Խուսափեք հոգնաներից կամ լուծողականներ օգտագործելուց, ներառյալ բուսական կամ հոմեոպաթիկ արտադրանքները, առանց նախապես ձեր երեխայի բժշկի հետ խոսելու:
Երբ ձեր երեխան բուժվում է ակամա կղումից, կարևոր է, որ դուք խրախուսեք աղիքների կանոնավոր դատարկումները: Այս խորհուրդները կարող են օգնել:
- Կենտրոնացեք բջջանքի (բջջանյութի) վրա. կերակրեք ձեր երեխային հավասարակշռված սննդակարգով, որը ներառում է շատ մրգեր, բանջարեղեն, ամբողջահատիկ ձավարեղեն և բջջանյութով հարուստ այլ մթերքներ, որոնք կարող են օգնել փափուկ կղանքի ձևավորմանը:
- Խրախուսեք ձեր երեխային, որ ջուր խմի. բավականաչափ ջուր խմելն օգնում է, որ կղանքը չպնդանա ու չկարծրանա: Այլ հեղուկները կարող են օգնել, սակայն հետևեք կալորիաներին:
- Սահմանեք զուգարանից օգտվելու ռեժիմ. թող ձեր երեխան ամեն օր կանոնավոր ժամերին նստի զուգարանակոնքի վրա 5-10 րոպե: Լավագույն ժամն ուտելուց հետո է, քանի որ սնվելուց հետո աղիքներն ավելի ակտիվ են դառնում: Գովաբանեք ձեր երեխային, որ նստել է զուգարանակոնքի վրա, ինչպես պահանջվել է իրենից, և փորձում է ինքնուրույն լուծել իր խնդիրը:
- Զուգարանակոնքի մոտ դրեք ոտնակ. սա կարող է զուգանակից օգտվելը ձեր երեխայի համար ավելի հարմարավետ դարձնել, իսկ նրա ոտքերի դիրքը փոխելը կարող է ավելի մեծ ճնշում գործադրել որովայնի վրա՝ հեշտացնելով աղիների դատարկումը:
- Հետևեք նախատեսված ծրագրին. աղիների նորմալ զգացողության և գործունեության վերականգնումը, ինչպես նաև նոր սովորությունների զարգացումը կարող է ամիսներ տևել: Ծրագրին հետևելը նաև կարող է նվազեցնել վիճակի սրացումները:
- Եղեք քաջալերող և դրական. երբ դուք օգնում եք ձեր երեխային հաղթահարելու ակամա կղումը, եղեք համբերատար և օգտագործեք դրական խրախուսում: Մի՛ մեղադրեք, մի՛ քննադատեք կամ պատժեք ձեր երեխային, եթե նա հերթական անգամ չհաջողի: Դրա փոխարեն, առաջարկեք ձեր անվերապահ սերն ու աջակցությունը։
- Սահմանափակեք կովի կաթը, եթե դա բժիշկն է խորհուրդ տալիս. որոշ դեպքերում կովի կաթը կարող է նպաստել փորկապության առաջացմանը, սակայն կաթնամթերքը պարունակում է նաև կարևոր սննդանյութեր, ուստի հարցրեք բժշկին, թե ձեր երեխային օրական որքան կաթնամթերք է անհրաժեշտ:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024