Skip to main content

Պատճառներ - Իգական անպտղություն

Հղիությունը տեղի ունենալու համար անհրաժեշտ է, որ վերարտադրության գործընթացի յուրաքանչյուր քայլ ճիշտ կատարվի:

Այս գործընթացի փուլեն են՝

  • երկու ձվարաններից մեկը բաց է թողնում հասուն ձվաբջիջ
  • ձվաբջիջը վերցվում է արգանդափողի կողմից
  • սպերմատոզոիդները լողում են վերև՝ արգանդի վզիկ, որից հետո դրա միջով և արգանդի ու արգանափողի միջով շարունակում տեղափոխվել՝ հասնելով ձվաբջջին, որ բեղմնավորեն
  • բեղմնավորված ձվաբջիջը (պտղաձու) արգանդափողով իջնում է դեպի արգանդ
  • բեղմնավորված ձվաբջիջը կպչում՝ ներդրվում է արգանդի ներքին թաղանթին (իմպլանտացիա) և սկսում է աճել։

Կանանց մոտ մի շարք գործոններ կարող են խաթարել այս գործընթացը ցանկացած փուլում: Կանանց անպտղությունը պայմանավորված է ստորև բերված գործոններից մեկով կամ մի քանիսով:

Ձվազատման (օվուլյացիայի) խանգարումներ

Անպտղության դեպքերի մեծ մասի դեպքում ձվազատումը տեղի է ունենում հազվադեպ կամ ընդհանրապես բացակայում է: Ենթատեսաթմբի (հիպոթալամուս) կամ մակուղեղի (հիպոֆիզի) կողմից վերարտադրողական հորմոնների կարգավորման հետ կամ ձվարանների հետ կապված խնդիրները կարող են առաջացնել ձվազատման խանգարումներ:

  • Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ (ՊՁՀ). ՊՁՀ-ն առաջացնում է հորմոնային անհավասարակշռություն, որն ազդում է ձվազատման վրա: ՊՁՀ-ը կապված է ինսուլինի նկատմամբ կայունության և գիրության, դեմքին կամ մարմնին մազերի ոչ նորմալ աճի և ակնեի առաջացման հետ (պզուկ): Սա կանանց անպտղության ամենատարածված պատճառն է:
  • Հիպոթալամուսային գործունեության խանգարում (դիսֆունկցիա). մակուղեղի կողմից արտադրվող երկու հորմոններ պատասխանատու են ձվազատման ամենամսյա խթանման համար: Դրանք են՝ ֆոլիկուլախթանիչ հորմոն (FSH) և լյուտեինացնող հորմոն (LH): Չափից դուրս շատ ֆիզիկական կամ հուզական լարվածությունը, մարմնի շատ բարձր կամ շատ ցածր քաշը կամ վերջերս քաշի զգալի ավելացումը կամ կորուստը կարող են խաթարել այս հորմոնների արտադրությունը և ազդել ձվազատման վրա: Անկանոն կամ բացակայող դաշտանները ամենատարածված նշաններն են:
  • Առաջնային ձվարանային անբավարարություն. սա նաև կոչվում է վաղաժամ ձվարանային անբավարարություն և սովորաբար առաջանում է աուտոիմուն ռեակցիայից կամ ձեր ձվարանից ձվաբջիջների վաղաժամ ազատվելու, հնարավոր է նաև՝ գենետիկայի կամ քիմիոթերապիայի հետևանքով: Ձվարանն այլևս ձվաբջիջ չի արտադրում, որն էլ իր հերթին նվազեցնում է էստրոգենի արտադրությունը մինչև 40 տարեկան կանանց մոտ:
  • Չափից շատ պրոլակտին: հիպոֆիզը կարող է առաջացնել պրոլակտինի ավելցուկային արտադրություն (հիպերպրոլակտինեմիա), որը նվազեցնում է էստրոգենի արտադրությունը և կարող է առաջացնել անպտղություն։ Դա նաև կարող է պայմանավորված լինել այն դեղամիջոցներով, որոնք ընդունում եք մեկ այլ հիվանդության համար:

Ֆալոպյան փողերի վնասում (փողային անպտղություն)

Վնասված կամ խցանված Ֆալոպյան փողերը (արգանդափողեր) թույլ չեն տալիս, որ սպերմատոզոիդները հասնեն ձվաբջիջ կամ արգելափակում են բեղմնավորված ձվաբջջի անցումը դեպի արգանդ: Ֆալոպյան խողովակի վնասման կամ խցանման պատճառները կարող են ներառել հետևյալը՝

  • փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություն (ՓԿՕԲՀ), արգանդի և արգանդափողերի վարակ քլամիդիայով, գոնորեայով կամ սեռական ճանապարհով փոխանցվող այլ վարակներով
  • նախկին վիրահատություն որովայնի կամ կոնքի շրջանում, ներառյալ արտարգանդային հղիության կապակցությամբ վիրահատություն, երբ բեղմնավորված ձվաբջիջը տեղադրվում և զարգանում է արգանդից դուրս այլ տեղ, սովորաբար՝ արգանդափողում:

