Արտաքին լսողական անցուղում ականջի ծծմբի (ականջագեջ) չափազանց մեծ քանակության կուտակումը կարող է առաջացնել անհարմարավետություն և այլ խնդիրներ:
Ականջի ծծմբային խցանի գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել հետևյալը:
- ականջի ցավ
- ականջի մեջ լցվածության զգացում
- ականջում զնգոց կամ աղմուկներ (տինիտուս)
- ծանրալսություն կամ լսողության կորուստ
- գլխապտույտ
- հազ
- քոր ականջի մեջ
- ականջից հոտ կամ արտադրություն
- ցավ կամ վարակ ականջի մեջ:
Ե՞րբ դիմել բժշկին
Ականջի ծծմբի խցանումը, որը չունի ախտանիշներ, երբեմն կարող է ինքնուրույն վերանալ: Այնուամենայնիվ, եթե ունեք ականջի ծծմբային խցանի գանգատներ և ախտանիշներ, խոսեք ձեր բժշկի հետ:
Գանգատներն ու ախտանիշները կարող են վկայել մեկ այլ վիճակի մասին: Ոչ մի կերպ հնարավոր չէ իմանալ, թե արդյոք դուք ունեք չափազանց շատ ականջի ծծումբ (ականջագեջ), քանի դեռ ձեր բժիշկը չի զննել (դիտել) ձեր արտաքին լսողական անցուղիները: Գանգատներ և ախտանիշներ ունենալը, ինչպիսիք են ականջի ցավը կամ լսողության կորուստը, միշտ չէ, որ նշանակում է, որ դուք ունեք ականջի ծծմբի կուտակում կամ ծծմբախցան: Դուք կարող եք ունենալ մեկ այլ առողջական խնդիր, որն ուշադրության և բուժման կարիք ունի:
Ծծմբախցանի հեռացումն ամենաանվտանգ կերպով կատարվում է բուժաշխատողի կողմից: Ձեր արտաքին լսողական անցուղին և թմբկաթաղանթը նուրբ են և կարող են հեշտությամբ վնասվել: Մի՛ փորձեք ինքներդ հեռացնել ականջի ծծումբը` ականջի անցուղու մեջ որևէ բարակ, առավել ևս՝ սրածայր բան մտցնելով, հատկապես, եթե ականջի վիրահատության եք ենթարկվել, ունեք ականջի թմբկաթաղանթի անցք (պերֆորացիա), ականջի ցավ կամ արտադրություն:
Երեխաների ականջները սովորաբար ստուգվում են բժշկական այցերի ժամանակ: Անհրաժեշտության դեպքում բժիշկը կարող է ձեր երեխայի ականջի ավելցուկային ծծումբը հեռացնել հերթական այցելության ժամանակ:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024