Եթե չեք կարողացել հղիանալ ողջամիտ ժամկետում, դիմեք ձեր բժշկին անպտղության գնահատման և բուժման համար:
Ընդ որում, գնահատում պետք է անցնեք ոչ միայն դուք, այլ նաև ձեր զուգընկերը: Բժիշկը ձեզնից մանրամասն անամնեզ կհավաքի և բուժզննում կանցկացնի:
Պտղաբերության թեստերը կարող են ներառել հետևյալը:
- Ձվազատման թեստ. տնային պայմաններում ձվազատման (օվուլյացիայի) կանխատեսման հավաքածուն հայտնաբերում է լյուտեինացնող հորմոնի (LH) աճը, որը տեղի է ունենում ձվազատումից առաջ: Ի լրումն, ձվազատումից հետո արտադրվող հորմոնի՝ պրոգեստերոնի արյան թեստը կարող է փաստել, որ դուք ձվազատում եք ունենում: Այլ հորմոնների մակարդակները, ինչպիսին է պրոլակտինը, նույնպես կարող են ստուգվել:
- Հիստերոսալպինոգրաֆիա. հիստերոսալպինգոգրաֆիայի ժամանակ ձեր արգանդի մեջ ներմուծվում է ռենտգենյան գունանյութ (կոնտրաստ) է և կատարվում է ռենտգեն՝ ստուգելու արգանդի ներսում առկա խնդիրները: Հետազոտությունը նաև ցույց է տալիս, թե արդյոք հեղուկը դուրս է գալիս արգանդից և թափվում ձեր արգանդափողերից: Եթե որևէ խնդիր հայտնաբերվի, դուք, հավանաբար, լրացուցիչ հետազոտության կարիք կունենաք:
- Ձվարանների պաշարների հետազոտություն. այս հետազոտությունն օգնում է որոշելու ձվազատման համար հասանելի ձվաբջիջների որակը և քանակը: Կանայք, ովքեր ունեն ձվաբջիջների պաշարների սպառման ռիսկ, ներառյալ՝ 35 տարեկանից բարձր կանայք, կարող են անցնել արյան թեստերի և պատկերային հետազոտությունների այս շարքը:
- Այլ հորմոնների թեստ. որոշ դեպքերում ձեր բժիշկը կարող է առաջարկել վերարտադրողական գործընթացները հսկող ձվազատման, ինչպես նաև վահանաձև գեղձի և մակուղեղի (հիպոֆիզ) հորմոնների մակարդակների ստուգում:
- Պատկերային հետազոտություններ. փոքր կոնքի օրգանների գերձայնային հետազոտությունը (սոնոգրաֆիա) փնտրում է արգանդի կամ արգանդափողի հիվանդություն: Երբեմն օգտագործվում է սոնոհիստերոգրաֆիա, որը նաև կոչվում է աղային ինֆուզիոն սոնոգրաֆիա կամ հիստերոսկոպիա, որոնք թույլ են տալիս տեսնել արգանդի ներսում մանրամասներ, որոնք սովորական գերձայնային հետազոտությամբ կարող են չերևալ:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-02-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024