջացնում են ականջի գեջ, որը բնական կերպով դուրս է գալիս ականջից՝ իր հետ դուրս հանելով նաև կեղտը և մաշկի մահացած բջիջները: Ձեր ստորին ծնոտի շարժումները (օրինակ՝ ծամելիս կամ խոսելիս) օգնում են ականջի գեջի դուրս գալուն: Դուք սովորաբար չեք նկատում ականջի ծծմբի կամ գեջի դուրս գալը, քանի որ լոգանք կամ ցնցուղ ընդունելիս լսողական անցքի շրջակայքից դրանք լվացվում-հեռացվում են կամ ինքնուրույն դուրս են ընկնում, քանի որ փոխարինվում են նոր ծծմբով:
Ականջի ծծմբի գույնը կարող է լինել փոփոխական՝ սկսած բաց դեղնավունից մինչև մուգ շագանակագույն:
Եթե ձեր ականջները չափազանց շատ ծծումբ են արտադրում կամ եթե ականջի ծծումբը բավականաչափ լավ չի մաքրվում, այն կարող է կուտակվել և խցանել ձեր ականջի արտաքին լսողական անցուղին:
Ծծմբային խցանումը հաճախ առաջանում է, երբ մարդիկ փորձում են ինքնուրույն դուրս հանել ականջի ծծումբը՝ օգտագործելով բամբակյա ձողիկ կամ այլ բարակ իրեր: Սա սովորաբար ականջի մեջ խցանն ավելի խորն է հրում, այլ ոչ թե հեռացնում է այն:
Ռիսկի գործոններ
Ականջի ծծմբային խցանումը կարող է պատահել յուրաքանչյուրի հետ: Երեխաների մոտ 10%-ը և չափահասների 5%-ն ունեն այն:
Այնուամենայնիվ, ծծմբախցանն ավելի հավանական է, որ առաջանա այն մարդկանց մոտ, ովքեր՝
- օգտագործում են լսողական սարքեր կամ ականջակալներ
- ունեն շատ ականջի մազեր
- ունեն որոշակի մաշկային հիվանդություններ, ինչպիսին է էկզեման
- ականջների մեջ դնում են բամբակյա խծուծներ կամ այլ իրեր
- 55 տարեկանից մեծ են
- ունեն զարգացման խանգարումներ
- ունեն սխալ ձևավորված, օրինակ՝ նեղացած ականջի անցուղիներ, որոնք խանգարում են ծծմբի բնական հեռացումը:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024