Ընդհանուր առմամբ, որքան շուտ սկսվի կղանքի ակամա արձակման բուժումը, այնքան լավ:
Առաջին քայլը ներառում է հաստ աղիքի մաքրումն այնտեղ պահպանված կղանքից: Դրանից հետո բուժումը կենտրոնանում է աղիքների առողջ դատարկումների խրախուսման վրա: Որոշ դեպքերում հոգեթերապիան կարող է լրացնել հիմնական բուժմանը:
Հաստ աղիքի մաքրում պահպանված կղանքից
Գոյություն ունեն հաստ աղիքի մաքրման և փորկապության թեթևացման մի քանի մեթոդներ: Ձեր երեխայի բժիշկը հավանաբար խորհուրդ կտա հետևյալներից մեկը կամ մի քանիսը՝
- որոշ լուծողականներ
- ուղիղաղիքային (հետանցքային) մոմիկներ
- հոգնաներ:
Աղիքների առողջ դատարկմների խրախուսում
Երբ հաստ աղիքն ամբողջապես մաքրվի, կարևոր է խրախուսել ձեր երեխային, որ կանոնավոր կերպով դատարկի աղիքը: Ձեր երեխայի բժիշկը կարող է խորհուրդ տալ՝
- սննդակարգի փոփոխություններ, որոնք ներառում են ավելի շատ բջջանք (բջջանյութ) ուտելը և բավարար քանակությամբ հեղուկ խմելը
- լուծողականներ՝ աստիճանաբար դադարեցնելով դրանք, երբ աղիքները վերադառնան նորմալ գործունեությանը
- ձեր երեխային սովորեցնելը, որ հնարավորիս շուտ գնա զուգարան, երբ աղիքները դատարկելու ցանկություն առաջանա
- կովի կաթից հրաժարվելու կամ կովի կաթի նկատմամբ անհանդուրժողականության ստուգման կարճ փորձարկում, եթե ցուցված է:
Վարքագծի փոփոխություն
Ձեր երեխայի բժիշկը կամ հոգեկան առողջության մասնագետը կարող է քննարկել ձեր երեխային կանոնավոր աղիքի դատարկում սովորեցնելու մեթոդները: Սա երբեմն կոչվում է վարքագծի ձևափոխում կամ աղիքների վերապատրաստում:
Ձեր երեխայի բժիշկը կարող է խորհուրդ տալ հոգեթերապիա հոգեկան առողջության մասնագետի հետ, եթե անկղապահությունը կարող է կապված լինել հուզական խնդիրների հետ: Հոգեթերապիան նաև կարող է օգտակար լինել, եթե ձեր երեխան զգում է ամոթ, մեղքի զգացում, դեպրեսիա կամ ցածր ինքնագնահատական՝ կապված ակամա կղման հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-06-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024