էնդոմետրիոզ

Էնդոմետրիոզը տեղի է ունենում, երբ սովորաբար արգանդում աճող հյուսվածքը ներդրվում և աճում է այլ վայրերում: Այս հավելյալ հյուսվածքի աճը և դրա վիրահատական հեռացումը կարող են առաջացնել սպիներ, որոնք կարող են արգելափակել արգանդափողերը և խոչընդոտել ձվաբջիջի ու սպերմատոզոիդի միավորումը:

Էնդոմետրիոզը նաև կարող է խաթարել բեղմնավորված ձվաբջջի իմպլանտացիան: Ըստ երևույթին, հիվանդությունը նաև ազդում է պտղաբերության վրա ոչ այնքան ուղղակի ձևերով, ինչպիսիք են սպերմատոզոիդի կամ ձվաբջջի վնասումը:

Արգանդային կամ վզիկային (ցերվիկալ) պատճառներ

Արգանդային կամ արգանդի վզիկային մի քանի պատճառներ կարող են խանգարել բեղմնավորված ձվաբջջի իմպլանտացիային կամ մեծացնել վիժման վտանգը:

  • Արգանդի մեջ հաճախ հանդիպում են բարորակ պոլիպներ կամ ուռուցքներ (ֆիբրոդներ կամ միոմաներ): Դրանք կարող են արգելափակել արգանդափողերը կամ խանգարել իմպլանտացիային՝ ազդելով պտղաբերության վրա: Այնուամենայնիվ, շատ կանայք, ովքեր ունեն ֆիբրոդներ կամ պոլիպներ, կարողանում են հղիանալ:
  • Ծննդյան օրից առկա (բնածին) արգանդի հետ կապված խնդիրները, ինչպիսին է անսովոր ձևի արգանդը, կարող են հղիանալու կամ հղիության պահպանման հետ կապված խնդիրներ առաջացնել:
  • Արգանդի վզիկի նեղացումը՝ ցերվիկալ սթենոզը, կարող է առաջանալ զարգացման ժառանգական արատով կամ արգանդի վզիկի վնասվածքով:

Երբեմն արգանդի վզիկը չի կարող արտադրել լորձի լավագույն տեսակը, որը թույլ է տալիս սպերմատոզոիդներին արգանդի վզիկի միջով անցնել դեպի արգանդ:

Անբացատրելի անպտղություն

Որոշ դեպքերում անպտղության պատճառն այդպես էլ չի հայտնաբերվում: Երկու զուգընկերների մոտ մի քանի աննշան գործոնների համակցությունը կարող է առաջացնել պտղաբերության հետ կապված անբացատրելի խնդիրներ: Թեև կոնկրետ պատասխանի բացակայությունը հիասթափեցնող է, այս խնդիրը կարող է ժամանակի ընթացքում ինքնուրույն շտկվել: Բայց չարժե այս հույսով հետաձգել անպտղության բուժումը:

Ռիսկի գործոններ

Որոշ գործոններ կարող են բարձրացնել ձեզ անպտղության ռիսկը:

  • Տարիք. տարիքի հետ կնոջ ձվաբջիջների որակն ու քանակը սկսում է նվազել։ 35 տարեկանի կողմցերը ֆոլիկուլների կորստի արագությունը մեծանում է, որը հանգեցնում է ավելի քիչ և վատ որակի ձվաբջիջների: Սա ավելի է դժվարացնում բեղմնավորումը և մեծացնում վիժման վտանգը:
  • Ծխելը. արգանդի վզիկի և արգանդափողերի վնասումից բացի, ծխելը նաև մեծացնում է վիժման և արտաարգանդային հղիության ռիսկը: Ենթադրվում է, որ այն նաև ծերացնում է ձեր ձվարանները և վաղաժամ սպառում ձեր ձվաբջիջները: Դադարեցրեք ծխելը նախքան պտղաբերության բուժումը սկսելը:
  • Քաշ. ավելորդ քաշը կամ զգալի ցածր քաշը կարող են ազդել ձվազատման վրա: Առողջ մարմնի զանգվածի գործակցին (ՄԶԳ) հասնելը կարող է մեծացնել ձվազատման հաճախականությունը և հղիության հավանականությունը:
  • Սեռական պատմություն (անամնեզ). սեռական ճանապարհով փոխանցվող վարակները, ինչպիսիք են քլամիդիան և գոնորեան, կարող են վնասել արգանդափողերը: Մի քանի զուգընկերների հետ անպաշտպան սեռական հարաբերություններով զբաղվելը մեծացնում է սեռական ճանապարհով փոխանցվող վարակի ռիսկը, որը հետագայում կարող է առաջացնել պտղաբերության հետ կապված խնդիրներ:
  • Ալկոհոլ. ալկոհոլի մեծ քանակների օգտագործումը կարող է նվազեցնել պտղաբերությունը:

Հոդվածը հրապարակվել է՝ 12-02-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024